Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան–Քաջարան հատվածի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

Փետրվար 11,2022 10:35

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։

Փոխվարչապետը, անդրադառնալով Ծրագրի կարևորությանն ու ակնկալվող արդյունքներին, նշել է, որ Սիսիան–Քաջարան հատվածի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է։ «Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը, նպաստել դրանց տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը։

Օրակարգային թեմայի շրջանակում նիստի մասնակիցները քննարկել են մրցութային գործընթացի պատշաճ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել II–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որոնցից ամենաերկարը` Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ:

Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել շուրջ 100 կմ/ժ, երթևեկության տևողության ժամանակը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաև բարձրացնել հարմարավետությունն ու անվտանգությունը։

Նշենք նաև, որ Ծրագիրը ներառված է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշ 2–ում, որի շրջանակներում կառավարությունն արդյունավետ համագործակցում է Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ գործընկերների հետ՝ Ծրագրի հետագա ֆինանսավորման և իրագործման ուղղությամբ։

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28