Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսությունում աշխատող տեղացու հետ գործատուն պայմանագիր չի կնքում, ֆիլիպինցու ու հնդկացու հետ կնքում է

Փետրվար 11,2022 18:50

Մեր երկրում աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքում հիմնականում գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտների գործատուները, ավելի քիչ տոկոսով այս քայլին են գնում հյուրանոցային, ռեստորանային եւ հանրային սննդի ոլորտի գործատուները: Այս մասին այսօր ասաց սոցիոլոգ, հետազոտող Շուշան Ղահիրյանը:

Նա «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց հետազոտության արդյունքները, որը կատարվել է՝ պարզելու ինչո՞ւ են գործատուները խուսափում կնքել աշխատանքային պայմանագրեր, աշխատողներն ինչո՞ւ չեն պահանջում, որպեսզի գործատուն իրենց գրանցի եւ այն:

Շուշան Ղահիրյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում տղամարդիկ են աշխատում առանց պայմանագրի, ինչը պայմանավորված է նրանց մեծ մասի՝ շինարարությունում աշխատելու հանգամանքով: Ըստ նրա, ավելի շատ պայմանագիր չունեն 17-25 տարեկանները եւ հիմնականում պայմանագիր չեն կնքում ցածր կրթական ցենզ ունեցող քաղաքացիների հետ: Մեկ այլ դեպքում էլ պարզվել է, որ պայմանագրով աշխատող շատ աշխատակիցներ չգիտեն՝ ինչ տիպի պայմանագիր են կնքել:

Բայց, ըստ հետազոտողի,  դրական է այն, որ հարցվածների 22,2 տոկոսն է նշել, որ չունեն աշխատանքային գրավոր պայմանագիր եւ, որ աշխատել են բանավոր համաձայնությամբ:

Փաստաբան, սոցիալական իրավունքների պաշտպանության «Տեմպուս» կենտրոնի նախագահ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրուհի Նազարեթյանի խոսքով,  պատճառներից մեկը, որ աշխատողները չեն պահանջում, որպեսզի իրենց հետ կնքեն աշխատանքային պայմանագրեր, մեծ տոկոս կազմող գործազրկությունն է, ինչի հետեւանքով մարդիկ ստիպված հարմարվում են գործատուի պահանջներին եւ չեն պահանջում պայմանագիր: Նրա խոսքով, այսօր էլ կան մի շարք սուպերմարկետներ, որտեղ աշխատող մարդկանց իրավունքները համատարած խախտվում են, քանի որ նրանց հետ պայմանագրեր չեն կնքվում՝ պատճառաբանելով փորձաշրջանը:

Ըստ Տիրուհի Նազարեթյանի, գյուղատնտեսության ոլորտում, սակայն հիմնականում պայմանագիր չեն կնքում տեղացիների հետ, իսկ, երբ աշխատակիցը օտարերկրացի է, օրինակ՝ ֆիլիպինցի կամ՝ հնդկացի եւ այլ ազգությամբ, նրանց հետ պարտադիր կնքում են աշխատանքային պայմանագիր:

Քննարկման մասնակից փաստաբան Նարեկ Ներսիսյանն ասաց, որ վերջին շրջանում աշխատանքային իրավունքի խախտումներով դատարան են դիմում ՏՏ ոլորտի մասնագետները: Նրա խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային իրավունքի խախտումները բավականին շատ են եւ ոլորտն էլ պաշտպանված չէ:

Փաստաբանը գտնում է, որ աշխատանքային իրավունքի վեճերն արդյունավետ լուծելու համար պետք է ունենանք մասնագիտացված դատարաններ եւ դատավորներ, ինչն այսօր չունենք. «Աշխատանքային իրավունքը առանձին իրավունքի ճյուղ է, ինչո՞ւ կարող ենք ունենալ վարչական, քրեական դատարան, բայց չունենաք աշխատանքային, որոնք կլինեն հատուկ մասնագիտացված դատարաններ եւ ավելի արդյունավետ կլինի պաշտպանությունը»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով, մեր երկրում տարեցտարի գրանցված աշխատողների թիվը գնալով ավելանում է, ինչը բավականին դրական երեւույթ է: Ըստ նրա, չկա մի այնպիսի երկիր, որն ապահովում է 100 տոկոս ցուցանիշ այս հարցում: Նա վստահեցրեց, որ օրենսդրության տեսանկյունից դաշտն ամբողջությամբ կարգավորված է՝ այլ հարց է, որ կարելի է օրենքն ավելի լավացնել ու փոփոխել. «Օրենսդրության մեջ չկա որեւէ բաց, որ գործատուն պայմանագիր չկնքի: Շատ դեպքերում հենց քաղաքացիները չեն պահանջում: Պայմանագիր չեն կնքում նպաստից չզրկվելու համար»:

Նա քաղաքացիներին կոչ արեց՝ տեր կանգնել իրենց իրավունքներին եւ գործատուից պահանջել պայմանագիրը: Նախարարության մասնագետը նշեց, որ աշխատանքային իրավունքը խախտվելու դեպքում դատարան դիմելու ժամկետը երկու ամիս է, բայց, եթե մարդիկ երկու տարի հետո որոշեն դիմել դատարան, վաղեմության ժամկետ կլինի եւ չեն կարող: Նրա խոսքով, հայցային վաղեմությունը չի տարածվում միայն աշխատավարձը չվճարելու դեպքում. եթե աշխատողն ապացուցի, որ գործատուն իրեն չի վճարել, կարող է հինգ տարի հետո էլ դիմի դատարան:

Ժորա Սարգսյանը նշեց, որ փորձաշրջանի դեպքում էլ գործատուն պարտավոր է պայմանագիր կնքել: Ասաց, որ փորձաշրջանը հնարավորություն է տալիս գործատուին լուծել պայմանագիրը, եթե փորձաշրջանի ավարտին արդյունքներն իրեն չեն բավարարում:

«Եթե գործատուն ուզում է փորձաշրջանի վերջում լուծի պայմանագիրը նա պետք է պայմանագրում նշի՝ ինչ է ակնկալում փորձաշրջանի ընթացքում»,-ասաց պարոն Սարգսյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28