Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցավոր է, երբ իշխանությունը հանրությանը ուրիշ՝ «հայամետ» ու «հիանալի» Թուրքիա է ներկայացնում»․ Ռուբեն Մելքոնյան

Փետրվար 11,2022 18:30

«Ցանկացած թուրքագետի համար հարցումները սպասելի են եւ օրինաչափ, որովհետեւ թուրքական պետականությունը, գաղափարախոսությունը, կրթական համակարգը եւ քարոզչությունը հենված են հակահայկականության եւ հակահունականության վրա»,- «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում բայրաքթարների տակ» խորագրով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով թուրքական համալսարաններից մեկի հետազոտությանը, ըստ որի՝ հարցվածների 60.9%-ը ՀՀ-ն համարում է սպառնալիք՝ ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով․ «Որքան էլ որոշ միաբջիջների համար «պրիմիտիվ» թվա, բայց այդ պետությունը ստեղծվել է հայկական եւ հունական տարածքների վրա՝ հակահայկականության եւ հակահունականության թշնամանքի հիման վրա։ Այսօր ոչինչ չի փոխվել։ Գործ ունենք պետության հետ, որը մոտ հարյուր տարի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցել է հակահայկականության վրա։ Սա հասարակությանը չասելը աններելի է մասնագետների համար, իսկ իշխանությունների տեսանկյունից հանցավոր է, որ հանրությանը մեկ այլ Թուրքիա են ներկայացնում։ Մեկ-մեկ տպավորություն է, որ քսան տարի ես այլ երկիր եմ ուսումնասիրել, որ ինչ «հիանալի» երկիր է Թուրքիան, ի՜նչ «հայամետ» քաղաքականություն է վարել։ Այս մասին խոսում են մարդիկ, որոնք գիտելիքի նվազագույն պաշար չունեն Թուրքիայի մասին, մինչդեռ թեման մեր պետականությանը եւ ինքնությանն է առնչվում։ Այդպիսիք իրավունք չունեն խոսել տգետ ձեւակերպումներով»։

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ թուրք հասարակության համար ՀՀ-ն միշտ էլ թշնամի պետությունների եռյակում է եղել․ «Դա առնվազն հարյուր տարի է դրսեւորվել։ Ինչ-որ բան փոխվե՞լ է, որ իշխանության եւ նրա սատարողների մոտ ոգեւորություն է առաջացել։ Ոչ։ Եթե անգամ փոխվել է, ապա դեպի վատը։ ՀՀ-ն, լինելով թուրքական թիրախ, անցնող տասնամյակներին արժանապատվորեն է պահել իրեն, տուրք չի տվել թուրքական նախապայմաններին։ Անկեղծ՝ դրա շնորհիվ ավելի մեծ գործոնի դեր է ունեցել»։

Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ հիմա առկա է մի կարեւոր սխալ, որը դրսեւորվում է ՀՀ- Թուրքիա հարաբերությունների համատեքստում․ «Առաջին բաղադրիչը սահմանների բացումն է եւ դիվանագիտական հարաբերությունները, մյուսը՝ հայ-թուրքական հաշտությունը, որը տարատեսակ խնդիրներ ունի՝ հայոց ցեղասպանության հարց, պատմություն, Արցախի խնդիր, փոխադարձ թշնամանք։ Այս երկու բաղադրիչները պետք է առանձնացնել, բայց այսօրվա իշխանական քարոզն այս երկուսը միացնում է իրար՝ բացել սահմանը եւ արագ լուծել Կարսի պայմանագրի, ցեղասպանության հարցերը։ Այդպես չի կարող լինել, որովհետեւ հասարակությունների միջեւ կան խորքային կարծրատիպեր եւ մոտեցումներ։ Սահման բացելն ուրիշ բան է, հաշտության գնալը՝ այլ։ Օրինակ՝ Հունաստանն այսօր ունի Թուրքիայի հետ հարաբերություններ, բայց, միաժամանակ, չի հրաժարվել արժանապատվությունից։ Ոչ մի հույն ղեկավար չի ասել, թե «ոչմիթիզականությունը» ռաբիսություն է կամ հետամնացություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28