Լրահոս
Օրվա լրահոսը

«2015-ին սահմանադրական փոփոխությունն երկրի համար աղետալի էր։ Հիմա էլ Փաշինյանն իր վրա պատասխանատվություն չի վերցնում սահմանադրական փոփոխություններում»

Փետրվար 11,2022 16:53

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ (1998-1999թթ․) Արմեն Դարբինյանի հետ հարցազրույցից հատված։ Սկիզբն՝ այստեղ

Արամ Աբրահամյան-Մենք փորձել ենք կառավարման երեք մոդելները՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, մնում է միայն միապետությունն էլ մի անգամ փորձել։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ սահմանադրական փոփոխությունների գործընթացներին։

Արմեն Դարբինյան-Ես մշտապես կողմնակից եմ եղել ուժեղ նախագահական համակարգին: 2015 թվականի փոփոխությունն երկրի համար աղետալի եմ համարել, աններելի էր այդ փոփոխությունը, որովհետեւ խորհրդարանական համակարգ մենք այդպես էլ չստեղծեցինք, եւ ի վիճակի էլ չէինք ստեղծելու, քանի որ քաղաքական կուսակցությունների հասունությունը մեզ թույլ չէր տա դա անել, բնակչության կենսամակարդակը, միջին դասը չէինք կարողացել ձեւավորել, որը լիներ բնակչության 60-70%-ը, այդ պարագայում հնարավոր էր ունենալ ազատ կուսակցություններ, որոնք կպայքարեին գաղափարական հենքի վրա եւ միգուցե այդ պարագայում դա լիներ թույլատրելի՝ անցնել խորհրդարանական համակարգի։ Այսօր մենք դե ֆակտո ունենք ոչ թե խորհրդարանական, այլ՝ միապետությանը մոտ մի համակարգ, որն ուղղակի անթույլատրելի է։ Պետք է բոլոր հնարավոր միջոցներով վերադառնալ նախագահական կառավարման համակարգին, ուղղակի մենք կորցրեցինք բազմաթիվ տարիներ, այդ թվում՝ աղետալի տարիներ, այդ թվում՝ հենց կառավարման մոդելի փոփոխման պատճառով։ Սա աններելի փոփոխություն էր, դա ինձ համար շատ ծանր է, որովհետեւ ես գիտակցում էի դրա հետեւանքները, եւ ցավոք, բոլոր բացասական հետեւանքներին մենք ականատես եղանք։

Ա․Ա․-Եթե լինի նախագահական, նախագահը կլինի էլի միապետ՝ առանց որեւէ հավասարակշռի, ինչպես որ կար։

ԱԴ․-Ամեն դեպքում պառլամենտական ուժը եւ խորհրդարանն ազատ ընտրությունների կազմակերպման եւ իրագործման պարագայում, իհարկե, հակակշիռ պետք է հանդիսանան։ Ժողովրդավարական բոլոր ինստիտուտները պետք է գործեն։ Նույն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Ի դեպ, ցավում եմ, որ պարոն Թաթոյանը չի շարունակելու իր պաշտոնավարումը, սա նույնպես դեպի միապետություն տանող գաղափար է։ Փաշինյանը շատ ճիշտ կաներ, եթե նորից նշանակեր պարոն Թաթոյանին եւ դրանով կապացուցեր կամ գոնե կցուցադրեր, որ ինչ-որ ձեւով հակված է ժողովրդավարական հասարակարգի եւ արժեքների պահպանմանը։

Բոլոր մնացած ինստիտուտները պետք է գործեն, եւ խոսքը միապետության մասին չէ, խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է, եւ առաջնային մանդատի մասին է, որը պետք է ունենա հանրապետության նախագահը։ Այսօր առաջնային մանդատն էլ լղոզված է, մենք ունենք վարչապետական հզոր համակարգ, բայց առաջնային մանդատը խորհրդարանինն է։ Այսօրվա հայաստանյան խորհրդարանը վատթարագույնն է, որ երբեւիցե ունեցել ենք, բայց ունի առաջնային մանդատ, մինչդեռ դե ֆակտո գործում է սուպերվարչապետական համակարգը։ Խորհրդարանը վարչապետի որոշումները դակող մի մարմին է դարձել, որը առաջնային մանդատի գործառույթներ չի կատարում։

Ա․Ա․Արդոք կառավարությունը, նախարարները պետք է լինեն քաղաքակա՞ն դեմքեր, թե՞ «full time» աշխատող մենեջերներ։

Ա․Դ․-Իհարկե, քաղաքական դեմքեր, նրանք պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն, թիմային պատասխանատվություն։ Մենք ունեցել ենք դեմքեր, երբ ուղղակի մենեջերներն եղել, հետո ուղղակի չքվել են, չկան ո՛չ քաղաքական տիրույթում, եւ ո՛չ էլ հասարակական, ո՛չ էլ մասնագիտական տիրույթում։

Այսօր գրեթե չունենք այնպիսի արհեստավարժներ, որոնք կրեն ե՛ւ սեփական քաղաքական պատասխանատվությունը, ե՛ւ մասնագիտական պատասխանատվությունն իրենց ոլորտի զարգացման համար։ Բարդ խնդիր է։ Նախագահական համակարգի ներքո, եթե նախագահն ունենա լեգիտիմացված առաջնային մանդատ, սա հնարավոր է ստեղծել։

Ա․Ա․-Հայ-ռուսական համալսարանը սահմանադրական բարեփոխումների գործընթացներին մասնակցելու հրավեր ստացե՞լ է։

Ա․Դ․-Այո, ստացել է, եւ մերժել ենք՝ մեկ պատճառաբանությամբ՝ մեզ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է իրավաբանների խմբով որոշում կայացնել, թե պետությունը պետք է զարգանա նախագահակա՞ն մոդելով, թե՞ խորհրդարանական։ Սա իրավաբանների խնդիրը չէ, սա քաղաքական պատվեր է, քաղաքական էլիտան պետք է որոշում կայացնի՝ որ մոդելով ենք զարգանալու։ Հիշո՞ւմ եք, Սերժ Սարգսյանն ասում էր՝ ես կողմ չեմ խորհրդարանականին, բայց ինչպես որ որոշեք։ Սա իրավիճակի բացարձակ խեղաթյուրում է։ Չի կարելի այդպես, եթե Փաշինյանը ստեղծել է այդ հանձնաժողովը, նա պետք է քաղաքական պատվերն իջեցնի՝ ես պատասխանատվություն եմ կրում հաջորդ մոդելը․․․ կամ Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվում հետեւյալ սկզբունքներով․․․ եւ տալիս եմ պատվեր մասնագետներին։ Ապա մասնագետները սկսում են աշխատել մասնագիտական տիրույթում։ Բայց այսօր նորից խեղաթյուրված է, Փաշինյանն այդ պատասխանատվությունը չի վերցնում, ասում է՝ ես ավելի շատ հակված եմ խորհրդարանականին, բայց դուք որոշեք։ Դե հիմա իրենք ի՞նչ պիտի որոշեն։ Քաղաքական պատվերի պարագայում, եթե դա կլինի նախագահական մոդելի ինստիտուցիոնալիզացում, այդ պարագայում կմասնակցենք։ Այնպես որ, ես մերժել եմ եւ պաշտոնական նամակով դիմել եմ արդարադատության նախարարին, ասել եմ, որ այդպես չի արվում։

Ա․Ա․-Այսինքն, ինչպես Թալեյրանն էր ասում՝ պատերազմը չափից դուրս լուրջ գործ է, որպեսզի վստահենք զինվորականներին, Սահմանադրությունը չափից դուրս լուրջ գործ է, որպեսզի վստահենք իրավաբաններին։

Ա․Դ․-Միանշանակ։ Ես ընդհանրապես կհամարեի, որ քաղաքական էլիտայի, եթե այդպիսին գոյություն ունի, որովհետեւ, ցավոք, դա էլ է դեպի զրոյացում գնում, եւ այս գործընթացը սկսվել է տասնամյակներ առաջ, այնուամենայնիվ, եթե կարող ենք քաղաքական էլիտայի մասունքները հավաքել, ընդ որում, որ նրանց, որոնք երբեւիցե կամ կրել են այդ քաղաքական պատասխանատվությունը երկրի համար կամ պատրաստ են կրել, ոչ ավել, քան 6-8 մարդ, այդ քաղաքական էլիտան պետք է հավաքվի եւ որոշում կայացնի հաջորդ զարգացման մոդելի վերաբերյալ։ Ցավոք, ես չեմ տեսնում այս միտումը եւ նորից գնում է ամբողջ գործընթացի խեղաթյուրում։ Որեւէ լավ, դրական ակնկալիք չունեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28