Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն հրամանատարն ու խիզախ զինվորները

Փետրվար 11,2022 13:30

Ամեն անգամ զինակից ընկերների ու զինվորների հետ խոսելիս, արյանս ամեն բջիջով զգում եմ հրամանատարի անցած փշոտ ու հերոսական ճանապարհը։ Մենք մեր կողքին ապրող այնպիսի հմուտ ու թրծված սպաներ ունենք, ովքեր իրենց ապրածով եւ գաղափարներով ռազմաճակատում տանում են փայլուն հաղթանակներ, ճեղքում շրջափակումն ու զորքին ապահով վայր հասցնում: Իսկ զինվորները…

Նրանք հրամանատարի անունը լսելիս ժպտում են, կրկնակի հպարտություն ապրում, որ պատերազմի ամենաթեժ կռիվներում հրամանատարի խստապահանջ լինելը տանում էր նրանց հաղթանակի: Եվ, ի վերջո, երկար փնտրտուքներից հետո ինձ պատիվ ընձեռվեց հանդիպել ու զրուցել չափից շատ խիստ, բայց մեծ սրտի տեր հրամանատարի հետ։ Մայրաքաղաքի ճանապարհներն ու շենքերը զարդարված էին տոնական շքեղ լույսերով, բայց այդ շքեղության մեջ ամենագեղեցիկը հրամանատարի հետ հանդիպումն էր: Սրճարանի մեծ ու լուսավոր անկյունում, իմ դիմաց նստած էր արծվենի հայացքով, թավ հոնքերով, թիկնեղ, հայոց բանակի լավագույն հրամանատարներից մեկը` ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար Կարեն Ալեքյանը՝ կոկիկ հագնված, սեւ վերնաշապիկով, ծխախոտի գլանակը չհանգած, հաջորդը կպցնելով՝ գեղեցիկ ու խորիմաստ երկար զրուցում ենք:

– Ես էությամբ այնպիսին եմ, որ երբեք չեմ կարող պարտվել բոլոր հարցերում, պիտի պայքարեմ ու քայլեմ առաջ, թեկուզ փշոտ լինի ճանապարհս… Փոքրուց ինձ համար հերոսների կերպարներ են եղել Անդրանիկն ու Չաուշը, սիրուն ոլորած բեղերով, դաշյուններն ու հրացանները ձեռքներին, նրանք քաջաբար պայքարում էին հայրենիքի ազատության համար, եւ բոլորովին մի այլ կերպար էր` Մոնթե Մելքոնյանը։ Նա ինձ համար առաջնորդ է ամեն հարցում։ 2011 թվականն էր, երբ ծառայության անցա Խաղաղապահ բրիգադում։ Խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել եմ Աֆղանստանում եւ Սիրիայում, որոնց ընթացքում պարգեւատրվել եմ մի շարք մեդալներով եւ պատվոգրերով։ Զորամասի կողմից վաշտի հրամանատարի դասընթացների էի «Վազգեն Սարգսյան» ռազմական ինստիտուտում։ Ես մեր կուրսի ավագն էի, հիշում եմ՝ կիրակի օր էր, առավոտյան ժամը յոթը, երբ զանգ ստացա կուրսի ղեկավարից, ասաց՝ «տագնապ է տրված, շուտ հասեք ինստիտուտ»։ Հեռախոսազանգի ավարտից հետո անմիջապես գնացի «Վազգեն Սարգսյան», ղեկավարության կողմից հրահանգ ստացա, այնուհետեւ կուրսով իրար հաջողություն մաղթեցինք եւ գնացինք մեր զորամասերը։ Երբ արդեն բրիգադում էի՝ ոչ մեկը չկար, բոլորը գնացել էին, անմիջապես կապվեցի կամբատիս հետ, խոսելուց հետո մեկնեցի Արարատ, որտեղ ինձ դիմավորեցին եւ գնացինք զորքի մոտ։ Հետագա մարտական գործողությունների համար խնդիրներ ստացանք եւ շարժվեցինք Արցախի Հադրութի շրջան։ Հակառակորդի հետախուզական ԱԹՍ-ները տեղորոշում էին զորքին, վայրկյաններ անց ինքնաթիռը հարվածեց մեր բնագծին։ Տղաները միաբերան գոռում էին՝ «վիրավոր կա, վիրավոր կա»…

Աջ թեւիս վերջին զինվորը` Ժուդեքսը վիրավորվել էր, վազելով գնացի դեպի նա։ Տղաները վիրավոր զինվորին հանել էին, իջացրել ներքեւ, մութ էր, տղաներին ձայն տալով եմ գտել։ Ճանապարհին ինձ միացավ Ռուբոն, բուշլատներս հանեցինք, զինվորին պառկեցրինք վրան, որպեսզի հարմար լիներ իջացնելը: Ճանապարհը երկար էր, կարծես վերջ չուներ, երկնքից կարկուտի պես թափվող արկերը չէին թողնում սարից արագ ներքեւ իջնենք։ Ամեն արկն ընկնելուց հողն այրվում՝ տեղահան էր լինում, հսկայական հողե շիթերն ավելի էին մթնեցնում խավար գիշերը։ Արկի բեկորներից վնասվել էր գլուխս ու դեմքս, արյունը ծորացել էր մեջքիս, մեջքս տաքացել էր, բայց դա ամենաքիչն էր ինձ հուզում։ Մի պահ թուլացա, մտածեցի՝ սա վերջն է, զինվորներիցս մեկը` Ռուբոն ձեռքս բռնել քաշում էր. «Հելի,՜ կամանդիր, բոլորը քեզ են սպասում»…

Մայոր Զաքարյանը ռացիայով գոռում էր. «Հելի՜, Ալեքյան, հելի՜»…

Ես իմ մեջ ուժ գտա, ոտքի կանգնեցի եւ շարունակեցինք գնալ։ Մթության մեջ հեռվից նշմարվում էին ուազիկ-բուժկետ մեքենայի լույսերը։ Երկնքից կրակ էր թափվում, բայց մենք շարունակում էինք գնալ դեպի մեքենան, երբ հասանք տեղ, ես անձամբ ստուգեցի վիրավորի զարկերակը` աշխատում էր։ Հետդարձի ճանապարհին 30-40 րոպե հակառակորդի արկերը չէին թողնում բարձրանայինք սարը, ասես, երկինքը պատռվել էր, արկերն էր թափ տալիս մեր գլխին … Պատսպարվում էինք ծառների տակ մինչեւ հանդարտվեր, երբ լռեցին զենքերը, քայլեցինք վերեւ` բարձրացանք սարը։ Մթության մեջ նկատում եմ, որ մեկը վազում է դեպի ինձ, եկավ փաթաթվեց, սեղմեց դոշին ու ասաց. «Ես գիտեմ, որ դու մեզ մենակ չէիր թողնի»:

Նա մեր կամբատն էր` Արսեն Մանգասարյանը (այժմ` զորամասի հրամանատար)…

«Զորքին հրաման տուր՝ ամեն մեկը զբաղեցնի իր խրամատը»: Վայրկյաններ անց զորքը իր տեղում էր։

Զրուցակցիս նայելով մտածում եմ՝ երբեմն պահեր են լինում, երբ ամենաուժեղ մարդիկ դառնում են շատ զգայուն։ Հրամանատարի աչքերը թախիծով լցվեցին, արցունքը զսպելով, բռունցքը սեղմելով՝ մի պահ երկար լռեց…

– Լույսը բացվեց, շարունակում է նա,- վերադասը եկավ, ամեն ինչ նորմալ էր զորքի հետ, ոչ մեկը չէր պատկերացնում, որ արկերի հարվածներից կարող էինք ողջ մնալ: Մեզ վստահված հատվածը պատմում էր գիշերվա անհավասար կռվի մասին` հողի մեջ թափված արկերի բեկորներն ու դատարկ պարկուճները: Եվ այդքանից հետո մենք նորից կզբաղեցնենք խրամատներն ու կպատրաստվենք հետագա քայլերին:

Հրամանատարին եւ իր զորքին կոտրելն անհնար էր, թշնամին ոչ կարող էր կոտորել, ոչ էլ զինաթափեր, նրանք հմտորեն լավ գիտեին պաշտպանվելու արհեստը, չէ՞ որ նրանց ղեկավարում էր գաղափարապես հզոր հրամանատար Կարեն Ալեքյանը: Հայրենի երկրի համար կռիվ տվող տղերքը անմնացորդ նվիրումով էին կռվում, երբ կյանքը մեկն էր, իսկ խլել կամեցողները` հազարավոր….Տղաները կռվում էին ոչ թե ապրելու, այլ` իրենց վստահված հողը փափագով պահելու:

– Կամբատը կապվեց ինձ հետ ասաց. «Երեք զինծառայող են գալու` ծանր զենքի հրամանատարն ու նրա օգնականները, նրանց տեղավորի եւ կարգադրի հետագա գործողությունները»։ Մենք զենքը այնպես դիրքավորեցինք, որ հակառակորդը չկարողանա գտնել այն։ Զենքերի փողերը չհովացած՝ հակառակորդը կրկին հարձակում գործեց։

– Կամանդի՜ր, հարձակվում են, շանթահարող ձայնով ասաց Ռուբոն ու նետվեց խրամատ։
– Կրա՜կ,- կոկորդի ամբողջ ուժով գոռաց Ալեքյանն ու նետվեցին մարտի:
Տղաներն իրենց առջեւ դրված խնդիրը պատվով կատարեցին…

Իմացա, որ կամբատս` Մանգասարյանը վիրավորվել է հարձակման ժամանակ, շատ էի նեղվել, հոգիս ու սիրտս ցավում էր, անգամ՝ նեղվածությունս ցույց չեմ տվել ոչ մեկին, բայց հուզմունքից կոկորդս լցվել էր, ուզում էի հանուն նրա մի մեծ վնաս հասցնել հակառակորդին։ Նրանց շարժը պարզ տեսանելի էր, մեքենաներով գալիս էին, իջեցնում անձնակազմին, հետ գնում։ Նրանց շարքից հանելու լավագույն տարբերակը մեծ տրամաչափի զենքով նշան բռնելն ու շարքից հանելն էր։
«Տի՜գ, դրանց կարաս խփե՞ս»:
«Ճի՜շտ այդպես, հրամանատար…»:

Զենքը հարմար դիրքավորեցինք եւ ուղիղ նշանակետին կրակեցինք մրջյունի պես դուրս թափվող հակառակորդին, վայրկյաններ անց ոչնչացված էր իրենց հրամանատարի հետ միասին։ Երբ հակառակորդը հավասարեցվել էր հողին, սիրտս հանգստացավ, այն հանուն կամբատի էր… Իմ զորքի տղաները խիզախ մարտիկներ էին, ովքեր մինչեւ վերջ կռվել են, շատ հստակ է կազմակերպվել մարտը, եւ յուրաքանչյուր արձակած փամփուշտ խոցում էր հակառակորդին առանց վրիպումի, բոլորը մի մարդու նման կատարում էին հրամանս` առանց տրտնջալու: Քանի մեր բոլոր հողերը հետ չենք բերել, հայ ազգի համար պատերազմը երբեք էլ չի ավարտվի, հայ ազգը միշտ պայքարել է իր ազգի, կրոնի, մշակույթի եւ մի թիզ հողի համար, մենք պետք է պայքարենք միահամուռ ուժերով, լինի դա կին, թե տղամարդ…

– Իսկ Արցա՞խը…
– Արցախը ինձ համար մի գեղեցիկ աղջնակ է, ում վիրավորել են, նեղացրել, աչքերը պատել արցունքներով, սպասելով, որ օրերից մի օր նրան հետ կբերենք…
Հրամանատարի զրույցը շարունակում են նրա զինվորները։

Տիգրան ԴԱՆԻԵԼՅԱՆ (պահեստազորի ավագ սերժանտ). «Լավ մարդկանց մասին միշտ էլ կարելի է խոսել, պատմել, մենք իրար հետ կրակ ու ջուր ենք անցել (ժպտում է Տիգրանն ու շարունակում զրույցը-Ա.Կ.): Ալեքյանի հետ երեք օր ենք եղել Հադրութում, ջոկի հրամանատար էի, հրետանավոր, թեժ կռիվների ժամանակ մեր հրետանին խոցվեց, եւ որպես հակատանկային մեզ միացրին խաղաղապահ զորքերին։ Հրամանատարը մեզ շատ լավ դիմավորեց, ասաց. «Դուք առաջին կամավոր եկած մարդիկ եք, որ տեսաք, թե ուր եք եկել եւ հետ չգնացիք, չվախեցաք…»: Նա մեզ տեղավորեց, հացավորեց, եւ այդ առումով որպես հրամանատար Ալեքյանի պես չեմ հանդիպել, մենք տարբեր ստորաբաժանումների հետ ենք առնչվել, բայց իր նման չկա։ Մինչ զորքին չստուգեր, որ հաց են կերել, ինքը հաց չէր ուտում։ Շատ մեծ սրտով մարդ է, եզակի հատկություններով հրամանատար։ Մեզ նահանջի հրաման էր տրված, երբ իջանք սարից, շարժվեցինք Կարմիր շուկայի ուղղությամբ։ Մեզ շրջապատող զորքը դուրս եկավ Կարմիր շուկայի ուղղությունից եւ սկսեց կրակել, մենք մտանք դիմացի անտառները։ Բարձր մոշի ծառերով էր խտացած, ծայրը չէր երեւում, պիտի մի կերպ անցնեինք։ Փշոտ մոշի ծառերը կարծես սրածայր նիզակներ լինեին, մխրճվում էին համազգեստիդ մեջ ու ճանկռում մաշկդ, երբեմն փորսող, երբեմն կուզեկուզ, սոսնձվելով մոշի փշերին, անտեսանելի էինք դառնում հակառակորդի քթի տակ, եւ թշնամին ինչքան էլ հզոր էր պահում իրեն, խուսափում էր մտներ փշոտ անտառները… Սաստիկ մութը պատել էր սար ու ձոր, կարծես սեւ թիկնոցով ծածկել էր ամեն բան, նրանց անվերջ կրակոցները չէր դադարում։ Փամփուշտները գլխավերեւներումս սուլում էին, նետվում փշերի ու կրակոցից տաքացած հողի շերտերը։ Օդի մեջ սուլող կույր փամփուշտներից մեկը խոցեց Կիմի ձեռքը, ցավը զսպելով լռում էր, սեղմում ատամներն ու դիմանում հանուն բոլորիս, եւ եթե աննշան ձայն հաներ, բոլորիս տեղը հայտնի կդառնար։ Անտեսանելի խավարի մեջ հրամանատար Ալեքյանը ճեղքում է շրջափակումն ու ելքի ճանապարհ գտնում։ Նա շատ լավ մարդ է, լավ հրամանատար, այդպիսի սիրտ ունենալ պահելը դժվար գործ է»:

Ռուբեն ԲԱՂԱՋՅԱՆ (պահեստազորի ավագ սերժանտ). «Պատերազմի ամենավատ ժամանակահատվածն էր, երբ ճանաչեցի Կարեն Ալեքյանին։ Նա այն մարդկանցից մեկն էր, ով մեզ ավելի մանրակրկիտ ամբողջ նրբությունները սկսեց սովորեցնել եւ սովորեցնում էր` զենք կիրառել, ռազմավարություն, որոնք պետք էր գալիս մեզ, եւ շատ բան նրա շնորհիվ սովորեցինք։ Նա այն սպաներից էր, ով կարգապահություն էր պահում, որը շատ կարեւոր էր այդ օրերին։ Հոկտեմբերի 12-ն էր, երբ արագ դիրքերը զբաղեցրեցինք։ Ալեքյանն իր մասնագիտական գործը գիտեր, միշտ հետեւում էր, որ զինվորները խրամատներից դուրս չգան, միշտ ակտիվ էր, միշտ արթուն, ընդհանրապես գիշերը չէր քնում եւ ես միշտ զարմացած էի, ինչպես էր նա դիմանում, անգամ ամենախառը իրավիճակում չէր ընկճվում: Շատ հմուտ էր ղեկավարում մարտը, երբ արկերը կարկուտի պես թափվում էին, նա մեզ ուրիշ խրամատ տեղափոխեց, եւ վայրկյաններ անց արկը ընկավ այնտեղ, որտեղ մենք էինք։ Ալեքյանը մեզ փրկեց մահվան ճիրաններից: Երբ ամեն անգամ արկ էր գալիս, նա անմիջապես վազում էր, տեսներ՝ հո զինվորին բան չի եղել։ Գիտեր՝ ինչ էր անում, եւ գիտեր իր գործը հմտորեն։ Հրամանատարի կազմակերպվածությունը մեզ փրկել է շատ իրավիճակներից, ամենաթեժ պահերին կարողացավ գրագետ կառավարել մարտը: Եվ այսօր, որ մենք այստեղ ենք, կարողացել ենք հետ գանք` Կարեն Ալեքյանի շնորհիվ է։ Նա այն իսկական սպաներից է, ով իսկապես պետք է մեր բանակին»:

Նարեկ ՉՈԲԱՆՅԱՆ (շարքային). «Ալեքյանն այն հրամանատարներից էր, ով պատրաստ էր մեռնելու, ինքը սպա էր եւ իր երդմանը հավատարիմ մնաց։ Որպես հրամանատար միշտ ուշադիր էր, միշտ կապի մեջ էր։ Հիշում եմ՝ պահ էր եկել, որ կտրուկ քայլերի էինք գնալու: «Հրամանատար, եթե դու պետք է մնաս էստեղ մեռնես, ուրեմն ես էլ կմնամ, եթե պիտի գնանք՝ ուրեմն միասին»: Երբ Մարտունի գնացինք, հիմնականում նույն տղերքով էինք։ Առավոտյան, երբ ինտենսիվ կասետային էր թափվում, մի կերպ հասա Ալեքյանի մոտ, հարցրի՝ ինչ ա եղել, ասաց՝ Հայկոն լավ չի զգում, պիտի իջացնեք: Ասացի՝ եթե լուրջ բան չէ, թող համբերի, հրամանատարը ասաց՝ մեջների ճարպիկը դու ու Ռուբենն եք, իջացրու Հայկոյին… Ես իջացրի Հայկոյին, վերջին փոսը անցնելուց վիրավորում ստացա` կասետային հարվածից, ուսից վիրավորվեցի: Երբ վիրավորվեցի, ինձ քաշելով քցեցի փոսը։ Ես խրամատի մի ծայրն էի, Ալեքյանը՝ մյուս ծայրը։ Ինձ մոտիկը Ռուբենն էր, նա իմ կյանքը փրկեց, ինձ տեղափոխեցին հոսպիտալ, դրանից հետո տղաները մնացին դիրքերում։ Հիշում եմ մի պահ. Հադրութում մեջքներիս պառկած նայում էինք աստղազարդ երկնքին, Ալեքյանը հայացքը հառել էր երկնքին` ամպերից ու աստղերից ձեւավորված Հիսուսի պատկերն էր նշմարված…Հրամանատարին հավատն էր ուժ տալիս»:

Ռուբեն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ (ավագ սերժանտ). «Ալեքյանի հետ նույն խրամատում ենք կռվել, հոգատար էր զինվորի հանդեպ, երբ Ժուդեքսի դեպքը եղավ, նա շատ ծանր տարավ, կապ չուներ՝ նրա զինվորն էր, թե կամավոր, եթե զինվորը մարտի դաշտում նրա հետ էր, նա շատ հոգատար էր։ Ասում էր` ինչ ուզում ա լինի, ուշադիր եղեք, կապ չունի, անկախ նրանից՝ մենք որտեղ ենք եւ ինչ ա լինելու, ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկիդ էստեղ բան պատահի… Ծանր ու դժվար օրեր էին»:

Հրամանատարի պահվածքն ու խիզախությունը ոգեշնչում էր զինվորներին:

Նրանք խիզախ մարտիկներն էին հայրենի հողի, ովքեր ոգեւորվում էին հրամանատարով, եւ պատրաստ էին անգամ նրա հետ զոհվելու: Հրամանատարի կրծքի տակ բաբախող սրտի զարկը` հայրենիքի զինվորն է, ովքեր դարձել են թանկ ու հարազատ, եւ նրա անկոտրում ոգին թեւավորել եւ ոգեշնչել էր խիզախ մարտիկներին, ովքեր մի բռունցք դարձած պայքարեցին կռիվներում ընկած զինակցի, եղբոր համար, պայքարեցին հանուն հաղթանակի, հանուն այն բզկտված ու հրկիզված մի բուռ հայրենիքի համար։ Հրամանատար, ով երբեք չկորցրեց իր ոգու արիությունը:

Արմինե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28