Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գարեգին Խլղաթյանն իրավական հնարավոր հետևանքների վախից էլ, կարծում եմ, որոշել է դիմել ոստիկանություն». Արևիկ Մկրտչյան

Փետրվար 11,2022 10:47

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ներկայացվել, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանն այգում աշխատանքի է ընդունել իր համախոհներին:

Դիմումատուն՝ Գ.Խ.-ն է: Նրա՝ ոստիկանությանը ներկայացված դիմումի համաձայն՝ այդ անձինք օգոստոս ամսից աշխատանքի չեն գնացել, սակայն ստացել են աշխատավարձ և պարգևավճարներ: Ըստ հաղորդման՝ Արևիկ Մկրտչյանը նաև այգու անունից «Սեփափ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր գույքագրման հանձնման և ընդունման ծառայության համար, դրա դիմաց նշված ՍՊԸ-ին վճարել է 980.000 ՀՀ դրամ: Գ. Խ.-ի պնդմամբ՝ այդ ՍՊԸ-ն որևէ ծառայություն չի մատուցել և ԱՁ Ա.Գ.-ից գնել է 493 կգ միս՝ վճարելով 986.000 ՀՀ դրամ, սակայն Ա.Գ.-ն չի մասնակցել որևէ մրցույթի: «Առավոտի» տեղեկություններով՝ Գ.Խ.-ի դիմումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Aravot.am-ն այս առիթով պարզաբանումներ ստացավ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանից: Խոսելով հաստիքների համալրման մասին՝ նա նշեց. «Երևանի կենդանաբանական այգում հաստիքների համալրման տարբեր եղանակներ կան. թափուր հաստիքների վերաբերյալ ամսական տեղեկատվություն է ուղարկվում Երևանի քաղաքապետարան, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկացվում Միասնական սոցիալական զբաղվածության կենտրոն, տեղադրվում այգու սոցցանցերի էջերում, տարածվում այլ միջոցներով»:

Նա հայտնեց, որ, օրինակ, վերջերս Կենդանաբանական այգում աշխատանքի են անցել Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանվածներ և հավաստիացրեց՝ նրանք մեծ նվիրումով են կատարում իրենց ամենօրյա աշխատանքը:

Պարգևավճարների մասին էլ պարզաբանեց. «Երևանի կենդանաբանական այգու 2021թ. նախահաշվով էլ պարգևավճարներ նախատեսված չեն, հետևաբար չէին կարող վճարվել»:

Մսի մատակարարման և գույքագրման ծառայությունների հետ կապված իր հասցեին հնչած մեղադրանքների առիթով՝ Արևիկ Մկրտչյանն ասաց. «Կենդանաբանական այգու մսի մատակարարը 2021թ. ընթացքում եղել է Լեբրոն ՍՊԸ-ն, որը նաև ՀՀ մանկապարտեզների մսի խոշոր մատակարար է: Մասնակիցը 2021թ.-ին ընտրվել է մրցույթով, որի մասին տեղեկատվությունը պատշաճ կերպով արտացոլված է ՀՀ գնումների պաշտոնական կայքում: Գույքագրման ծառայությունների մատուցումը մասնագիտացված կազմակերպության կողմից կատարվել է՝ ըստ պայմանագրում նշված տեխնիկական բնութագրի, ընդ որում, այգու ապրանքանյութական արժեքների գույքագրմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Գույքագրման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, էական պակասորդ և տարբերություններ, որից անմիջապես հետո այգու գլխավոր հաշվապահն ու պահեստների վարման համար պատասխանատու հաշվապահը, ինչպես նաև նյութական պատասխանատու աշխատակիցները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ: Էական խախտումներ են հայտնաբերվել մասնավորապես Գարեգին Խլղաթյանի աշխատանքային հատվածում, իսկ վերջինիս կողմից Կենդանաբանական այգուն պատճառված նյութական վնասի չափը ներկայումս գնահատվում է: Հետաքրքրական է, որ վերջինիս աշխատանքային շրջանում Կենդանաբանական այգու թռչունների բաժնում բազմացումը և ձվադրումը եղել է գրեթե զրոյական: Մասնավորապես գույքագրմամբ պարզվել է, որ Գարեգին Խլղաթյանը Կենդանաբանական այգու միջոցների և ռեսուրսների հաշվին այստեղ է պահել իր կողմից այգի բերված տասնյակ թռչունների, դրանց կերակրել և պահել այգու ծախսերով՝ պետական միջոցների հաշվին, որի նպատակը, թերևս, կենդանիներին բուծելը և վաճառելն էր՝ յուրաքանչյուրը մինչև 500 հազար դրամով: Այս և այլ գործընթացներին իրավական արձագանքի և դրա հնարավոր հետևանքների վախից էլ, կարծում եմ, Գարեգին Խլղաթյանը որոշել է դիմել ոստիկանություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արևիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28