Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք-ադրբեջանական տանդեմը թուլանում է, ուստի չի կարելի գլխապատառ առաջ տանել հայ-թուրքական բանակցությունները». Գագիկ Մինասյան

Փետրվար 11,2022 19:33

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ժողովրդավարությունը մեր պետության բրենդ է: Դեռ պետության բրենդի մասին կխոսենք, իսկ ի՞ր բրենդը որն է: Իր բրենդը կապիտուլյացիան է, մեր երիտասարդ տղաների մահն է, իր բրենդն է ահավոր արտագաղթը, մեր պետության ու ժողովրդի ստորացումն ու սուբյեկտայնության բացարձակ վերացումը»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է ժողովրդի իղձերին, նպատակներին, դավաճանել է այն ամենին, ինչը մեր սերունդը կարողացել է անել վեց- յոթ դար ընդմիջումից հետո:

Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը քիչ-քիչ ապաքինվում է, տեսնում է, որ խաբված է եղել: Նա, վկայակոչելով ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակված հետազոտությունը, ասաց. «Երբ ուսումնասիրում ենք այդ ուսումնասիրության տվյալները, տեսնում ենք, որ այնտեղ ամրագրված է՝  իշխանափոխությունից հետո երկու անգամ կառավարության գործունեությունը քննադատողների թիվն ավելի շատ է եղել, քան կողմնակիցներինը: Ժողովուրդն իր գնահատականով ցույց է տալիս, որ այլևս չի ընդունում այս իշխանությանը»:

Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ արդեն հասունացել է պահը փողոց դուրս գալու, ուստի դրան համահունչ քաղաքական ուժերը պետք է նոր գործելաոճի անցնեն:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը վախեցա՞ծ է երկրորդ և երրորդ նախագահներից, քանի որ անընդհատ նրանց է վկայակոչում, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, վախեցած է, քանի որ երկրորդ և երրորդ նախագահներն իրենց կյանքի ընթացքում ցույց են տվել, թե ինչ կազմակերպչական հնարավորություններ ունեն, իրենց նախագահության պարագայում Ադրբեջանն ինչպես էր հարաբերվում մեզ հետ, իրենց հարաբերությունները միջազգային հանրության հետ ինչպիսին էին: Այս ամենը ինքը չի կարող տեսնել, ինքը տեսնում ու վախենում է: Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ մյուսներն էլ կտեսնեն, արդեն ժողովուրդն էլ է տեսնում»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Գագիկ Մինասյանը նշեց՝ երեսուն տարիներին իրենք էլ են ասել, որ այո , արժանապատիվ, առանց որևէ նախապայմանի, հավասարը հավասարի հարաբերություններին կողմնակից է: Այնուհետև հավելեց. «Ադրբեջանցիները հիմա՞ր էին, տգե՞տ էին, որ ջարդուփշուր էին եղել ու չէին գալիս մեզ հետ բանակցելու, չէին գալիս խաղաղություն կնքելու: Ինչո՞ւ աշխարհի  բոլոր երկրների համար կան օրինաչափություններ, միայն սրանք չեն հասկանո՞ւմ: Ադրբեջանցիները չէին գալիս խաղաղություն կնքելու, քանի որ խելք ունեն: Իսկ սրանք գաղտնիորեն գնում, ասում են, որ պատրաստ եմ, եկեք: Հետևաբար կարևոր է, որ սկսել է դրական միտումը, ժողովուրդն իր մեծամասնությամբ արդեն չի ընկալում այս իշխանությանը, հասկանում է, որ խաբել են իրեն: Ժողովրդի հասցեին վատ տերմիններ չպետք է օգտագործել, այն գործիքակազմը, որով այս ժողովրդին են հիվանդացրել, շատ երկրներում է կիրառվում: Բայց մեր ժողովուրդն ապաքինվում է»:

Գագիկ Մինասյանը դեմ է , որ իր բնորոշմամբ այդպես գլխապատառ Թուրքիայի հետ բանակցություններ ենք իրականացնում. «Ինչո՞ւ եմ ասում, որ այսօր չի կարելի գլխապատառ գնալ այդ բանակցություններին և հասնել այդ բանակցությունների արդյունքին, քանի որ աշխարհն է  փոխվում: Ռուս-արևմտյան հարաբերությունների՝ այս չափազանց բարդ զարգացումները խոսում են այն մասին, որ ակնհայտորեն աշխարհը դիրքավորվելու է այդ երկու բևեռների միջև: Այդ ժամանակ Թուրքիան վերջապես պետք է կողմնորոշվի՝ որ կողմում է: Բոլոր պետություններից ամենածանր իրավիճակում հայտնվում է Թուրքիան: Ամբողջ երեսուն տարիների ընթացքում իր բոլոր հաջողությունները կապված էին նրա հետ, որ Արևմուտքը թույլ տվեց, որ ինքը հոշոտի այս հետխորհրդային տարածքի հարստությունները և ահավոր հզորանա: Հիմա, երբ արևմուտքի և ՌԴ-ի հարաբերությունները սրվում են, Թուրքիան պետք  է կողմնորոշվի՝ գծի ա՞յս, թե այն կողմում է: Այն առատության եղջյուրը, որտեղից ինքը օգտվում էր, կտրվելու է: Առավել քան համոզված եմ, որ  ինքը կհայտնվի այն բևեռում, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Դա վերջապես թույլ կտա թուրք-ադրբեջանական տանդեմը խզել: Այդ պարագայում մեր հնարավորությունները շատ մեծ կլինեն: Դա շաբաթների խնդիր է: Շաբաթներ հետո կույրն էլ կտեսնի, որ այդ տանդեմը թուլանում է: Այդ պարագայում ակնհայտ է, թե ինչու այսօր չի կարելի առաջ տանել այդ բանակցությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28