Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական թիրախում ՀՀ սահմանադրությունն է․ այդ հանձնաժողովն անկախության հռչակագրի մասը թողնելո՞ւ է անփոփոխ»

Փետրվար 11,2022 20:11

«Չավուշօղլուն ասում է, որ ՀՀ-ն պետք է դասեր քաղի պատերազմից, եւ եթե քաղել է, ուրեմն մենք կկարողանանք հարաբերություններ հաստատել․․․Սա դիվանագիտության ամենակոպիտ վիրավորանքն է, որ կարող է լինել, բայց ՀՀ իշխանության մոտ Ալիեւը կամ Էրդողանը կարծես թե թշնամու ընկալում չունեն»,-«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում բայրաքթարների տակ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ «Իշխանություններն արագ արձագանքում են նախկին նախագահներին, գեներալներին, Աշոտ երկաթին, բայց տարօրինակ զուգադիպությամբ՝ արտաքին եւ ներքին շրջանակների թիրախները նույն մարդիկ են՝ հայրենիքի մի մասն ազատագրողները»,-նկատեց նա։

Ռուբեն Մելքոնյանն ուշադրություն հրավիրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վրա, որ Երասխից մինչեւ Հորադիզ կառուցվելիք երկաթուղին լինելու է միջազգային բեռնափոխադրումների ուղի․ «Առանց զգացմունքների եւ քաղաքական ձեւակերպումների ասեմ, որ խաբում են, ստում են իշխանությունները։ Դա զուտ ճանապարհ չի, այդ ճանապարհով Սյունիքը զավթելու են։ Ալիեւի թիվ մեկ թիրախը Նժդեհն էր, որը պահեց Սյունիքը։ Խորհրդային Ադրբեջանը միշտ ցանկացել է այդ ճանապարհն ունենալ։ Խորհրդային ՀՀ-ի բոլոր ղեկավարները խոչընդոտել են, որ այդ ճանապարհը կառուցվի։ Եթե  այդքան ձեռնտու ճանապարհ է եւ լավն է, ինչո՞ւ էին ՀՀ-ի կոմունիստ ղեկավարները խոչընդոտում։ Ուստի այստեղ տնտեսական շահ տեսնել հնարավոր չէ»։

Ռուբեն Մելքոնյանը նաեւ շեշտեց, որ թուրքական թիրախներից մեկը ՀՀ Սահմանադրությունն է․ «Ալիեւին ասում է, որ  ՀՀ -Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն, երբ ՀՀ-ն վերանայի իր սահմանադրությունը։ Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ թուրքերը քննադատում էին ՀՀ ՍԴ որոշումը, ըստ որի՝ որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող գերակա լինել ՀՀ սահմանադրությունից։ Ո՞րն է Սահմանադրությունում առկա թիրախը․ դա անկախության հռչակագրի այն ձեւակերպումն է, որով հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ-ի համար գերակայություն է։ Սահմանադրական փոփոխությունների շրջանակում այդ ձեւակերպումը մնալո՞ւ է անփոփոխ, թե գուցե սա թուրքական 5-րդ նախապայմանն է, որը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կարող է ի կատար ածել»։

Ռուբեն Մելքոնյանը նաեւ դիտարկումներ հայտնեց, թե ինչու նախկինում Թուրքիան չի գնացել ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատմանը եւ չի ուզեցել սահման բացել․ «Որովհետեւ պայմաններն իր համար ձեռնտու չեն եղել։ Հիմա ի՞նչն է փոխվել, որ Թուրքիան գնում է հարաբերություններ հաստատելուն, այն էլ՝ շատ արագ, որովհետեւ բացառիկ թուրքանպաստ իրավիճակ կա։ Հայ-թուրքական պատմության ընթացքում նման պայմաններ չեն եղել, ուստի թուրքական իշխանություններն արագ պետք է լուծեն իրենց հարցը»։

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հավելեց․ «Սահմանադրական բարեփոխումների գործընթացում հանրությանը կեղծ թիրախներ են տալիս։ Թիրախն իրականում սահմանադրության նախաբանն է՝ անկախության հռչակագիրը։ ԶԼՄ-ներին հորդորում եմ ֆիքսել այս հայտարարությունը։ Թիրախն այն է, որ նախաբանը հանվելու է սահմանադրությունից։ Մնացածը սովորական թիրախների շրջանակում է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28