Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան․ «Նախկինում, երբ դատավորներն ապօրինի կալանք էին տալիս, եւ ոչ մի դատավոր չէր պատժվում, դա՞ էր լավ, թե՞ երբ»․ «Հրապարակ»

Փետրվար 11,2022 10:24

Նիկոլ Փաշինյանը, ոգեւորված ԵԽԽՎ-ի զեկույցներով, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, ու որպես առհավատչյա՝ բերեց օրինակ, տեսե՞լ եք՝ ես, ավտոմատը ձեռքիս, փողոցով քայլեմ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, ավտոմատով շրջել է փողոցներում, Փաշինյանը նրան էր ակնարկում։ Ոչինչ, որ մեզանում համատարած բռնաճնշումներ են, խոսքի ազատության ու մամուլի ոտնահարումներ, դատական համակարգի նկատմամբ տեռոր, դատավորների կալանավորումներ` քաղաքական հրահանգով, լրագրողների աշխատանքի սահմանափակումներ, ընդդիմադիր պատգամավորների ծեծ եւ այլն։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը դատավորների նկատմամբ հետապնդումների «անմեղ» մեղավորներից է, մեզ հետ զրույցում ասաց, թե մի փոքր ճիշտ չենք ներկայացնում Փաշինյանի ասածները։

«Տարբեր հարցերի պատասխաններից Դուք 2 առանձին հարց վերցրել եք, եթե ուշադիր լինեք, կտեսնեք՝ մեկը վերաբերում էր զինված հեղաշրջմանը, այ, դրա մասին էր ավտոմատը, մյուսը վերաբերում էր, ընդհանրապես, ժողովրդավարացման խնդիրներին։ Ինչ վերաբերում է վարչապետի խոսքին, որ ժողովրդավարությունը մեր բրենդն է, խնդրում եմ՝ բացեք միջազգային այն կառույցների, Եվրոպայի խորհրդի, այլ կառույցների գնահատականները, տեսեք։ Նույնիսկ ընդդիմությունն այնքան է վրդովվում, որ իրենց հետ համաձայն չեն մեր միջազգային գործընկերները, որ էդ ժողովրդավարական ցուցանիշներին ուզում են ամեն կերպ չհամաձայնել, նույնիսկ դեմ են քվեարկում դրանց»,- ասաց նա։

– Դատավորների մասով էլ․ 93 դատավոր հայտարարություն էին տարածել, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Մենք չենք հիշում նախկինում այդպիսի դեպք, որ դատավորին իր կայացրած վճռի համար քրեական հետապնդման ենթարկեին, այն էլ՝ ակնհայտ քաղաքական ենթատեքստով։

– Նախկինում, երբ դատավորներն ապօրինի կալանք էին տալիս, եւ ոչ մի դատավոր չէր պատժվում, դա՞ էր լավ, թե՞ երբ… ես անձերի մասին չեմ խոսում, որովհետեւ ես գործի մանրամասների մեջ իրավունք չունեմ մտնելու, ընդհանրապես, հարց եմ տալիս՝ ո՞րն է լավ, որ ապօրինի կալանք տված դատավորին պատասխանատվության ենթարկե՞ն, թե՞ չենթարկեն։ Հիմա, փաստորեն, էդ դատավոր ընկերները նեղված են, որ ապօրինի կալանք տված դատավորի մասով կա քրեական գո՞րծ։

– Դա թող քննությունը պարզի՝ ապօրինի՞ է, թե՞ ոչ։

– Դե, պարզում է, բա ինչո՞ւ եք միջամտում, ինչո՞ւ են էդ 93 դատավորները ճնշում դատարանին, չէ՞ որ սա էլ է ճնշում, սա քաղաքական ճնշում է դատարանի նկատմամբ։

– Բայց այդ դատավորը սերիական մարդասպա՞ն է, վտանգավոր հանցագո՞րծ է, որ պետք է կալանքի տակ գտնվի՝ մինչեւ նախաքննության ավարտը։

– Ես էդպիսի բան չեմ ասում, դա մյուս դատավորն է որոշել, այն մի դատավորը, որը որոշել է այս մյուս դատավորի ճակատագիրը, այն 9 դատավորը ԲԴԽ-ում, որ որոշել են թույլ տալ այս ամեն ինչը։ Սրանք բոլորը դատարանների որոշումն են։ Եվ ասել, որ 93, թե 1093 դատավոր իրավունք ունեն ճնշել մի դատավորի, կամ հազար նախարար իրավունք ունի ճնշել մի դատավորի` նույնն է։ Դրա համար թող բոլորը դադարեցնեն ճնշումներն անկախ դատարանի վրա՝ լրագրող կլինի, նախարար կլինի, թե այլ դատավոր կլինի։

– Ի դեպ, այդ մի դատավորը, որը կալանքի որոշումն է կայացրել, 2018-ին Նիկոլ Փաշինյանի դիրիժորությամբ թմբուկ էր խփում եւ քաղաքականացված է։

– Իսկ էդ մյուս 9 ԲԴԽ դատավորները, որ միաձայն թույլ են տվել, որ քրեական հետապնդում լինի, նրա՞նք ինչ են խփել։

– Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ ե՛ւ ԲԴԽ-ն, ե՛ւ Սահմանադրական դատարանն իր բռի մեջ հավաքի։

– Իսկ երբ այդ նույն ԲԴԽ-ն մերժում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատող նախարարի գրեթե բոլոր միջնորդություննե՞րը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28