Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում քննարկվում է կառավարման համակարգի փոփոխության հարցը, այս անգամ՝ հօգուտ կիսանախագահականի․ «Անալիտիկոն»

Փետրվար 11,2022 09:30

Հատկանշական է, որ իր գոյության այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետությունում 1991 թվականից ի վեր փորձարկվել են կառավարման բոլոր համակարգերը՝ խորհրդարանականից մինչև «սուպեր» նախագահական, ինչպես երբեմն բնութագրվում է գործող մոդելը։ Առաջին Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին, ամրագրվեց կառավարման կիսանախագահական համակարգը՝ որպես առավելություն 90-ականներին գործող խորհրդարանական կառավարման՝ հաշվի առնելով չլուծված հակամարտության պայմաններում գտնվող երկրի պահանջները։ 2015 թվականին, երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն անցում կատարեց խորհրդարանական կառավարման, Արցախում նույնպես սկսեցին խոսել խորհրդարանական համակարգին վերադառնալու մասին, սակայն 2016 թվականի Ապրիլյան պատերազմը «շտկումներ» արեց հօգուտ նախագահի ուժեղ ինստիտուտի, և 2017 թվականի Սահմանադրությամբ Արցախում ամրագրվեց կառավարման նախագահական համակարգը։

Այսօր՝ սահմանադրական նոր փոփոխությունների շեմին, ևս քննարկվում է կառավարման համակարգի փոփոխության հարցը, այս անգամ՝ հօգուտ կիսանախագահականի։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով, այդքան էական չէ՝ կլինի նախագահական, թե կիսանախագահական. «Ուղղակի նախագահական կառավարման դեպքում նախագահը միաժամանակ և’ պետության գլուխն է, և’ գործադիր իշխանության՝ կառավարության ղեկավարը, ինչը ծանրաբեռնվածություն է ստեղծում»։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշեց, որ թեև իրենց քաղաքական ուժը միշտ հանդես է եկել կառավարման խորհրդարանական համակարգի օգտին, սակայն, հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, մասնակցելու են կառավարման այլ մոդելների քննարկումներին։ «Նախընտրելի է, որ ներդաշնակություն լինի Արցախի ու Հայաստանի կառավարման համակարգերի միջև, հաշվի առնելով հայկական երկու պետությունների ընդհանուր դաշտը՝ անվտանգային, տնտեսական, օրենսդրական և այլն, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերները»։

Սահմանադրությունը փոխելիս անցյալ անգամ ևս առաջ էր քաշվում իշխանությունների լիազորությունների հավասարակշռությունն ապահովելու թեզը, մասնավորապես, որ կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում Ազգային ժողովը չի կարող իրական հակակշիռ լինել Հանրապետության նախագահին, քանի որ նախագահին հակադրվելու պարագայում այն կարող է արձակվել վարչապետի պաշտոնանկության և նոր կառավարության ձևավորման ընթացակարգի արդյունքում:

«Խնդիրը Սահմանադրության մեջ չէ, այլ Սահմանադրության իրավական-կազմակերպական իրացման մեջ», – նշեց խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով քաղաքական ուժերի կամքի կարևորությունը և հավելելով. «Ազգային ժողովը գործող Սահմանադրությամբ օժտված է բավարար լիազորություններով՝ վերահսկողություն իրականացնելու համար, իսկ օրենսդիր-գործադիր զսպումների մեխանիզմները մայր օրենքում հստակ են։ Ամեն դեպքում, մեր քաղաքական ուժը բավարար ժամանակ ունի իր մոտեցումները ներկայացնելու հանձնաժողովին»։

Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն և հանրային պահանջ այս պահին չեն տեսնում հանրության շրջանակներում։ «Չկա որևէ առանցքային խնդիր, որ մայր օրենքը չի կարող լուծել»,- համոզված է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, ում կարծիքով սահմանադրական փոփոխությունները և կառավարման կիսանախագահական համակարգի ընտրությունը պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Երևանի կողմից հնարավոր ճնշումների դեպքում նախագահի ինստիտուտը միայնակ չկրի պատասխանատվության ողջ բեռը և այն կիսի խորհրդարանի հետ։ «Որպեսզի երկրի ճակատագրի համար առանցքային որոշումները նախագահը միայնակ չընդունի, դա արվի Ազգային ժողովի միջոցով»,- ընդգծում է փաստաբանը, հավանական փոփոխությունների շարքում դիտարկելով նաև ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը՝ հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությամբ պայմանավորված իրողությունները։

Սահմանադրական բարեփոխումներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Պետնախարարի խոսքերով՝ ժամկետների առումով այս պահին հստակ դժվար է որևէ բան ասել, քանի որ դա քաղաքական ուժերի պայմանավորվելու հարց է։

Հանրային այն մտահոգություններին, թե հնարավո՞ր չէ, որ Ադրբեջանը խոչընդոտներ ստեղծի հանրաքվեի և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների արձագանքն այն էր, որ Ադրբեջանն այս բոլոր տարիներին միշտ էլ փորձել է խոչընդոտել Արցախում անցկացվող ընտրություններին, որը, սակայն, չի խանգարել դրանք ըստ պատշաճի անցկացնել։ «Տարբերությունն այն է, որ Ադրբեջանն այժմ ֆիզիկապես ավելի մոտ է», նշեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Արդյո՞ք նոր Սահմանադրությամբ ամրագրվելու է բռնազավթված տարածքների կարգավիճակը, լինելու՞ են այլ փոփոխություններ. խորհրդարանական քաղաքական ուժերն այս փուլում, բացի նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրությունները միմյանցից անջատելու և կառավարման համակարգը փոխելու հարցերից, այլ մանրամասներ չեն ներկայացնում։

Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28