Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դարբինյան․ «Տարբեր տեսակի նկրտումներ կան մեր համալսարանի այս կարգավիճակը փոխելու համար»

Փետրվար 11,2022 13:54

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցում անդրադառնալով իր ղեկավարած համալսարանին եւ դրա մոդելին, ասում է՝ Հայ-ռուսական hամալսարանն իր բնույթով եզակի է, եւ եզակի է հատկապես այսօրվա Հայաստանում՝ իր ակադեմիական ազատության դրսեւորումներով, ազատ քննարկումներ կազմակերպելու ունակություններով, քաղաքական ճնշումներից դուրս լինելու իմաստով։ «Տարբեր ուղղություններից ճնշումներ կարող են գործադրվել՝ ազատությունները սահմանափակելու, բայց որեւէ բան չի խոչընդոտել համալսարանի գործունեությանը»,-նշում է պարոն Դարբինյանը։

Նրա խոսքով՝ սա միակ համալսարանն է, որտեղ չկա քաղաքական ճնշում, կառավարմանը չկա քաղաքական մասնակցություն, գիտական խորհուրդն ու համալսարանի ընդհանուր ժողովն է կառավարչական որոշումներ կայացնում, այսինքն՝ չկա քաղաքական ուղղորդում․ «Այս իմաստով, մենք կարողացել ենք դրսեւորել ազատ համալսարանի լավագույն որակները եւ կարողացել ենք բոլոր իմաստներով՝ գիտության զարգացման, կրթական պրոցեսի կազմակերպման իմաստով, դառնալ երկրում առաջատարը եւ միջազգայնորեն ճանաչված եւ հարգված կրթական եւ գիտական օջախ։ Դրանում առանցքային դեր ունի հենց ակադեմիական ազատությունը, որը կարողացել ենք կիրառել։ Այս իմաստով ես գոհ եւ շնորհակալ եմ անձնակազմից, ի տարբերություն այլ համալսարանական հանրության ներկայացուցիչների, որոնք, ցավոք, գտնվել են եւ շարունակում են գտնվել քաղաքական ճնշման ներքո»։

Արմեն Դարբինյանն ասում է՝ Հայաստանում ընդունվեց այն մոդելը, որ պետությունը պետք է անմիջապես մասնակցություն ունենա բուհերի կառավարմանը, ինչը շատ սխալ մոտեցում է, եւ այս միտումը շարունակվում է տարբեր իշխանությունների ժամանակ․ «Ոչինչ չի փոխվում, մի բան էլ գռեհկանում է։ Փորձում են այդ մասնակցությանը օրենսդրական մասնակցություն տալ։ Բուհն ինքնակառավարվող մարմին է, բուհը չի կարելի կողքից եւ կամ վերեւից կառավարվել»։

Ակադեմիական ազատության, եւ ընդհանրապես ինքնակառավարվող, քաղաքական ազդեցությունից ազատ համալսարաններն, ըստ պարոն Դարբինյանի, ժողովրդավարական, զարգացող պետության հիմնաքարերից մեկն են․ «Ցավում եմ, որ հայաստանյան իրականության մեջ նման մոտեցումը դեռեւս չի կիրառվել, միակ համալսարանն ենք, որ կիրառում ենք։ Տարբեր տեսակի նկրտումներ կան մեր համալսարանի այս կարգավիճակը փոխելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28