Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալեսանդրո Սաֆինան Երեւանում է: Փետրվարի 13-ին տենորը բացառիկ համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան համերգասրահում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Փետրվարի 15-ին էլ ելույթ կունենա «Դվին մյուզիք հոլում»: Համերգը կազմակերպվել է Sonati Art Made Textil ընկերությունը։ Երգիչը հույս ունի, որ ծրագիրը դուր կգա հայ ունկնդրին: Նա հիշեց իր առաջին այցը Հայաստան, հանդիսատեսի ջերմությունն ու «Արարատ» կոնյակը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ հատկապես «Կլոն» հեռուստասերիալից հայտնի «Լունա» երգը դրական առումով փոխել է իր կարիերան, իսկ մինչ այդ՝ ինքն ավելի շատ ասոցացվում էր դասական երաժշտության հետ, հետո ավելացավ նաեւ փոփ-օպերան: Սաֆինան նշեց, որ ի թիվս այլ ստեղծագործությունների, նաեւ իր երգերն է սիրում կատարել:
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, որը նաեւ համերգի կազմակերպման «մեղավորներից» է, ասուլիսում հայտնեց՝ «Երեւանյան հեռանկարներն» այս տարի իր 23-րդ համերգաշարն է նշում, ինչը լուրջ թիվ է. «Մեր երկրի նորագույն պատմության մեջ երաժշտական արվեստի առաջին փառատոնն է: Ահռելի ճանապարհ ենք անցել, եւ ձեւավորվել է փառատոնի ինստիտուտը, մենք դարձել ենք Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի անդամ՝ գրանցելով մի շարք մշակութային նվաճումներ»: Նա հավելեց, որ այս տարվա մայիսին Հայաստանում հյուրընկալվելու է Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի գագաթնաժողովը, ինչը մեծ պատիվ է «Երեւանյան հեռանկարի» համար եւ համապատասխան հետեւանքներ կունենա մեր երկրի համար:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Ալեսանդրո Սաֆինային, հավելենք, որ CNN-ը նրան ճանաչել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք տենորներից մեկը, Սաֆինան հանդես է եկել երաժշտական զուգերգերով և թողարկել է ձայնագրություններ Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի, Սառա Բրայթմանի, Անդրեա Բոչելիի, Խոսե Կարերասի, Բարբարա Հենդրիքսի և այլոց հետ: Սաֆինան ելույթ է ունեցել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի համար Բիրմինգհեմի Royal Variety Show-ի շրջանակներում, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենեի համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ