Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում»․ Սգո արարողություն՝ ԵՄ գրասենյակի դիմաց

Փետրվար 11,2022 18:07

Այսօր կեսօրին մի խումբ դաշնակցական երիտասարդներ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց խորհրդանշական ցույց անցկացրեցին՝ «ժողովրդավարության հոգեհանգիստ», որը նրանք իրականացրին սգո արարողակարգով՝ ծաղիկներ, մոմեր դրեցին գրասենյակի դիմաց՝ սգո երաժշտության ուղեկցությամբ:

Ցույցի մասնակիցները նաեւ իրենց դժգոհությունը հայտնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գործունեությունից:

«Տիկին ԱՆդրեա Վիկտորինն այն անձնն է, որ ԵՄ-ին պետք փոխանցի ազդակներ երկրում տիրող վիճակի, ժողովրդավարության խախտումների մասին, բայց այս կինը դարձել է իշխանության սպասարկուն։ Տարիներ շարունակ այս կինը լռում է՝ տեսնելով երկրում ժողովրդավարության ակնհայտ տապալումները։ Մենք ունենք քաղաքական դատավարությունների ենթարկվող ընկերներ, քաղբանտարկյալներ ու անվերջ կարելի է թվարկել խնդիրները…այս տիկնոջը նման քաղաքականությամբ մենք ուղարկելու ենք տուն»,- հայտարարեց երիտասարդներից մեկը:

Սգո արարողակարգն իրականացնելուց հետո ցույցի մասնակիցները մի քանի րոպե լուռ կանգնեցին՝ իրենց պաստառները վերեւ պարզած. «Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում», «RIP Democracy in Armenia» (ողորմի Հայաստանում ժողովրդավարությանը) եւ ամոթանք տվող այլ գրություններով:

ՀՅԴ երիտասարդական միության վարչության անդամ Սեւակ Նազարյանն էլ կարծիք հայտնեց, որ վերջին ժամանակահատվածում ՀՀ-ում ժողովրդավարության ցածր մակարդակը գրանցում է իրական հակառեկորդ. «Հայաստանում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցավ իրադարձություն, երբ դատավորի դեմ իր անկախ դատական գործընթացն իրականացնելու համար քրեական գործ հարուցվեց, սա մի նպատակ ուներ՝ վերացնել դատական իշխանությունը: Ինչո՞ւ այս խորհրդանշական ակցիան իրականացրինք Եվրամիության դիմաց, բոլորս գիտենք, որ ԵՄ-ը հստակ արժեքներ ունի ու հստակ գնահատականներ է տալիս ամեն տարի տարբեր երկրներում ժողովրդավարության մակարդակին։ Ինչ որ կատարում է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչը ՝ Անդրեա Վիկտորինը, դա ընդամենը կեղծ զեկույցներ են Եվրոպական միությանը, որի հիման վրա ԵՄ-ը տալիս է Հայաստանում ժողովրդավարության գնահատականներ, որոնք չեն ներկայացնում իրական պատկերը»:

Սեւակ Նազարյանը նաեւ ասաց, որ իրենք գրասենյակի ներկայացուցչի կամ հենց պատվիրակության ղեկավարի հետ հանդիպում չեն ակնկալում, այլ ընդամենը երկու ուղերձ են ցանկանում փոխանցել պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին. առաջին, որ իրենք հստակ գնահատական ունեն նրա գործունեությանը. «Դա ՀՀ իշխանության հետ գործակցության գնալն է, ՀՀ ժողովրդավարության վերաբերյալ կեղծ տեղեկությունների փոխանցումը Եվրոպական միությանը: Երկրորդ ուղերձը հղում ենք Եվրոպական միությանը, այն է, որ այս կինը, որը ձեզ է ներկայացնում, խայտառակում է ձեզ ու այն արժեքները, որի համար տասնամյակներ պայքարում եք ու տարածում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ Ի դեպ, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց արդեն երկրորդ օրը իրականացվող այս ցույցերից հետո՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ՖԲ էջում աջակցող գրություն է հրապարակվել․ «Հպարտ ենք գործակցել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28