Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալը մեր մեջ է. դադարել Հայաստանին վերաբերվել որպես ՓԲԸ-ի

Փետրվար 11,2022 12:00

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը «գործ կպցնելու» պես մի բան է դարձել

Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անտակտ որակումները մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական դաշտի քննարկման համար նյութ են դարձել: Իշխանական պատգամավորները «տեղն» են դնում Լուկաշենկոյին, ընդդիմադիրներն էլ՝ «բա որ ասում էինք երկիրը վարի են տալիս» թեմաներով ճառեր են ասում:

Խորքային առումով հայաստանյան քաղաքական դաշտում բանավեճ չկա, թե ինչու Լուկաշենկոն նման մակարդակի անկեղծացում ունեցավ, եւ արդյոք վաղը-մյուս օրը, օրինակ, այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից չենք լսի նման գնահատականներ Հայաստան պետության հասցեին:

Նախ, սկսենք նրանից, որ ի դեմս Լուկաշենկոյի, Հայաստանն ունի, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական երկիր, թեեւ Բելառուսը համարվում է «դաշնակից» պետություն: Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահին վաղուց սատարող, զինող երկրի ղեկավար է:
Վերհիշենք, թեկուզ, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին աղմկահարույց ձայնագրությունը, որից տեղեկացանք, որ այդ մարդն ուղղակի առաջարկել է Արցախը վաճառել Ադրբեջանին: Իսկ եթե այդքանն ասվել է ոչ հրապարակավ, կարելի է միայն կռահել, թե Լուկաշենկոն ռուսաստանցի, ադրբեջանցի գործընկերների հետ փակ քննարկումներում Հայաստանի հասցեին ինչեր կարող է թույլ տալ խոսել:

Որքան էլ դաժան հնչի արձանագրելը, Լուկաշենկոյի, կամ հնարավոր նմանատիպ մեկնաբանություններ լսելու համար մենք մեղավոր ենք բոլորս: Հայաստանի քաղաքական դաշտը ադեկվատ չէ Հայաստանի շուրջ ընթացող զարգացումներին եւ դա տեսնում են բոլորը: Թվում էր, թե 44-օրյա պատերազմից հետո մենք կինքնակազմակերպվենք, կսթափվենք, բայց ոչ…

Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը տեսլական ունե՞ն, թե Հայաստանն ո՞ւր եւ ինչպե՞ս պետք է առաջ ընթանա: 20-30, 40-50 տարվա կտրվածքով բարի ցանկությունների պլան ներկայացնելն անլուրջ է:

Հայաստանի շուրջ իրադարձությունները ժամերի, օրերի, շաբաթների կտրվածքով են զարգանում, իսկ մեր քաղաքական դաշտը պատկերացում չունի, թե տարածաշրջանային վերաձեւափոխումներն ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, եւ որ առավել կարեւոր է, ո՞րն է այդ փոփոխություններում Հայաստանի ասելիքն ու անելիքը:

Օրինակ, օրեր առաջ Թուրքիան ու Ադրբեջանը վավերացրին Շուշիի հռչակագիրը, որն այս երկու պետությունների ռազմաքաղաքական միաձուլման վառ ապացույց է: Ո՞րն է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ի՞նչ են մտածում ընդդիմադիրները:

Ընդդիմադիրներին առայժմ հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանի՝ Անթալիա գնալ-չգնալը, որը դեռեւս հաստատված չէ, սակայն փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք հայ-թուրքական բանակցային հերթական ռաունդի մասին արդեն իսկ հաստատված ամսաթվի հետ կապված՝ նրանք հարցեր չունեն, թե օրինակ՝ ինչ օրակարգով է կայանալու հաջորդ հանդիպումը:

Սա մեկ օրվա, մի քան ամիսների, նույնիսկ մի քանի տարիների խնդիր չէ: Սա բավական խորքային խնդիր է, որի հիմքը մենք չենք ցանկանում տեսնել, կամ տեսնում ենք, բայց չենք ցանկանում իրերն իրենց անունով կոչել:

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը «գործ կպցնելու» պես մի բան է դարձել վաղուց: Գոյություն ունեն մոլի «հայրենասերների» խմբակներ, որոնք ցանկացած թեմայով իրենց պարտքն էին համարում համացանցում կարծիք հայտնելը, որովհետեւ դրա համար վարձատրվում էին, ընդ որում, նրանք այնքան էին տարվում իրենց «աշխատանքով», որ անգամ չէին էլ կասկածում, որ կողքից դիտարկողները նույն թեմաների վերաբերյալ գրառումներն արձանագրում են նաեւ այլոց մոտ, այսինքն, հստակ նկատվում էր, որ «վերեւից» հայաստանյան իրականությունում կառավարվում, ուղղորդվում էին արհեստական բանավեճերի թեմաներ:

44-օրյա պատերազմից հետո էլ կան համացանցային խմբավորումներ, որոնց նպատակը ոչ մեկին չնեղացնելն է, սեփական հ/կ-ի համար ֆինանսավորում հայթայթելն է, այդ իսկ պատճառով, նրանք հանդես են գալիս Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միավորման հրամայականի վերաբերյալ անհասկանալի կոչերով (Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միավորման նախաձեռնությունը մերժել է հենց Քոչարյանը), քանի որ հույս ունեն՝ այդ գիծը տանելու համար մի որոշ ժամանակ էլ կհաջողվի ֆինանսավորում հայթայթել: Իսկ որոշ հատվածին էլ նման հնարավոր միավորումը ձեռնտու չէ, որովհետեւ նրանք այդ դեպքում «ջրի երեսին» չեն մնա, չեն «գնահատվի» Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Այսինքն, քաղաքական դաշտ կոչվածի, կամ այդ դաշտը ներկայացնողների հավակնորդների մոտ առաջնային է նեղ «առեւտրային» շահը, ոչ թե՝ Հայաստան պետության շահը: Իսկ սա, նկատենք, որ իշխանության համար բավական հարմար իրավիճակ է՝ ամրանալու տեսակետից:

Պետք է մտորել այս ամենի մասին, եզրակացություններ անել եւ ուղղել սխալը՝ հիմքից: Պարզապես պետք է դադարել Հայաստանին վերաբերվել որպես Փակ բաժնետիրական ընկերության:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28