Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի կարծիքով՝ երբ պետությունն ուղղակիորեն մասնակցում է բուհի կառավարմանը՝ դա կործանիչ է համալսարանական ազատության համար։ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցում պարոն Դարբինյանն ասում է՝ պետությունն ունի մեկ գործառույթ՝ պետք է ստուգի եւ սահմանի բուհի որակն ու չափանիշը, ելքը կառավարի, վերահսկի, մինչդեռ այսօր պետությունը մուտքն է վերահսկում՝ ընդունելության քննություններ է կազմակերպում։ Ըստ Արմեն Դարբինյանի, ընդունելության քննությունները բուհի գործառույթն է, ոչ թե պետության, պետությունը պետք է վերահսկի բուհի ելքի չափանիշները՝ ինչպիսի մասնագետներ է ուզում ունենալ։
«Իմ պատկերացմամբ՝ հայաստանյան ցանկացած բուհի շրջանավարտ պետք է տիրապետի առնվազն երկու օտար լեզուների։ Այ, սա պետք է պետությունը վերահսկի, պետք է չափանիշները սահմանի եւ վերահսկողության ամենախիստ մոդելները կիրառի բուհերի գործունեության նկատմամբ։ Այսօր դա չկա, ուղղակի մտնում են բուհ, սկսում են կառավարել բուհի գործառույթը։ Սա բացարձակ սխալ է։ Թողեք բուհերն ազատ զարգանան, բայց վերահսկեք նրանց կրթական գործընթացը, սահմանեք այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են լավագույն մասնագետ ունենալու համար, այն չափանիշները, որոնք ուղղակի պարտադիր են ՀՀ ցանկացած բուհի դիպլոմ ստանալու համար։ Բայց մի՛ մտեք բուհի ներս, մի՛ փորձեք կառավարել իր բնույթով ինքնավար կառույցը, ակադեմիական կառույցը, պրոֆեսորներին մի՛ փորձեք կառավարել, մի՛ ասեք, որ պրոֆեսորները չունեն կառավարելու հմտություն ու անպայման չինովնիկը կամ կուսակցականը պետք է գա կառավարի։ Դա անհեթեթություն է։ Մենք պայքարում ենք դրա դեմ»,-ասում է ռեկտորը։
Նրա նշում է՝ համալսարանի գիտական ամբիոնների ուժերով մի հայեցակարգ են մշակել, ըստ որի՝ համարում են, թե բուհերի ազատությունը սահմանադրական արժեք է եւ փորձելու են ազդել սահմանադրական փոփոխությունների վրա, որ այս հայեցակարգն ամրագրվի։
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորին, ինչպես ասում է պարոն Դարբինյանը, համալսարանական հանրությունն է ընտրում, որտեղ մասնակցություն ունի նա ուսանողությունը՝ առնվազն 25%, շրջանավարտները նույնպես մասնակցություն ունեն․ «Լավագույն մոդելն է։ Բայց ընտրության իրավունքը վերցնել ու տալ չինովնիկական մարմնին՝ անթույլատրելի է։ Հայաստանի բուհական համակարգի թիվ մեկ չարիքը հենց դա է՝ չինովնիկների կողմից բուհի ներսում կառավարման գործառույթների ստանձնելը»։
Կարդացեք նաև
Պարոն Դարբինյանի նշած մոդելը ամրագրված է հայ-ռուսական միջպետական համաձայնագրով։ Հարցին՝ իսկ եթե այդ համաձայնագիրը փոխվի՞, ռեկտորը պատասխանեց․ «Հիմա նման միտումներ կան՝ սահմանափակելու այդ ազատությունը, հնարավորինս չափ ճնշել եւ կառավարելի դարձնել։ Դա մեծ հարված կլինի համալսարանի գործառույթներին եւ որակին։ Մեր համալսարանական հանրությունը դիմակայում է։ Բայց եթե համալսարանական այդ ազատությունը ուղղակի հանվի մեր համալսարանի սկզբնավորման փաստաթղթերից, եթե նոր համաձայնագիր կնքվի, եթե որեւէ բան խանգարի կարգավիճակի զարգացմանը՝ ես հաջորդ վայրկյանին հրաժարական կտամ»։
Մանրամասն՝ տեսանյութում