Հովնանյան հիմնադրամի հետ համագործակցությամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջնականապես հստակեցրել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (Փետրվար 11, 2022) – Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հետ համագործակցությամբ` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հստակեցրել է առաջիկայում Երևանում գործող Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը: Կառավարության որոշմամբ պաշտոնապես հաստատվել է գործընկերությունը, և ամուր հիմքեր են դրվել նշյալ համապարփակ ռեսուրսային կենտրոնի ստեղծման հաջորդ քայլերի իրականացման համար:
Զանգվածային հայրենադարձությունը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն և գիտակցելով այն դժվարությունները, որոնց բախվում են շատ հայրենադարձներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնեց այս ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել և դյուրացնել հայրենադարձների ներգրավումը հայաստանյան հասարակական կյանքին: Ի աջակցություն այս նախաձեռնության՝ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն անվճար հիմունքներով կտրամադրի ավելի քան 300 քառակուսի մետր տարածք Կենտրոնի գործունեության համար։
«Մենք երախտապարտ ենք Հովնանյան հիմնադրամի հետ այս համագործակցության համար և անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքներին», – նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Հովնանյան հիմնադրամը տարիներով ոչ միայն լայնածավալ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը, այլև հովանավորել է այն կազմակերպություններին, որոնք մշտապես խթանել են հայրենադարձությունը»։
Հայրենադարձներին աջակցելու նպատակով Կենտրոնը ինտեգրման աջակցման մասնագետների է կցելու անհատներին և ընտանիքներին՝ հայրենադարձման ողջ գործընթացի ընթացքում անհատական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինտեգրման աջակցման մասնագետները հայրենադարձներին խորհրդատվություն կտրամադրեն և գործնական աջակցություն կցուցաբերեն մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ քաղաքացիության և կացության կարգավիճակ, իրավական հարցեր, կրթություն և մշակույթ, հարկեր և գրանցում, աշխատանքի տեղավորում, բանկային, ֆինանսական և այլ հարցեր: Կենտրոնի ծառայությունները հասանելի են լինելու հետևյալ լեզուներով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն: Ավելին, Կենտրոնը կտրամադրի արևելահայերենի անվճար դասընթացներ, ինչպես նաև կօգնի բարեկամական կապեր հաստատել տեղի և հայրենադարձ համայնքների միջև, կկազմակերպի ֆորումներ, կապեր հաստատելու նպատակով միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Մինչ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական գործարկումը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենադարձության գործընթացի հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ