Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է 2021թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ «Հայաստանը» պահպանել է իր 89-րդ տեղը և «հիբրիդային ռեժիմի» տիտղոսը

Փետրվար 11,2022 14:13

Բրիտանական «Էքոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 2021 թվականին բարելավել է իր ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը 0.14 միավորով 2020 թվականի համեմատ: Հայաստանն, այսպիսով, 89-րդն է աշխարհում՝ ժողովրդավարության ինդեքսի առումով, և առաջատարը տարածաշրջանում:

Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնում է․ «Ըստ Էքոնոմիստի՝ 2021 թվականի հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տուրբուլենտության և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին հանրային հզոր մանդատ: Պարոն Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020 թվականի ռեցեսիայից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո։  Սա թույլ տվեց կառավարությանը շարունակել իր ժողովրդավարական բարեփոխումները:

Ինչևէ, Էքոնոմիստը նաև նշել է, որ չնայած ժողովրդավարության ցուցանիշի բարելավմանը, Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ, այդուհանդերձ, կան որոշակի մտահոգություններ: Մասնավորապես՝ դատական ​​իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված»։

«Ազատություն». Զեկույցը կազմելիս, փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնարար գործոններ՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

Դրանց վերլուծությամբ էլ տվյալ երկիրը ստանում է ընդհանուր գնահատական և որոշվում է երկրի տեղը սանղկակում:

Հայաստանը համարվում է հիբրիդային իշխանակարգով երկիր: Ընտրական գործընթացների և բազմակարծության գնահատականը՝ 5 և կես, կառավարության գործունեության արդյունավետությունը՝ 5.71, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5:

Այսպիսով Հայաստանին տրվել է ընդհանուր գնահատական՝ 5.49, որով երկիրը 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչով զբաղեցրել է 89-րդ տեղը:

Հարկ է նշել, որ Հայաստանը տարածաշրջանում ունի լավագույն դիրքը: Իրավապաշտպան հեղինակավոր միջազգային կենտրոնները դեմոկրատիայի գործընթացների հարցով ամեն տարի կազմում են տարատեսակ զեկույցներ և շատ հաճախ տարածաշրջանում առաջատար է ճանաչվում Վրաստանը:

Մինչդեռ, այս զեկույցում հարևան երկիրը Հայաստանի պես հիբրիդային է համարվել և 5.12 ընդհանուր գնահատականով 91-րդ տեղն է գրավել: Հիբրիդային է նաև մյուս հարևանը՝ Թուրքիան, որն ունի 4.35 միավոր և 103-րդն է:

Տարածաշրջանի երեք մնացած պետությունները՝ Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը ճանաչվել են ավտորիտար:

Ռուսաստանը 3.24 միավորով 124-րդն է, էլ ավելի վատթար վիճակում Ադրբեջանը՝ 2.68 միավոր, 141-րդ տեղ: Հետնապահն Իրանն է՝ 1.95 միավոր, 154-րդ տեղ:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով այս զեկույցը,  ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։

Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2021թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ «Հայաստանը» պահպանել է իր «պատվավոր» 89-րդ տեղը և «հիբրիդային ռեժիմի» «տիտղոսը»։

Իհարկե, ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։

Օրինակ, ցածր պահելով Վրաստանի գնահատականը՝ ակնհայտորեն փորձ է արվել «պատժել» Վրաստանին՝ Սահակաշվիլիի ձերբակալության համար, Հայաստանի գնահատականի չնչին բարձրացումն էլ նպատակ է հետապնդում խրախուսելու գործող իշխանությունների «գեոպոլիտիկ մարմնավաճառությունը»։

Բացի այդ, զեկույցը ակնհայտ հակաչինական է, անգամ վերնագիրն է այդպիսին՝ «Չինաստանի մարտահրավերը»։ Ուստի Նիկոլի տեսանելի հակաչինական քայլերը պիտի գնահատանքի արժանանային Լոնդոնի կողմից։

Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում։

Նույնիսկ այսքան մեզ տանջելով, Արցախը կորցնելով, 5000 տղաների զոհաբերելով, ազգային սկզբունքներից և կարմիր գծերից հրաժարվելով և «խաղաղության դարաշրջանի» կեղծ քարոզչություն սկսելով գործող իշխանությունները մնացել հեն «հիբրիդային ռեժիմների» դաշտում՝ հանգրվանելով այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են օրինակ Հոնդուրասը, Գվատեմալան, Մադագասկարն ու Տանզանիան (Նիկոլի լոգիկայով պարզվում է, որ ժողովրդավարությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև այս երկրների բրենդն է)։

Հետաքրքրական է, որ Հայաստանի ցուցանիշներից չնչին ավելացել է կառավարության գործունեության գնահատականը, որը ուղիղ ժեստ է աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների կողմից ուղղված Նիկոլի կառավարությանը՝ հաշվի առնելով վերջինիս զիջողականությունը և տարածաշրջանում նոր զիջումներ կատարելու պատրաստակամությունը։

Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող Բրիտանիայի դեպքում այդ զիջողականությունը «բարձր» է գնահատվել։

Հայաստանում Ժողովրդավարության հարցը հիմա առհասարակ կեղծ օրակարգ է երկու պատճառով՝

1․Երկրի ներսում ակնհայտ է, որ ավտորիտար միտումներն ուժեղացել են (դրա մասին բրիտանացիները չէ, որ մեզ պետք է ասեն, դա կփաստի Երևանի փողոցներով անցնող ցանկացած քաղաքացի)։

2․Հայաստանի ժողովրդավարացման անվան տակ 2018թ-ին իշխանության եկավ ազգային աղետը, որը 44-օրյա պատերազմից հետո նոր խայտառակ մակարդակի հասցրեց և էլ ավելի սաստկացրեց Հայաստանի ազգային անվտանգության մարտահրավերները։

Բզկտվող եւ ավտորիտար Հայաստանում «ժողովրդավարություն» խաղացնելը սրիկաների վերջին հանգրվանն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28