Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ կյանք արժեցավ բանակում կարեւոր հաստիքների կրճատումը ու ՊՆ ո՞ր նախարարն է ավելի մեղավոր

Փետրվար 11,2022 14:00

Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ժամանակ կրճատել է միայն կենտրոնական ապարատի հաստիքները:

«Ժամանակին բանակի հաստիքները, որ կրճատում էիք, 2016, 2017-ից մինչեւ 2020 թվականները սանիտարական ծառայության հաստիքները ո՞նց կրճատեցիք` տարհանման խմբերի առաջնագծից մինչեւ հոսպիտալ բերող, դա քանի՞ կյանք արժեցավ: Ես այնքան հարցեր ունեմ, թող հլը փորձեն աչքերիս մեջ նայեն ու ասեն իրենց «խելացի» մտքերը»,- Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ ասել էր պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտը» 2008-ից մինչեւ 2016թթ. ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեց՝ ձեր պաշտոնավարման ժամանակ այդ հաստիքները կրճատվե՞լ են: Նա պատասխանեց, որ բանակի բուժծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է. «Իմ ժամանակահատվածում մինչեւ յուրաքանչյուր ստորաբաժանում, վաշտ ունեցել են հաստիքային սանհրահանգիչներ: Այդ սանհրահանգիչները նույնիսկ նախկինում չեն եղել, եղել են արտահաստիքային:

Ես եմ այն հաստիքային մտցրել: Իսկ յուրաքանչյուր դասակում եւ նրան հավասարեցված ստորաբաժանումում եղել են արտահաստիքային սանիտարներ: Նախկին պատերազմի փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելուց եւ զոհվելուց հետո մարտական գործողությունների թեժ կետից որոշ անձինք դուրս են գալիս այդ պատրվակով եւ լքում են մարտական գործողությունների դաշտը: Այդ արտահաստիքային սանիտարները նաեւ նախատեսված են նրա համար, որ մարտական գործողությունների դաշտից տարհանեն զոհերին եւ վիրավորներին: Բացի դրանից, յուրաքանչյուր գումարտակում եւ նրա հավասարեցված ստորաբաժանումում մենք ունեցել ենք բուժակներ: Թե երբ են կրճատվել այդ հաստիքները, պիտի հարցը տալ իրենց: Ես դրա վրա շատ լուրջ ուշադրություն եմ դարձրել: Եղել են տարիներ, որ նույնիսկ զորամասային բուժկետերում ես մրցույթներ եմ հայտարարել եւ մեկ տարվա ընթացքում բացի 1-2 զորամասից ամբողջությամբ բոլոր զորամասերի բուժկետերը կարգի բերել»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք կատարելագործել են նաեւ ռազմաբժշկական պատրաստություն առարկան, որ առաջին բուժօգնությանը յուրաքանչյուր զինվոր տիրապետի. «Գոյություն են ունեցել արտահաստիքային սանիտարներ, նաեւ հաստիքային սանհրահանգիչներ, բուժակներ, զորամասային բուժծառայություն իրենց բուժկետերով եւ այլն»:

Ճշտեցինք՝ այսինքն, սանհրահանգիչներ, սանիտարներ, եթե այդ հաստիքները կրճատվել են, դա վստահաբար եղել է ձեր պաշտոնավարումից հետո, ոչ ձեր պաշտոնավարման օրոք, այդպե՞ս է՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես այդ հաստիքների մասին չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ հետագայում բանակի կառուցվածքային դասավորության մեջ սխալ գործողություններ են իրականացվել, ուռճացվել է կենտրոնական ապարատը: Իմ ժամանակահատվածում կենտրոնական ապարատում բավականին լուրջ, մեծ քանակությամբ հաստիքներ ես կրճատել եմ, այդ առիթով առողջ բանավեճեր եմ ունեցել մեր ԶՈՒ ղեկավարության հետ, բայց հետեւողականորեն գնացել եմ դրան ու դրա փոխարեն փորձել ավելացնել հաստիքները այն ստորաբաժանումներում, որոնք մարտական խնդիրների համար են պատասխանատու: Եվ հակառակը՝ 2018 թվականից հետո, որքան ես գիտեմ, բավականին լուրջ ստորաբաժանումներ են կրճատվել, մանավանդ այն ուղղությամբ, որտեղ որ հակառակորդը մխրճում է ունեցել Արցախի հատվածում՝ Հադրութի ուղղությամբ եւ նաեւ հասել է մինչեւ ՀՀ սահմաններ: Ընդ որում, ե՛ւ կառուցվածքային ստորաբաժանումներ, եւ նաեւ զորահավաքային նոր ձեւավորվող ստորաբաժանումների կազմն է կրճատվել: Մեր պարտության պատճառներից մեկը հենց դա է»:

Անդրադառնալով հեղափոխությունից հետո ներկայիս իշխանությունների կադրային քաղաքականությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Հիմա լուրջ սխալներ են տեղի ունենում ԶՈՒ-ում, արագ կերպով առաջընթաց են ապահովում մի քանի մարդկանց, մի քանի գեներալների, կամ ասենք գումարտակի հրամանատարին միանգամից նշանակում են բրիգադի հրամանատար: Ինձնից հետո, օրինակ, հոսպիտալի բաժանմունքի պետին 3 աստիճան շրջանցելով՝ առանց ռազմաբժշկական կրթության նշանակել են բժշկական վարչության պետ: Պատերազմի հետեւանքները դեռեւս չուսումնասիրած՝ մեկ տարի էլ չի անցել, բայց գեներալական պաշտոնում պատասխանատու անձնավորությունը, որը պետք է պատերազմի ժամանակ պատասխանատվություն կրեր օրինականության, կարգուկանոնի, պարեկային ծառայության, զինված ուժերի ամբողջ շարժի կարգավորումների, ովքեր փախել են մարտի դաշտից, դրանց հայտնաբերելու եւ հետ վերադարձնելու համար, այդպիսի մարդկանց գեներալի կոչում են տվել հիմա՝ առանց ուսումնասիրելու պատերազմի հետեւանքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28