«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կալանքը երկարացվեց եւս 2 ամսով: Դաշինքի համայնքի ավագանու անդամ Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ գործը քննող քննիչը ներկայացրել է միջնորդություն՝ նշելով, որ իրականացնում է քննչական գործողություններ եւ անհրաժեշտ է որպեսզի կալանքը երկարացվի. «Ըստ էության այն դրվագները, որոնցով որ երկարացվել են նույնպիսի դրվագներ են, որոնցով, որ քրեական գործ է հարուցվել: Նոր ինչ-որ երեւույթ ու նոր բան չկա: Օրենքի հետ կապված հարցեր են եղել, որ համայնքի ղեկավարի լիազորության շրջանակներում չէ, բայց համայնքի ղեկավարն իրացրել է: Մենք եւ մեր փաստաբանները դրա հետ համամիտ չենք: Համայնքի ղեկավարի գործողության մեջ որեւիցե ապօրինի բան չի եղել: Այդ նույն տիպի դրվագներ են ավելացվել»,- ասաց Օհանյանն ու շարունակեց. «Իմ կարծիքով, սրանք տեխնիկական ու տակտիկական քայլեր են, որ կալանավորված մնա»:
Այս պահին զուգահեռ կատարվում են նաեւ վարչական դատարանի որոշումը վիճարկելու գործողությունները: Հայցն ուղարկվել է վճռաբեկ դատարան, այժմ սպասում են, հայցը վարույթ ընդունել կամ չընդունելուն. «Դրանից հետո էլ համայնքի ղեկավարի ընտրությունների արգելանքի պահը հասկանալի կլինի: Զուգահեռ 2 դատավարական պրոցես է գնում»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ այս պահին դեռեւս համայնքի ավագանու նոր նիստի ժամանակացույց չունեն. «Հետագայում հասկանանք, եթե դատավարության կամ համայնքի խնդիրների լուծմանն ուղղված որոշակի գործողություններ կլինեն, որոնք որ ավագանին իրավասու է այս պահին առանց համայնքի ղեկավարի՝ որոշակի խնդիրներ մեղմելուն, գուցե եւ նիստ հրավիրենք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ