Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանը պահանջել է, սգո սրահի հիմնադիրն էլ փակել է իր բիզնեսը

Փետրվար 11,2022 00:03

Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գործող սգո սրահը տաս օր է՝ փակվել է։

Այս մասին մեզ տեղեկացրեց սգո սրահի հիմնադիրը՝ Գևորգ Թովմասյանը, որը 3 ամիս է՝ վարձակալել էր այդ տարածքը։

Նա ասաց, որ Գյումրու քաղաքապետարանը նոր չափորոշիչներ էր սահմանել, համաձայն որի՝ սգո սրահները չեն գործելու քաղաքի կենտրոնում, ինքն էլ, ենթարկվելով օրենքի պահանջին, հանձնել է վարձակալությամբ վերցված տարածքը։

«Նշված ժամանակահատվածում փակել եմ սգո սրահը, այն այժմ տրվում է վարձակալությամբ։ Հետագայում կերևա՝ այլ տարածքում սգո սրահ կբացե՞մ, կզբաղվե՞մ այդ բիզնեսով, թե՞ ոչ։

Ես երեք ամիս առաջ էի բացել սգո սրահը, քաղաքապետարանը տեղյակ էր, որևէ խնդիր չկար այդ ժամանակ, բայց երբ նոր չափորոշիչներ սահմանեցին, պարտաճանաչորեն, ճիշտ ժամանակին փակեցի»,-ասաց Գևորգ Թովմասյանը։

Գևորգ Թովմասյանը նաև նշեց, որ թեև տարածքը վարձակալությամբ էր վերցրել, բայց որոշակի ծախսեր կատարել էր․ ներքին հարդարման աշխատանքներ էր կատարել, որը մոտ 270 հազար դրամ է նստել իր վրա։

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետարանը դեկտեմբերի վերջին նոր չափորոշիչներ է սահմանել, համաձայն որոնց՝ սգո սրահները պետք է լինեն հասարակական վայրերից, բնակելի տներից, դպրոցներից 100 մետր հեռավորության վրա, չպիտի լինեն առաջին գծում, տեսանելի վայրերում, պարտադիր պիտի ունենան սառնարաններ, սենյակներ, ավտոկայանատեղիներ և այլն։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նախորդ օրը տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր․ «Միանշանակ արգելելու ենք դրանց գործունեությունը, խելամիտ ժամանակ կտրամադրենք այլ վայր տեղափոխելու համար։ Դրանք անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար, սգո սրահները պիտի քաղաքի ծայրամասերում գործեն»։

Մենք այսօր այցելել էինք Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակ ու թեև գրված էր, որ տարածքը վարձակալությամբ է տրվում, այդուհանդերձ թաղի բնակիչները մեզ վստահեցրել էին, որ սգո սրահը դեռ գործում է։ Մինչդեռ պարզվում է Գևորգ Թովմասյանը փետրվարի 1-ից դատարկել է իրերը, փակել իր բիզնեսը։

Նա նաև մեզ տրամադրեց լուսանկարներ՝ ցույց տալով, որ իր վարձակալած կառույցը դատարկված է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28