ՓԱՐԻԶ, ՖՐԱՆՍԻԱ (Փետրվար 11, 2022) – Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում։
Փարիզյան օրակարգը մեկնարկեց Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ Գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի արձանին։ Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքում։ Այն իր ընդարձակ տարածքի մեջ է ներառում նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելեց Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարեց եկեղեցու տարածքում, հանդիպեց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշեց, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցի։ «Եկեղեցին առաքելություն է, ոչ թե շենք»,-ընդգծեց հոգևոր առաջնորդը՝ Գլխավոր հանձնակատարին ներկայացնելով թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը։
Կարդացեք նաև
Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են, սակայն ունեն նաև տարաբնույթ խնդիրներ։ Առնուվիլի «Հրանտ Դինք» վարժարան այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվեցին արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման, ինչպես նաև ուսուցիչների սակավության խնդիրները։ Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց դպրոցի ուսուցչական անձնակազմին, շրջայց կատարեց և փոքրիկ զրույց ունեցավ աշակերտների հետ։ Այժմ դպրոցն ունի շուրջ 85 աշակերտ։ Զարեհ Սինանյանը հեռավար զրույց ունեցավ նաև դպրոցի ուսմասվար Կարապետ Դաքեսյանի հետ։
Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային բարեկամության և եղբայրության համար՝ Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրեց Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ․ այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։
Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասեր»-ը ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,-նշեց քաղաքապետը։
«Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,-ընդգծեց Գլխավոր հանձնակատարը։
Ֆրանսիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը մասնակցեց «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին, որտեղ ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստանի տնտեսական հնարավորությունները, պատասխանեց ներկա գործարարների հարցերին։
Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրին Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման վերաբերյալ։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ