Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այո, Թուրքիայից հողային պահանջ չենք ունեցել, բայց երբեք Կարսի պայմանագիր չենք ճանաչել․ սատանան մանրուքներում է»

Փետրվար 11,2022 19:11

Թուրքիայի երեք հայտնի նախապայմաններին ավելացել են մյուսները, եւ այս տեսանկյունից  որեւէ դրական փոփոխություն չկա։ Այս մասին այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում բայրաքթարների տակ» խորագրով քննարկման ժամանակ ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ «Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կամ հրաժարվել Արցախից․ այս պահանջը հիմա չի փոխվել։ Ըստ Թուրքիայի՝ ինքը ՀՀ-ի հետ հարաբերություններ կհաստատի, թե վերջինս ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա՞ է դրական մեսիջը»,-հարցադրում արեց նա։

Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում  է, թե ՀՀ-ն վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այդ կերպ խեղաթյուրում է փաստերը, որովհետեւ ՀՀ-ն երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս․ «Թուրքերն այդ ասածը դրական մեսիջ են համարում Փաշինյանի կողմից։ Թուրքիան պահանջում է, որ ՀՀ-ն հրաժարվի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։ ՀՀ նախորդ իշխանություններն այս հարցն անգամ չեն էլ քննարկել։ Պնդումը, թե հայ-թուրքական արձանագրություններում սա եղել է, կեղծիք է, դրանցում չկային մեր կարմիր գծերը, այդ թվում՝ ցեղասպանության հարցը։  Հիմա «հերոսաբար» քննադատում են հայ-թուրքական արձանագրությունների փուլը ու այն վատը որակում, մինչդեռ դա մեր դիվանագիտական հաջող փուլերից էր։ Որքան էլ պոպուլիզմը գերդոզավորի այս իշխանությունը, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու»։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեւակերպումն այն է, որ հարաբերություններ կհաստատվեն, եթե ՀՀ-ն դադարեցնի անցյալի հիման վրա թշնամանքի տարածումը․ «Նա նկատի ունի ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Իսկ Փաշինյանը մեսիջ է տալիս, որ հայ դատի խնդիրը սփյուռքի խնդիրն է, այսինքն՝ ՀՀ-ն հրաժարվում է այս խնդրից, եւ Թուրքիայի տեսանկյունից սա, այո, դրական մեսիջ է»։

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ այստեղ մեկ կարեւոր պատմագիտական նրբերանգ կա․ «Թուրքիան պահանջում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչել։ ՀՀ որեւէ իշխանություն չի ասել, որ հողային պահանջ ունի Թուրքիայից, բայց այստեղ կարեւոր դրվագ կա․ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ Կարսի պայմանագիրը համարվում է ապօրինի պայմանագիր, եւ ՀՀ-ն երբեք չի ճանաչել այդ պայմանագիրը։ Թուրքիան ոչ թե պահանջում է, որ ճանաչենք նրա այս պահի սահմանը, այլ ասում է ճանաչեք սահմանը՝ Կարսի պայմանագիրը։ ՀՀ ուրեւէ իշխանություն չի ճանաչել Կարսի պայմանագիրը, չի հայտարարել, որ ճանաչելու է, բայց ասել է, որ այս պահի եղած սահմանն է ճանաչում։ Թուրքիայում կա «Սեւրի սինդրոմ», բայց կա նաեւ «Կարսի բարդույթ», որը տարբեր տարիներին Թուրքիային առիթ է տվել պահանջելու հաստատել, որ ճանաչված է Կարսի պայմանագիրը։ Հիմա ՀՀ իշխանությունն ասում է, որ երբեք հողային պահանջ չի ունեցել։ Այո, չենք ունեցել, բայց երբեք Կարսի պայմանագիր չենք ճանաչել։ Սատանան մանրուքների մեջ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28