«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն ու գործի հիման վրա ստեղծված կինոնկարի առաջնախաղը, որին ներկա էին դետեկտիվի սիրահարները: Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գիրք հրատարակվել է «Էդիթ պրինտ» հրատարակչության եւ Sunny city-ի ընկերության համատեղ ջանքերով: Նախագիծն ու միջոցառումը նպատակաուղղված են ընթերցանության զարգացմանն ու տարածմանը, եւ այս համատեքստում՝ մեկ տարվա ընթացքում կհրապարակվի մոտ 30 գիրք՝ Ագաթա Քրիստիից:
«Այսօրվան երկար ենք պատրաստվել, որպեսզի ձեզ ներկայացնենք բացառիկ մի նախաձեռնություն՝ Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գրքի թարգմանությունը: Գուցե մտածեք՝ ինչու հենց դետեկտիվ, սակայն պատասխանն ակնհայտ է՝ ես ինքս դետեկտիվի սիրահար եմ, իսկ ներկաների մեծ թիվը փաստում է այն, որ միակը չեմ: Այս տարին մեզ համար «Ագաթա Քրիստիի տարի է լինելու: Ըստ իս՝ այսօրվա ընթերցողները, վաղվա մեր առաջնորդներն են: Հայաստանի այս ծանր շրջանում մենք պետք է լծվենք ընթերցողների եւ մտածողների թվի կտրուկ ավելացմանը, հնարավորություն տանք մեր քաղաքացիներին կարդալու համաշխարհային գրականությունը՝ մայրենի լեզվով, պիտի յուրաքանչյուրի մեջ փորձենք արթնացնել գրականության հանդեպ հետաքրքրությունը: Գիրքը պետք է դառնալ մեր մութ օրերի արեւը,- ասաց Sunny city ընկերության նախագահ Հովհաննես Արիստակեսյանը:
«Էդիտ պրինտի» մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի ձեւակերպմամբ, Ագաթա Քրիստիի գրքերը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մեծ պահանջարկ ունեն, այդ է պատճառը, որ «Էդիթ պրինտը» պարբերաբար թարգմանում է նրա գործերը, իսկ «Մահ Նեղոսի վրա» վեպը արդեն 7-րդ թարգմանված գիրքն է:
Կարդացեք նաև
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ