Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը «բրենդը» չի

Փետրվար 11,2022 10:00

Գրականության մեջ հանդիպում են ժողովրդավարության բազմաթիվ տեսակներ՝ «սուվերեն», պլեբիսցիտար, էլիտար (Շումպետեր), պատվիրակային (Օ’Դոնել), մասնակցային (Ֆրոմ) եւ այլն: Ասում են, թե այդ տեսակները 100-ին են հասնում: Հատկապես Կրեմլին մոտ ռուսաստանցի քաղաքագետներն են սիրում այդ թեմայով խոսել. ԱՄՆ-ում մի ձեւի ժողովրդավարություն է, Ռուսաստանում՝ մեկ ուրիշ, Չինաստանում՝ երրորդ տեսակի, եւ ամեն մեկն, այսպես ասած, երջանիկ է իր ձեւով: Տեսականորեն, իհարկե, դեմ չեմ ժողովրդավարությունը տեսակների բաժանելուն, բայց, ինձ թվում է, պետք է լինի ինչ-որ մի չափանիշ, որը թույլ է տալիս տվյալ երեւույթի բոլոր տարատեսակներն անվանել մեկ բառով: Օրինակ, Covid -19-ը ունի տարբեր դրսեւորումներ, բայց կան հատկանիշներ, որոնցով PCR թեստը այդ բոլոր տեսակները նույնականացնում է հենց այդ անունով:

Ինձ համար ժողովրդավարության հիմնական «թեստը» իշխանության վերահսկելիությունն է, դրա թեւերի փոխադարձ հակակշռումներն ու զսպումներն են, այնպիսի մի վիճակ, երբ ողջ իշխանությունը կենտրոնացած չէ առաջին դեմքի ձեռքում: Այդ իմաստով Հայաստանը ժողովրդավարական երկիր երբեք չի եղել: Շատերն ասում են՝ եկեք սահմանադրության մեջ ա՛յս գրենք կամ ա՛յն գրենք, եւ այդ հարցը կլուծվի: Արդեն երեք անգամ տարբեր բաներ գրեցինք, հիմա, կարծես թե, պատրաստվում ենք չորրորդ անգամ գրել, բայց հարցը որեւէ կերպ չի լուծվում: Որովհետեւ ժողովրդավարությունը պայմանավորված չէ թղթի կտորի վրա գրված իմաստուն բառերով, ժողովրդավարությունը մշակույթ է:

Եթե երկրի առաջին դեմքն, ըստ էության, միապետ է, ապա մնացած ոչ ժողովրդավարական դրսեւորումները դրա ածանցյալն են: Միապետը շահագրգռված է ունենալ այնպիսի դատավորներ, որոնք կատարում են իր քմահաճույքները, նա իր «վեզիրներից» պահանջում է հետապնդել ՏԻՄ մարմինների այն ընտրված ղեկավարներին, որոնք կարող են ինքնուրույնություն դրսեւորել, նա իր «օպրիչնիկների» միջոցով աշխատում է լռեցնել բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են:

Եվս մի կարեւոր հանգամանք, որի մասին համեմատաբար քիչ է խոսվում. միապետն ուղարկում է համալսարաններ ղեկավարելու իր կուսակցական «կոմիսարներին», որպեսզի վերջիններս խոչընդոտեն ակադեմիական եւ կրթական ազատությանը: «Վեզիրները», «օպրիչնիկները» եւ «կոմիսարները», անկախ նրանից, թե ինչպես են նրանք այսօր կոչվում, ոչ ժողովրդավարական մշակույթի տարրեր են:

Այնպես որ՝ ժողովրդավարությունն ամենեւին Հայաստանի «բրենդը» չի: Բայց խնդիրը «բրենդ» լինելը կամ չլինելը չէ: Ենթադրենք, բոլոր ժողովրդավար երկրները, բոլոր միջազգային կամ իրավապաշտպան կազմակերպությունները միաձայն հայտարարում են, որ Հայաստանն աշխարհի համար ժողովրդավարության լավագույն օրինակն է: Ի՞նչ է դա մեզ տալիս: Ժողովրդավարությունն, իմ կարծիքով, պետք է նախեւառաջ մեզ՝ մեր ներքին եւ արտաքին խնդիրը լուծելու համար: Դա գործիք է, ոչ թե «բրենդ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Միավորված ազգերի հասարակական կազմակերպությունում («ազգերի լիգա») ամրագրված տվյալ տարածքային միավորի քաղաքացիների համար միակ միջազգային և «ազգային» «բրենդը» փողն է։

  2. Gohar says:

    Բարի լույս ” Առավոտ”․
    Պ-ն Աբրահամյան, հիացած եմ Ձեր կարճ, բայց բովանդակալից վերլուծությունից։
    “․․․ժողովրդավարությունը մշակույթ է”։ Դեռ շա՜տ ջրեր պիտի հոսեն․․․

  3. Հայ says:

    Օրինակ,իմ մեկնաբանությունները հիմնականում չեն հրապարակվում երբ հակասում են Ձեր տեսակետին,բայց լիարժեք համապատասխանում են կայքի կանոններին։
    Եթե Ձեզ իշխանություն տային Դուք էլ բոլորին կանտեսեիք ովքեր Ձեր տեսակետները չեն կիսում։
    Բայց բան չասող, հիացական մեկնաբանությունը, րոպե առաջ հրապարակվում է։

  4. Հայ says:

    Չէ, չեմ ասի,որովհետև անգիր չեմ հիշում… եթե չկա, ուրեմն չկա,հուսով եմ տեխնիկական սխալ է,իմաստը որն է,որ խաբեմ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28