Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի համար ակնհայտ չէ, թե ինչու է իրենց համար օգտակար հայաստանյան սուվերենությունը»․ հարցազրույց Արմեն Դարբինյանի հետ

Փետրվար 11,2022 22:11

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ (1998-1999թթ․) Արմեն Դարբինյանի հետ հարցազրույցից հատված։

Սկիզբն՝ այստեղ

Արամ Աբրահամյան- Պատերազմի, պարտության պատճառների մասին խոսենք։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ հաճախ մենք տեխնոլոգիական մասին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում։ Այսինքն՝ Բայրաքթար, մենք ունեինք այս զենքը, նրանք՝ այն, նրանք առավելություն ունեին։ Բայց քաղաքական, պետական կազմակերպչական գործոնը կարծես մի կողմ ենք դնում։

Արմեն Դարբինյան- Պատերազմը նախ նախապատերազմյան զարգացումների արդյունք է, հետո՝ պատերազմը կառավարման անհրաժեշտություն ունեցող սուբյեկտ է։ Պատերազմը պետք է կարողանալ կառավարել։ Մենք ձախողել ենք պատերազմի կառավարումը, ուղղակի ջղաձգային ինչ-որ որոշումներ էր կայացնում քաղաքական ղեկավարությունը։ Իմ կարծիքով՝ մենք ձախողվել է պատերազմի հենց կառավարման գործընթացը՝ որ պահին կանգնեցնել, ինչպիսի որոշումներ կայացնել, որտեղ նահանջել, որտեղ՝ ինչ պահանջ դնել։ Ձախողվել է պատերազմին պատրաստվելու գործընթացը։ Ձախողվել է դիվանագիտությունը։

Ի դեպ, այն դիվանագետները, որոնք զբաղվել են այդ ամեն ինչով, չքվել են, չկան, ո՞ւր են նրանք։ Մարդիկ կան, որոնք ղեկավարել են դիվանագիտական այդ ծառայությունը, չկան այդ մարդիկ։ Ո՞ւր է Նալբանդյանն, որը տասը տարվա ընթացքում վարել է այդ գործընթացը եւ հասցրել է այն վիճակի, որից հետո փոխանցվել է Փաշինյանին եւ Փաշինյանի պնդմամբ`փոխանցվել է այնպիսի վիճակում, որ պատերազմն ուղղակի անխուսափելի էր։ Նրանք էլ ասում են՝ անխուսափելի չէր, մենք լուծել ենք, մենք կառավարում էինք, մենք հետաձգում էինք։ Սա էլ ասում է՝ դա հնարավոր չէր։

Եկանք հասանք աղետալի իրավիճակի, որ թե՛ նախկին, թե՛ ներկա քաղաքական էլիտան ընդամենն իրար վրա են գցում աղետալի պատերազմի պատասխանատվությունը, ողբալի իրավիճակը, որը ստեղծվեց հետպատերազմյան ժամանակահատվածում, եւ որեւէ ռացիոնալ եզրահանգում չեմ տեսնում։ Այսօր էլ ենք ականատես այն բանի, որ նախկին իշխանությունները փորձում են արդարանալ եւ ասել, որ ամեն ինչ ճիշտ են արել եւ որ ամեն ինչ լավ էր գնում, սրանք եկան՝ փչացրեցին։ Իմ կարծիքով՝ այդպես չէ։ Պատասխանատվություն են կրում բոլորը, բայց դրան գումարած եւ դրան զուգահեռ, իհարկե, Փաշինյանը, որը չկարողացավ կազմակերպել պատերազմի ճիշտ կառավարումը, որի հետեւանքով ունեցանք այնպիսի կորուստ, զոհեր, որ որեւէ բանով արդարացված չէ։

Ա․Ա․- Պատերազմը փոխել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը։ Ներկայիս իշխանությունն ասում է՝ Հայաստանի բոլոր երեք իշխանությունները կողմ էին Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն՝ առանց նախապայմանների։ Մենք էլ ենք կողմ, ի՞նչ եք ուզում մեզանից։

Ա․Դ․- Այստեղ նույնպես խեղաթյուրում է տեղի ունենում, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք ո՞ր Թուրքիայի մասին է խոսքը։ Եթե 90-ականների Թուրքիան ընդհանրապես չէր խառնվում ղարաբաղյան հարցի կարգավորմանը եւ դա կարծես հստակ ֆիքսված էր, այդ թվում՝ միջազգային տիրույթում, Թուրքիան չէր հանդիսանում Ղարաբաղյան հարցի կարգավորման կողմ։ Ընդամենը Մինսկի խմբի անդամ էր, բայց ինչպես մնացած երկրները, ակտիվ դերակատարում չունեին եւ նման ցանկություն կամ նման վարվելակերպ չէին դրսեւորում։ Հիմա իրավիճակն այլ է՝ նրանք անմիջականորեն մասնակցում են բոլոր գործընթացներին։ Բացի դրանից, նրանք ունեցել են անմիջական մասնակցություն պատերազմում, Թուրքիան պատերազմի կողմ է եղել եւ դա ապացուցվում է բազմաթիվ հայտարարություններով եւ գործողություններով՝ թուրքական բանակի սպաների եւ քաղաքական ղեկավարների։ Մենք գործ ունենք բացարձակ այլ Թուրքիայի հետ։ Չի կարելի ասել, որ երեսուն տարվա ընթացքում բան չի փոխվել, նախկիններն էլ էին պատրաստ առանց նախապայմանների, մենք էլ ենք պատրաստ։ Ամեն ինչ փոխվել է։ Թուրքիան դարձել է անմիջական մասնակից, եւ ըստ էության մենք պարտվել ենք Թուրքիային, եւ արդեն որպես պարտվող կողմ հարաբերությունների հաստատումը շատ մեծ տարբերություն ունի այն հարաբերությունների հաստատման հետ, որի վերաբերյալ խոսում էին նախկին իշխանությունները մինչեւ 2010-ից հետո թվականները, երբ Թուրքիան կարողացավ բավական լուրջ դերակատարում ստանձնել։ Նրանք անգամ հանդգնում են ասել, որ ռուս-ուկրաինական հնարավոր լարման խնդիրն իրենց վերաբերում է, որովհետեւ դա իրենց տարածաշրջանն է, Ուկրաինան համարում են իրենց տարածաշրջան։ Այս ընդլայնումը տեղի է ունեցել եւ իրավիճակ է փոխվել։ Ասել, որ մենք որեւէ բան չենք փոխում, մենք նույնպես պատրաստ ենք առանց նախապայմանների, սա իհարկե իրավիճակի խեղաթյուրում է։

Ա․Ա․- Հետեւաբար պե՞տք են նախապայմաններ։

Ա․Դ․-Ես կարծում եմ՝ ոչ թե նախապայման, բայց պետք է ֆիքսել սկզբնային դիրքերը, ինչպիսի՞ դիրքերից ենք մենք գնում կարգավորման, որն են մեր կարմիր գծերը։ Մենք չենք բացահայտել կարմիր գծերը, որպես պետություն, չեն ֆիքսել կարմիր գծերը, բայց գնում ենք հարաբերությունների կարգավորման։ Ես կարծում եմ, որ դա որեւէ լավ բանի չի բերի, որովհետեւ մենք գնում ենք կարգավորման պարտվածի դիրքերից, իսկ դա նշանակում է, որ այդ պարտվողականությունը շարունակվելու է։ Պարտվածի դիրքերից կարգավորման գնալը երբեք բարենպաստ վիճակ չի ստեղծելու։

Ես կարծում եմ, որ մեր կարմիր գիծը պիտի լիներ եւ կա, եւ հանրային տիրույթում դա կա՝ անկախ նրանից ինչ է հայտարարում գործող իշխանությունը, հանրային տիրույթում կա ցեղասպանության ճանաչման պահանջը։ Մենք չենք կարող դրանից հրաժարվել որպես պետություն։ Մենք չենք կարող դա բարդել Սփյուռքի վրա եւ ասել, որ սա միայն Սփյուռքի գործառույթն է, մերը չէ եւ թող Սփյուռքը հետապնդի։ Սա կատարյալ սխալ է, որովհետեւ, թեկուզ այն 27 երկրները, որոնք ճանաչել եւ դատապարտել են ցեղասպանությունը, եւ դատապարտել են մեր պետության նկատմամբ իրենց հարգանքը դրսեւորելու միտումով։ Դա բազմիցս շեշտվել է միջազգային հարաբերություններում, մենք ուղղակի ծիծաղելի ենք հանդես գալիս այդ երկրների նկատմամբ։ Եվ հիմա հայտարարել, որ դա հիմ մեր խնդիրը չէ, մենք հիմա ունենք այլ առաջնահերթություն դա նսեմացուցիչ է։ Նախկին իշխանությունները, երբ ասում էին՝ առանց նախապայմանների, դա չէր ներառում ուրացումը ցեղասպանության հարցի, ցեղասպանության հարցը կար մեր արտաքին քաղաքականության օրակարգում։

Այդ գործընթացի՝ ցեղասպանության ճանաչման վերջնական հանգրվանն այն է, որ Թուրքիան կճանաչի, որովհետեւ ամբողջ խնդիրը սա է։ Եթե Թուրքիան չի ճանաչել, մնացած բոլոր ճանաչումներն ունեն բարոյա-հոգենական արժեք։ Բայց չէ որ այդ գործընթացի ընթացքում հենց նույն Թուրքիայում ավելանում էր այն մարդկանց զանգվածը եւ նրանք կազմում են հարյուր հազարավոր թուրքեր, որոնք պատրաստ են ընդունել եւ ներողություն խնդրել դրա համար։ Ես դրան ականատես եղա Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ, երբ զանգվածային ցույցեր տեղի ունեցան Ստամբուլում «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» գրառումներով, եւ դա այն զանգվածն էր, որն ընդլայնվելու միտում ուներ, որովհետեւ նաեւ Հայաստանի քաղաքականության եւ միջազգային ճանաչման այս գործընթացը նպաստում էր, որ ընդլայնվեր Թուրքիայի քաղաքացիների այն քանակը, որը պատրաստ էր ճանաչել եւ ներողություն խնդրել։ Հիմա այդ գործառույթները մեծ հավանականությամբ կկանգնեն։ Դա մեր շահերից չի բխում։ Դա մեր կարմիր գիծն է։ Մենք չենք ասում, որ դրա դիմաց ինչ-որ բան ենք պահանջում, բայց մենք ուզում ենք փաստել, որ դա տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ եւ մենք որպես պետություն այդ ժողովրդի ժառանգներն ենք նաեւ, եւ նրանց իրավունքների ժառանգները նույնպես։

Երկրորդը՝ տարածաշրջանում բլոկադայի քաղաքականության հիմնադիրը հենց Թուրքիան է։ Հիմա մենք խոսում ենք ապաշրջափակման, ինչ-որ քաղաքականության  մասին, բայց այս տարածաշրջանում առաջին պետությունը, որը բլոկադայի է ենթարկել իր հարեւանին, Թուրքիան է։ Եւ մենք եվրոպական հարթակներում միշտ ասում էինք, որ սա Եվրոպայի տարածքում միակ բլոկավորված սահմանն է։ Դա ներկայացնում էինք որպես Թուրքիայի կողմից ապաիրավական դրսեւորում։

Ա․Ա․- Ես հիշեցի այդ առիթով ձեր երկխոսությունը Լավրովի հետ։

Ա․Դ․-Ի դեպ, Լավրովն ինձ չպատասխանեց։ Նա խոսեց ամեն ինչի մասին, բացի պատասխանից։ Իսկ իմ հարցը հետեւյալն էր՝ ինչո՞ւ ապաշրջափակման այս գործընթացում չեք ներգրավել Թուրքիային, որը հեղինակն է շրջափակման, եւ ոչ որպես նախապայման, այլ՝ մենք պատրաստ ենք գնալու հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերություններ, դեսպանատներ, միգուցե սոցիումների միջեւ հարաբերությունների հաստատում, մշակութային երկխոսություն, սրանք երեւի անհրաժեշտ բաներ են։ Բայց չէ որ մենք ունենք ենթակառուցվածքներ, որոնք ուղղակի կանգնած են հենց բլոկադայի պատճառով։ Մենք ունենք բարձր լարման էլեկտրագծեր մոտ 400 Մգվատ, մենք կարող ենք էլեկտրաէներգիա մատակարարենք Թուրքիային, որը դրա կարիքն ունի։ Իսկ մենք դեռեւս, բարեբախտաբար, ունենք դրա հնարավորությունը՝ արտադրելու եւ վաճառելու։ Երեսուն տարի է՝ չկա այս գործարքը, եւ չկա, որովհետեւ բլոկավորված է ոչ միայն ճանապարհը, ընդհանրապես տնտեսական հարաբերություններն են բլոկավորված։ Ինչո՞ւ սա հնարավոր չէ անել որպես բարիդրացիական քայլ, որպես քայլ ընդառաջ դեպի հետագայում արժանապատիվ հարեւանություն։ Կամ երկաթգիծը ՝ Գյումրի-Կարս, որը դեռեւս ցարական Ռուսաստանի ժամանակ է կառուցվել եւ ապահովել է կապը, այն ժամանակ Կարսը ռուսական տիրույթում էր։ Չէ որ կա այդ երկաթգիծը, ինչո՞ւ չօգտագործել, ինչո՞ւ չփորձել բացել, ինչո՞ւ չտրամադրել Հայաստանի տնտեսավորողներին հնարավորություն օգտվելու տարածքաշրջանային կոմունիկացիոն բոլոր այդ հնարավորություններից, որոնց առկա են։ Պետք չէ որեւէ նոր գումար ծախսել։ Մինչդեռ հիմա խոսվում է նոր ճանապարհների, նոր կոմունիկացիաների մասին, բայց եկեք եղածը սկզբից բացենք, զուգահեռ նորը ստեղծենք, բայց ինչու եք եղածը փակ պահում։ Կան որոշակի գծեր, որոնք մեր բանակցային սկզբնային կետերը պետք է լինեն այսօրվա Թուրքիայի հետ։ Դրանք, ցավոք չկան։ Այսինքն, մենք պատրաստ ենք ամեն ինչ մոռանալ եւ ասել՝ եկեք ինչ ուզում եք՝ արեք, հա՞։ Դրա արդյունքում է, որ մենք ստանում ենք Լուկաշենկոյի հայտարարությունը, դրա արդյունքում է, որ մեր նկատմամբ որոշակի քամահրանք է դրսեւորվում արտասահմանյան տարբեր տեսակի քաղաքական գործիչների կողմից։ Ես այս ամեն ինչը շատ ցավոտ եմ տանում։

Ա․Ա․- Այս տարածաշրջանում Ռուսաստանի դերը բացառիկ է եւ այստեղ մենք, թերեւս, իմ կարծիքով, չենք օգտագործում բոլոր հնարավորությունները՝ Ռուսաստանի հետ սերտ համագործակցելու, բայց հավասարը հավասարի պես։ Դուք որպես ձեր այս եւ նախկին աշխատանքի, ուսման բերումով այդ երկրի հետ կապված եք։ Ձեր կարծիքը։

Ա․Դ․- Ես Ռուսաստանին շատ ջերմ եմ վերաբերվում, Ռուսաստանը հարազատ երկիր եմ համարում, կրթություն եմ ստացել այնտեղ, իմ մասնագիտական աճն եմ ստացել, եւ շատ մեծ գոհունակությամբ ասում եմ, որ ես ռուսաստանյան տնտեսագիտական բարձրագույն դպրոցն եմ ավարտել եւ ներկայացնում եմ ռուսաստանյան գիտությունը։ Այդ իմաստով բացարձակ հարազատ է ինձ։

Երկրորդը՝ իհարկե հայ-ռուսական հարաբերությունների ոչ միայն ստրատեգիական, այլ, իմ ձեւակերպմամբ՝ եղբայրական բնույթը, բայց հավասար եղբայրների բնույթը, մեծ ու փոքր չկա, սուվերեն հավասար եղբայրության մասին է խոսքը, որի մշտական ջատագովը ես եմ եղել եւ մշտապես ներկայացրել եմ մեր ռուսաստանյան կոլեգաներին թե պաշտոնական, թե քաղաքական տիրույթում եւ թե ակադեմիական։ Ես համարում եմ, որ մեր տարբեր քաղաքական ղեկավարները տարբեր պատճառներով՝ թե լեգիտիմության պակասի՝ 2003, 2008, 2013 թվականների ընտրությունները, դրանք, մեղմ ասած, ոչ միանշանակ են ընդունվել մեր հասարակության կողմից եւ բերել են լեգիտիմության պակասի։ Լեգիտիմության պակաս ունեցող իշխանությունը շատ դժվար կհարաբերվի սուվերեն իրավունքով Ռուսաստանի պես հզոր պետության հետ։ Եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ ցանկացած այլ հզոր պետություն, լուրջ կվերաբերվի միայն սուվերեն եւ լեգիտիմ իշխանությանը։ Այլապես լինելու է ենթակայության սկզբունքը հարաբերությունների մեջ։ Մեր իշխանությունները կամ լեգիտիմության պակասի, իսկ ներկայիս իշխանությունը փորձի, արհեստավարժության, մոտեցումների, կյանքի ընկալման պակասի պատճառով ոչ ճիշտ են վարում, որովհետեւ Ռուսաստանի համար այսօր ակնհայտ չէ ինչու է հարկավոր եւ իրենց համար օգտակար հայաստանյան սուվերենությունը։ Սա որեւէ մեկը հստակ ու պարզ չի բացատրել Ռուսաստանին, համենայնդեպս իմ շփումները, այդ թվում՝ քաղաքական բարձր մակարդակում, ցույց են տալիս, որ Ռուսաստանի մոտ չկա ընկալում, որ հենց իրենց է անհրաժեշտ սուվերեն Հայաստանը։ Իմ կարծիքով սա շատ մեծ բաց է։

Ես մի տեղ հրապարակային հայտարարել եմ, որ ես, իմ գործընկերները, իմ քաղաքական հենարան հանդիսացող մարդիկ եւ զանգվածը, մենք անպայման անելու ենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանում ճիշտ ընկալում ստանա հայաստանյան սուվերենության անհրաժեշտությունն իրենց համար։ Սա շատ կարեւոր բան է, երեւի մեզ համար ամենակարեւոր բանն է, որովհետեւ մենք գտնվում ենք Ռուսաստանի շահերի տիրույթում, մենք շարունակելու ենք գտնվել Ռուսաստանի շահերի տիրույթում, մենք պետք է կարողանանք այդ միջպետական համագործակցությունը դնել այնպիսի մակարդակի վրա, որ մեր սուվերենությունը որեւէ կերպ եւ որեւէ դեպքում կասկածի տակ չդրվի, այդ թվում նաեւ մեր այլ գործընկերների կողմից։ Մենք հիմա տեսնում ենք, որ մեր այլ գործընկերների կողմից նույնպես հետաքրքրությունը դեպի մեզ նվազում է հենց այդ պատկերացման պատճառով, կարծես թե սուվերենությունն ընկնում է։ Մենք հետաքրքիր կլինենք աշխարհին՝ եթե մենք սուվերեն ենք եւ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում եւ դրանով է մեր կարեւորությունը՝ կամ կփաստարկվի կամ կհերքվի։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28