Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի Բրյուսել այցի ընթացքում վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը

Փետրվար 11,2022 11:05

11 Փետրվար, Բրյուսել – «Արցախի արտգործնախարարի այցը Բրյուսել կարևորում ենք նաև այն պատճառով, որ սա հետպատերազմյան փուլում ԵՄ մայրաքաղաք նրա առաջին այցն էր», ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ և ջանքերով փետրվարի 7-10 տեղի ունեցավ Ա․Հ․ արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել։

Այցի ընթացքում վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում (ԵԽ) Արցախի հետ բարեկամության խումբը՝ գլխավոր քաղաքական խմբակցություններից պատգամավորների լայն շրջանակի մասնակցությամբ։ Եվրապատգամավորներին հանգամանորեն ներկայացվեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որի հիմքում տասնամյակներով Ադրբեջանում պետական հովանավորչությամբ քարոզվող և խորապես արմատացած հայատյացությունն է։

Ա․Հ․ Արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ Բելգիայի Դաշնային Խորհրդարանում Հայաստանի և Վրաստանի բարեկամության խմբի անդամ-սենատորների, Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության շրջանակի, ինչպես նաև Ֆլամանդական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Նախարարը նաև դասախոսություն կարդաց Արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Գերմանիայի առաջատար իրավաբանական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողների համար, ովքեր այցով գտնվում էին Բրյուսելում։ Այցն ամփոփվեց Բելգիայի Հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։

Բոլոր հանդիպումների առանցքային թեմաների շարքում էին Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմությունը կեղծելուն միտված ադրբեջանական քաղաքականությունը, ինչպես նաև դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով այցին՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց. «Ինչպես և անցյալում, այժմ էլ մեր ողջ ներուժով աշխատում ենք Եվրոպական քաղաքական շրջանակներում լսելի դարձնել Արցախի մեր հայրենակիցների ձայնը և իրազեկել Ադրբեջանի ագրեսիվ, կործանարար քաղաքականության վերաբերյալ։ Կարևորում ենք Արցախի արտգործնախարարի այցը Բրյուսել նաև այն պատճառով, որ սա հետպատերազմյան փուլում նրա առաջին այցն էր ԵՄ մայրաքաղաք»։

«Թեկուզ ծանր եւ վիրավոր, բայց Արցախն այսօր շարունակում է ապրել։ Բոլորիս պարտքն է նվիրումով տեր կանգնել մեր ժողովրդի արդար իրավունքներին և պաշտպանել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական շահը», ամփոփեց Գասպար Կարապետյանը։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28