Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խղճի խոստովանությո՞ւն, ճակատագի՞ր, թե՞ պարզապես սիրավեպ

Փետրվար 11,2022 12:30

Դիտարկումներ Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպի շուրջ

Մարդու էության ամենախորքային բացահայտումների նպատակադրմամբ պետք է բացել հայ ժամանակակից եզակի կին արձակագիրներից Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպը: Հեղինակի գրիչը պրպտում է մարդկային ճակատագրերի լուսանցքերում, ձեւավորում ինքնուրույն մտածողություն եւ հաղորդում հետաքրքիր կառուցվածքային բովանդակություն: Արձակագիրը չի վախենում երեւույթների մեծությունից, դրանց ներկայացնելու ինքնատիպ կարողությունն իսկապես իր գրականության կարեւոր հիմնասյուներից է: Մարգարիտ Դերանցն իր արձակի համար կարեւորում է ժամանակը, իրավիճակը եւ խորությունը: Հենց այս երեք նախապայմանով էլ հեղինակի գրականությունն ընթերցողի համար դառնում է գրավիչ, ինքնաբուխ եւ կլանող: Արձակագիրն ունի գրական ճանապարհի քարտեզ, հյուսած գրական կենսագրություն՝ հեղինակային այլ գրքերով: Սա գալիս է փաստելու, որ Մարգարիտ Դերանցն անընդհատ գրական տեղաշարժերի մեջ է, փնտրում ու գտնում է կարեւոր եւ առանցքային թեմաները, որոնք կարեւոր լինելով հանդերձ, նաեւ համոզիչ օրինակներ են մարդու համար:

«Սեր լուսնեզրին» վեպը կյանքի քառակուսու մեջ է հավաքում երջանիկ կրակներին, արվեստի դեւերին, այն մահը, որին փափագեց հեղինակը, սակայն մահն իրեն հետապնդեց եւ անցյալի չարագույժ տեսիլքը, որը խմորվում է բազմաշերտ ասելիքով:

Վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքի մասին է, որը ոչ թե սիրային ընդգրկում ունի, այլ հոգեբանական լայն շերտեր: Արձակագիրը սոսկ սիրային պատմություն չի ներկայացնում, այլ իր ձեռագրին հատուկ կտրուկ շեշտադրումներով է ձեւավորում արձակը՝ թույլ տալով ընթերցողին կյանքի ոլորապտույտ ճանապարհին ճիշտ ընտրություններ կատարել, ինքնադիտարկել սեփական քայլերն ու ինչու ոչ՝ հոգին:

Ինչպես վերեւում նշեցի, ժամանակն ինքնին կարեւոր դեր ունի Մարգարիտ Դերանցի արձակում: Պատահական ընտրված չէ վեպի հերոսուհու ապրած ժամանակաշրջանը՝ Խորհրդային Միության քայքայման եւ դրան հետեւող երեւույթների ամբողջությունը, որը տարածք է ստեղծում հեղինակի համար՝ նոր բացահայտումներ անելու, կերպարը բնական եւ ամբողջական պատկերելու համար: Սերը, այո, միշտ կա նրա արձակում, բայց «Սեր լուսնեզրին» վեպում նա ոչ թե սերն է առաջ բերում, այլ կնոջ պատմությունը, գենետիկ կոդի փնտրտուքը, կյանքը պատկերեն այնպես, ինչպես այն կա: Ժամանակակից մարդը, իհարկե, սիրո տարբեր դրսեւորումներ ունի, բայց ահա հեղինակը փորձում է այդ ամենը այլ քողի տակ միավորելով ներկայացնել, արդյունքում ստանալով ինքնատիպ եւ պատկերավոր արձակ, խիտ հյուսված ու տողատակերի կայուն ասելիքով: Սա բոլորին չէ հատուկ, եւ անգամ ընթերցողը պետք է գիտակցի, որ Մարգարիտ Դերանցի այս վեպի մեկ էջի տակ թաքնված են եւս երեք էջ՝ ավելի կարեւոր ասելիքով ու բովանդակությամբ:

Համամարդկային արժեհամակարգային խնդիրները հեղինակի վեպում ակնառու է։ Սակայն դրանով ոչ թե հիասթափեցնում է մարդուն, այլ նոր ուժ որոնում` ինքնաբացահայտվելու, հաղթահարելու, կյանքը նորովի ընկալելու համար:

Անհատ ու ազգ իրական կապը դժվար է ներկայացնել։ Առավել եւս դժվար է դրա խորքային` մարդ-հայրենիք կապի մասին խոսելը, բացեիբաց խոսելը։

Գրականությունը սիրում է գրողի անկեղծությունը, եթե այն փաստարկված է: Այս առումով յուրահատուկ է Մարգարիտ Դերանցի վեպը, որը հոգեբանական շերտերի խտացում է եւ ասելիքով բազմաբովանդակ: Սրան զուգահեռ վեպում ընթացող գործողությունները փիլիսոփայական դատողություններ ունեն, որոնք նաեւ շեշտադրում են մարդու անձնականության կարեւոր բաղադրիչները: Այնպես չէ, որ հեղինակը փորձում է այդ անձնականության որակների մեջ խորանալ եւ մանրամասնորեն ներկայացնել, ինչն ավելի շատ կձանձրացներ: Այլ փորձում է իրական փոփոխություն անել գրական հերոսի անձնականության դաշտում, այն դարձնելով կոփված, նպատակաուղղված:

Առաջին հայացքից սիրավեպ թվացող «Սեր լուսնեզրին» գնալով բացահայտում է իր հերոսը, տալիս կոնկրետ պատասխաններ՝ ինչո՞ւ կա սերը եւ ինչերի՞ է պատրաստ: Գրական կին հերոսը մյուս հերոսին լրացնելով նոր հորիզոն են բացում, եւ հեղինակը սկզբնակետից էլ դասական սիրավեպի ժանրում չի ձեւավորում իր արձակը, որովհետեւ դասականությունը կարող է խանգարել այն ասելիքին, ինչը հենց Մարգարիտ Դերանցի մատնանշածն է: Մենք շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել հեղինակի նախորդ ստեղծագործությունների հետ, հիմնականում թեմատիկ որոշ շերտերի խտացմամբ, բայց այս վեպում զգացվում է ասելիքի թարմությունը, խնդիրների պարզ ներկայացումը, հոգեբանական եւ մշակութային տվայտանքը: Պատահական չէ, որ հեղինակը գնալով առատապես իր բծախնդրությունն է դնում իրավիճակների հիմքում, սակայն հերոսների կատարած քայլերի արդյունքում ցույց տալիս այդ ամենն ու բացում նոր տիրույթ, որտեղ ներկա են կյանքի ու հիշողության, ապրելու եւ պայքարելու ազդակները: Օտար ու հարազատ զգացումների կողքին արձակագիրը վարպետորեն կարեւորը զատում է երկրորդականից, առավել կարեւոր բաների մասին խոսելիս իրեն հատուկ ձեւակերպումներով հարստացնում տողը՝ ինքնության դաշտում պահելով սեփականը, ազգայինն ու ապրվածը:

Վիպական հյուսվածքն առանձնանում է անցյալի ու ներկայի համադրմամբ՝ անշեղորեն կապելով մարդկանց հույզերն ու սպասումները: Դրանց հետ մեկտեղ մարդկային հարաբերությունների խնդիրն է գլուխ բարձրացնում՝ ֆիզիոլոգիապես ներդաշնակ մանրամասներով: Մարգարիտ Դերանցը գտել է բանալին՝ կին եւ տղամարդ հարաբերությունների ճշգրիտ ներկայացման, սեփական սկզբունքներն առաջ բերելով եւ դրանք գրական ստեղծագործության մեջ գործնականորեն կիրառելով: Վեպի հիմնանյութը կարեւոր ստեղծարարության է ենթարկվել, որը ապահովում է գրական գործի շնչառությունը՝ սկզբնամասից մինչեւ ավարտակետ: Պետք է նշել, որ այդ ընթացքը ինչ-որ չափով որոշակիանում է՝ ժամանակակից աշխարհի լուծումներով, խոչընդոտներին հակադարձելու եւ սեփական մտքերը պատմելու համարձակությամբ: Հեղինակն իր տողերին խորհրդավորություն է հաղորդում՝ զգացմունքների դիտարկմամբ եւ դրանց կիրառմամբ:

Կյանքի, սիրո, տառապանքի ու մի շարք այլ հարցեր են վեպի հիմքում, որոնք քայլ առ քայլ բացահայտում են ինչպես կերպարներին, այնպես էլ նրանց փիլիսոփայությունն ու մտածողությունը: Եվ դրա շնորհիվ է, որ իր վեպի հերոսները նշաձող են սահմանում ու փորձում դրանց հասնել՝ թեկուզ դժվար, բայց իմաստային ուղիներով: Այդ ուղիներից մեկը հայրենիք է տանում, ծրարվում է բառը՝ կարոտի եւ սիրո եզրին թողնելով կյանքի հայացքը՝ մե՛րթ երեւացող, մե՛րթ՝ ցավից խղճացած: Բայց ահա արմատներն այնքան ամուր են, որ հողեղեն տառապանքներից կարող ես մենանալ հեղինակի ստեղծած այն տարածությունում, որն այս դեպքում երկինքն է, ասել է թե՝ անհունությունը: Վեպի վերջաբանում «ռումբերի պայթյուններ հիշեցնող համառ հեռախոսազանգերը» կարծես մարգարեական կանխատեսում լիներ սպասվելիք պատերազմի մասին, որ ունենում են ճշմարիտ գրողները (վեպը հրատարակության է հանձնվել 2020 թվականի մայիսին): Անխոս, արձակի երկրում դժվարությունները շատ են, նաեւ դյուրին չէ համարձակ գործելը: Մարգարիտ Դերանցը կոտրում է մի շարք կարծրատիպեր, որոնք հաճախ վերագրում են արձակագիրներին: Նա իր խոսքով, տարբերվող ոճով, լեզվով, բառամթերքով կայուն եւ մնայուն արձակ է ստեղծում՝ խոսելով կարեւորի մասին եւ չսահմանափակվելով թեմատիկ ընտրության հնարավորություններից:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28