Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան․ «Այո, ես ասել եմ «տորիչելյան դատարկություն» եւ պատասխանատու եմ իմ ասածի համար»

Փետրվար 11,2022 15:39

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում պատմեց ծանր մեղադրանքի համար իր նկատմամբ հերթական գործը հարուցելու եւ օրերս կրկին ոստիկանություն հրավիրելու մասին: Խոսքը այս անգամ հարցազրույցներից մեկում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին «տորիչելյան դատարկություն» անվանելու մասին է: «Կանչել էին բացատրություն ստանալու նպատակով: Առաջին իսկ պահանջով մենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ եկանք ու ասացինք, որ բացատրելու ոչինչ չունենք: Իրականում այստեղ խնդիր կա, բուն հոդվածը կանխարգելում է կամ պատժում ծանր վիրավորանք հասցնելը: Իսկ թե ինչ բան է ծանր վիրավորանք, այդ բացվածքը ոչ մի տեղ չկա: Խոսքը պարզապես վիրավորանքի մասին չէ: Մարդը պետք է խորը տրավմա ապրի, ընկնի. չգիտեմ, խորը դեպրեսիայի մեջ, պետք է նրան սկսեն վախեր հետապնդել: Այդ դեպքում մարդը առնվազն գոնե լուրջ հոգեբանական կամ հոգեբուժական էքսպերտիզա է անցնում, որի հիման վրա եզրակացություն է տրվում, որ նա իրոք ապրել է ծանր վիրավորանք: Այսինքն, ծանր վիրավորանքը սուբյեկտիվ որակավորում է:

Այո, ես ասել եմ «տորիչելյան դատարկություն» եւ պատասխանատու եմ իմ ասածի համար, որովհետեւ ես մարդկանց գնահատում եմ ոչ թե նրանց լավը կամ վատը լինելով, այլ նրանց գործելաոճով, աշխատանքով, արդյունավետությամբ, ասածների եւ արածների համապատասխանությամբ: Այս իշխանությունը մի առանձնահատկություն ունի. ասում են մի բան, բայց իրականում անում ճիշտ հակառակը: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ ես որպես մասնագետ, որպես կիրթ մարդ, իրավունք ունեմ տալ գնահատական գործիչներին»,- ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Արմինե Ադիբեկյանը ոստիկանությունում քննիչին հարցրել է, թե իր ասածների ո՞ր հատվածում է ծանր վիրավորանքը եւ որեւէ պատասխան չի ստացել:

Ավելին, պարզվել է, որ թեւավոր խոսք դարձած «տորիչելյան դատարկություն» դարձվածքը շփոթել են «կոնչեննի դատարկություն» բառակապակցության հետ ու այդպես ընկալել:

Տիկին Ադիբեկյանը ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու, որ իր անձի դեմ այդ գործողությունները ուղղորդվում են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28