Լրահոս
Օրվա լրահոսը

Ափսոսում ենք, որ քաղաքական ուղեծրին է զոհաբերվել մասնագիտությունը․ Արման Թաթոյանը պատասխանել է ԲԴԽ-ին ու Վլադիմիր Վարդանյանին

Փետրվար 11,2022 11:18

Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխանի տա. եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ Պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը:

Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման: Միայն այդ դեպքում կհիմնավորվի, որ Պաշտպանի հայտարարությունը միակողմանի է կամ անհիմն:

Իսկ եթե հարգարժան Բարձրագույն դատական խորհուրդը դա չի անելու կամ չունի վստահություն իր հայտարարությունների նկատմամբ, ապա պետք է միշտ հիշի, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երբեք չի խոսում առանց հիմքերի ու փաստերի:

Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարության բոլոր այն մասերը, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են, ստուգված են ու հիմնված են փաստերի վրա: Մնացած մասերով Պաշտպանը հատուկ է հղում արել քննության անհրաժեշտությանը:

Վերջապես, Բարձրագույն դատական խորհուրդն ինքն է նշում, որ դատարան է հանդես եկել Բորիս Բախշիյանի գործով, և դա ճիշտ պնդում է ու դա ընդունում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ խոսքն օրենքի պահանջի մասին է:

Բա այդ դեպքում ինչպե՞ս էր Բարձրագույն դատական խորհուրդը պատկերացնում, որ Մարդու իրավունքների պաշտպան պետք է իրենից պարզաբանումներ պահանջեր, երբ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքով դա արգելված է:

Բայց Բորիս Բախշիյանի գործով գլխավոր հարցն այլ տեղում է. այս գործը պարունակում է համակարգային վտանգներ. դատական բողոքարկման սահմանված ընթացակարգերը քրեական հետապնդման «մեքենայով» փոխարինելը և իրավապահ մարմինների համար այդ «մեքենայի դուռը բացելը»: Դա իր հերթին վտանգավոր է ոչ միայն դատական իշխանության անկախության, այլ նաև դատարաններում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ստացվում է, որ մարդուն կալանքից ազատելիս կամ քրեական հետապնդման մարմնին զայրացնող գործողություն կատարելիս, օրինակ՝ մարդուն կալանքից ազատելիս, դատավորը պետք է մտածի՝ արդյոք իր որոշման համար չի ենթարկվի քրեական հետապնդման ու չի զրկվի ազատությունից, իսկ ԲԴԽ-ն էլ ցածր իրավական շեմերով բավարարելու է քրեական հետապնդման մարմնի խնդրանքները:

Հատկապես մտահոգիչ էր տեսնել, թե ինչպես է Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարությանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված վիրավորական ձևակերպումներով արձագանքել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր լիազորությունները և պատասխանատվությունը:

Իր այս հեգնական գնահատականը հիմնավորելու համար պարոն Վարդանյանը քաղաքական մղումներով հրապարակային գանգատվել է, որ երբ իրենք խնդրում են պաշտպանել պաշտոնյաներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դա չի անում:

Նախ, այս աստիճան բարձր շահարկում թույլ չտալու համար պարտադիր ենք համարում պարզաբանել հետևյալը. Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր այդ հայտարարությունները վերաբերել են նրան, որ Պաշտպանը չի կարող պաշտպանել քաղաքացուց պաշտոնյային կամ պետական ծառայողին, իսկ դատավոր Բորիս Բախշիյանի դեպքում խոսքը վերաբերում է նրա անձնական իրավունքների միջամտությանը պետական հարկադրանքով ու քրեական հետապնդումով:

Այսինքն՝ նրա բոլոր այն իրավունքներին, որոնք չեն առնչվում ծառայողական լիազորություններին, ունեն անձնական բնույթ և ենթարկվել են պետության պետաիշխանական [հարկադրանքով] միջամտության: Բազում են օրինակները, որոնք հիմնավորում են այս պնդումները. հուսով ենք՝ պարոն Վարդանյանը մտաբերում է դրանք:

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ու հրապարակային էր անդրադարձել այս գործին՝ հաշվի առնելով դրա բացառիկ բնույթը և համակարգային նշանակությունը դատական իշխանության պաշտպանության ու մարդու իրավունքների համար: Կարծում ենք քաղաքական մղումներով ընկալումների փոխարեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին պետք է մտահոգեր այն, թե ինչպես կարելի է լուծել Պաշտպանի հայտարարությունից բխող խնդիրները կամ քննարկել դրանց արմատները:

Ուստի, այո՛, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիմք էլ է կրկնում, որ չի պատրաստվում պաշտոնյային պաշտպանել ընդդեմ քաղաքացիների. դա իր գործառույթը չէ:

Ու, առհասարակ, բոլոր պաշտոնյաներին խստիվ պահանջ՝ չփորձել մարդու իրավունքների խախտումները թաքցնել քաղաքական շղարշով և շահարկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններն ու առավել ևս հեգնանքով մոտենալ մասնագիտական հարցերին:

Ափսոսում ենք, որ քաղաքական ուղեծրին է զոհաբերվել մասնագիտությունը: Սա իրավական պետության քայքայման վառ օրինակ է:

Իրավական հարցերին այս աստիճան «իջեցված» վերաբերմունքը ցույց է տալիս, թե ինչ աստիճան է քաղաքականացվել իրավունքը և ինչ համակարգային վտանգներ են գլուխ բարձրացրել:

Ցանկացած պարագայում, Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է Բորիս Բախշիյանի իրավունքների վերաբերյալ քննարկման վարույթը և պնդում է, որ տեղի է ունեցել նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքների կոպիտ ոտնահարում:

Խնդիրներն ու մտահոգությունները բնույթով այնպիսին են, որ Պաշտպանը դրանք դիտարկում է դատական իշխանության անկախության ու դատավորների ինքնուրույնության, հետևաբար նաև՝ երկրում մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից:

Այս գործը պետք է արժանան մանրամասն քննության՝ հանրային, այդ թվում՝ մասնագիտական պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ հրապարակայնություն ապահովելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28