Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնել ու հզորացնել գյուղատնտեսության նախարարությունը. Սամվել Ավետիսյան

Փետրվար 11,2022 17:49

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թեկուզ ուշացումով սխալն ուղղելը սխալ չէ

Դիմումս ուղղում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պարոն վարչապետ, ծանր օրեր են սպասվում Հայաստանի գյուղատնտեսությանը: Ամենայն հավանականությամբ 2021թ. ջրասակավությունը և ոռոգման սեզոնի լարվածությունը կրկնվելու է: Հանքային պարարտանյութերի գների բարձրացումը հողերը չմշակելու, և առկա ցանքերից ու այգիներից ոչ բարձր բերքի ստացման պատճառ են դառնալու:

Իհարկե, արտոնյալ վարկավորման, ապահովագրության համակարգի ներդրման, լիզինգի խթանման և պետական աջակցության մյուս ծրագրերը կարևոր են, բայց գյուղատնտեսության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ եթե օպերատիվ կառավարման համակարգը թույլ է, արտադրության գործոնները ամբողջական ու համակարգված չեն կիրառվում, ուրեմն բերում են հակառակ արդյունք: Օրինակ, բերքի իրացման հիմնախնդիրը կամ պարարտանյութի ու ջրի անբավարարությունը, գյուղացուն թողնում են ձեռնունայն, ու ամեն ինչի հետ նաև անտոկոս վարկերը ծանրանում են արտադրողի ուսերին: Էլ չեմ ասում, որ լուրջ սպառնալիք է ստեղծվում բնակչության պարենային անվտանգության ապահովման համար:

Ճիշտ ասած, նախկին սպասելիքը չունեմ, բայց ևս մեկ անգամ հորդորում եմ վերականգնել ու հզորացնել գյուղատնտեսության նախարարությունը:

Կցում եմ նաև այս հարցով իմ նախկին գրությունները:

11 փետրվարի 11, 2019թ.

Մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,

ՀՀ ԱԺ մեծարգո նախագահ Արարատ Միրզոյան,

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Վարազդատ Կարապետյան,

ՀՀ ԱԺ հարգարժան պատգամավորներ,

Թախանձագին խնդրում եմ ակաջալուր եղեք «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ իմ և բազմաթիվ փորձառու մասնագետների կարծիքներին: Կարծում եմ արդեն բավարար չափով շարադրել ենք այն փաստարկները, որոնք պետք է համոզիչ լինեն ու հիմք հանդիսանան վերանայել հատկապես գյուղատնտեսության նախարարությունը վերացնելու դրույթը:

Թերևս, միայն մեկ լրացում.

– Այն տրամաբանությունը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարող է համակարգել տնտեսության իրական հատվածի բոլոր ոլորտները, հիմնականում ընդունելի է: Բայց չի կարելի հաշվի չառնել ագրարային ոլորտի առանձնահատկությունը, որով էլ պայմանավորված է աշխարհի բոլոր երկրների կառավարությունների կազմում գյուղատնտեսության կամ ագրարային քաղաքականության նախարարության առկայությունը: Այդ առանձնահատկությունը թելադրված է բնակլիմայական ռիսկերով, արտադրության տարածական ընդարձակությամբ ու հիմնականում բնական գործոններից կախվածությամբ, երկրի պարենային անկախության ապահովման, ագրովերամշակման ոլորտի հումքի մատակարարման, գյուղական բնակչության կենսաձևի պահպանման և այլ առաքելություններով: Պատահական չէ, որ միայն այս ոլորտում իրականացվում են շուրջ երկու տասնյակ պետական աջակցության ծրագրեր:

Ես խորին հարգանք ունեմ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, գնահատում եմ նրա նվիրվածությունը, փորձն ու գիտելիքները, բայց պատկերացնում եմ այն ծանր բեռը, որը դրվում է նախարարի ու նախարարության ուսերին: Իհարկե, կարող եք առարկել, որ գյուղատնտեսության գծով փոխնախարար ու համապատասխան ստորաբաժանումներ են լինելու … Միևնույն է, դա չի կարող փոխարինել տնտեսության ամենադժվար կառավարվող ոլորտի՝ գյուղատնտեսության լիազոր մարմնին:

Ձեր նպատակն, անշուշտ, կառավարման արդյունավետության բարձրացումն է: Դրա համար պետք չէ վերացնել նախարարությունը: Ավելի նպատակահարմար է հիմնովին բարելավել կառուցվածքն ու աշխատանքի վերցնել ոլորտի փորձառու և գիտակ մասնագետներին:

Հարգելի բարեկամներ, համոզված եմ, որ օրենքի նախագիծն ամփոփոխ թողնելու դեպքում, շատ շուտով ի հայտ են գալու այդ քայլի սխալներն ու մի օր ստիպված ենք լինելու նորից վերականգնել գյուղատնտեսության կառավարման լիազոր մարմինը:

Կցում եմ նաև իմ նախորդ դիմումը.

«Բարև Ձեզ, հարգելի վարչապետ, խնդրում եմ մեկ անգամ ևս նայեք «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծում գյուղատնտեսության նախարարության միացման նպատակահարմարությունը: Որևէ անձնական դրդապատճառ չունեմ, բայց որպես նախկին ԱԺ պատգամավոր, գյուղ. նախարարի նախկին առաջին տեղակալ և ագրարային խնդիրներով զբաղվող տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, կանխատեսում եմ, որ այդ քայլը Ձեր կողմից ակնկալվող արդյունք չի ապահովի: Որպես թիրախային ոլորտ, գյուղատնտեսությունը միշտ էլ ունեցել է և կունենա լուրջ հիմնախնդիրներ:

Ինչո՞ւ առիթ տալ, որ հիմա էլ դրանք կապվեն ըստ էության կառավարման լիազոր մարմնի թուլության կամ բացակայության հետ: Տնտեսական զարգացման նախարարության համակարգի բազմաֆունկցիոնալ շրջանակում, ակամայից թուլանալու է այս դժվարին ոլորտի նկատմամբ ուշադրությունը, խաթարվելու են միջազգային և տարածքային կազմակերպությունների հետ մեծ ջանքերով ձևավորված հարաբերությունները, վերջապես առավել անտեր է զգալու իրեն գյուղն ու գյուղացին:

Ավելին, ըստ իս, պետք է վերականգնել նախարարության երբեմնի ներուժը, երբ այն ներառում էր ոռոգման և հողերի մելիորացման համակարգերը, գյուղատնտեսական հումքի մթերման ու վերամշակման համակարգը, գյուղի սոցիալական զարգացման և այլընտրանքային զբաղվածության ծրագրերը: Պատկերացնելով գյուղատնտեսության ոլորտում թեկուզ պիլոտային ծրագրերով ապահովագրության ներդրման հիմնական դժվարությունները, համոզված եմ,որ 2019թ-ի համար արդեն ուշացել ենք: Դեռևս չի կատարվել ռիսկերի պատշաճ գնահատում, դեռևս չեն մշակվել ապահովագրավճարի սահմանման և վնասի փոխհատուցման հիմնավոր կառուցակարգեր, վերջապես դեռևս չեն սահմանվել փոխադարձ պատասխանատվության և վերջնարդյունքների վրա հիմնված պետական աջակցության մեխանիզմներ… Մեկը մյուսին փոխարինում են ոլորտին անտեղյակ նախարարները, միմյանց կրկնելով շռայլում նույն խոստումները ու համակարգը մնում է վիճակագրության կոմիտեի աճպարարության հույսին…

Ձեզ, որպես գյուղական կենցաղին ծանոթ մարդու, որպես երկրի զարգացմանը նվիրյալ ղեկավարի, խնդրում եմ մի անտեսեք այս նկատառումները»:

Սամվել ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ. գ. դ., պրոֆեսոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28