Ժամանակին գիտությունների թեկնածու ու դոկտոր էին դառնում մարդիկ, որոնք գիտության հետ համարյա աղերս չունեին՝ ինչ-ինչ պաշտոնյաներ, գործարարներ, պաշտոնյաների կանայք, զավակներ, սիրուհիներ: Դա սեփական եսը ինքնաշոյելու ու ինքնագնահատականը սեփական աչքում բարձրացնելու ամենակարճ ճանապարհն էր: Նրանց ատենախոսությունները, գրագետ էին գրված լինում ու բոլոր չափանիշներին համապատասխան:
Մի առիթով, ԲՈՀ-ի՝ արդեն նախկին նախագահներից մեկը մասնավոր զրույցում անկեղծացավ, թե հնարավոր չէ այդ ամենը կանխել, որովհետեւ անհնար է ապացուցել, որ այդ մարդիկ չեն տվյալ գիտական աշխատանքների հեղինակները. դրանք գումարի դիմաց գրում են գիտնականները: Կարեւորը չկա գրագողություն, ամեն ինչ կարգին է, աստիճանները հանգիստ խղճով շնորհում է մասնագիտական խորհուրդը, իսկ գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ԲՈՀ-ը դարձյալ հանգիստ խղճով:
ԲՈՀ-ի նախկին ղեկավարը նաեւ ափսոսանք էր հայտնել, որ իշխանություններն ամեն ինչ խլել են գիտնականներից՝ սկսած արժանապատվությունից, ու եթե իրենց ունեցած գիտելիքն էլ գումարի դիմաց զիջում են «փողատերերին», որպեսզի վերջիններս իրենց կողքին գիտնական համարվեն, ուրեմն խնդիրն իրենց մեջ է:
Կարդացեք նաև
Տարիներ շարունակ գիտնականների նման իշխանությունների կողմից «օգտագործվել» են նաեւ մտավորականները, ու խոսքը շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին չէ, որոնք իրենց աշխատանքն են համարում պաշտոնյաների քեֆ-ուրախությունների սեղանները «ծաղկեցնելը»: Միշտ էլ եղել են «պալատական», «էլիտար» մտավորականներ, որոնք ունեցել են արտոնություններ, հարցեր են լուծել ու հարկ եղած պահին նախագահականի թեթեւ ակնարկով հավաքվել են ինչ-որ միջոցառման շրջանակում, իշխանություններին սատարող հայտարարություններ արել կամ նրանց կողքին նստել ասենք օպերային ներկայացումների պրեմիերաների ժամանակ: Մի խոսքով, դարձել են ֆոն՝ իշխանավորների համար, թույլ են տվել, որ իրենց դափնիները պաշտոնյաները վերմակի նման ձգեն իրենց վրա: Նրանց մեջ եղել են ու այսօր էլ կան այնպիսիք, որ պատիվ են համարել օրվա իշխանությանը ծառայելը՝ իրենց արածը հիմնավորելով նրանով, որ երկրին են ծառայում:
Եվ ահա մի խումբ մտավորականներ էլ հյուրընկալվել են նախագահի նստավայրում, լուսանկարվել ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ՝ ժպիտներով ու ծաղկեփնջերով: Նրանցից շատերը բազմաթիվ դափնիներ ու ներդրում ունեն մեր մշակույթում, բայց երբեք կարեւոր հարցերի վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել, կամ խոսել են «լղոզված», զգուշավոր, չեն խոսել մեր հայրենիքի տարածքային կորուստների, զոհված ավելի քանի 5000 ոսկե տղաների մասին: Իրենք այդպիսին են եղել ու կան:
Հիշում եմ, օրինակ նրանցից մեկը, որ այժմ երկնային կյանքով է ապրում ու բավականին լավ բանաստեղծուհի էր, բանաստեղծություն էր նվիրել օրվա նախագահին` երազելով վերնաշապիկ լինել նրա հագին, հետո էլ նույնը ձոնել էր Հայաստան եկած Կոելիոյին: Ըմբռնումով մոտենանք նրանց այն պատճառով, որ պատկառելի տարիք ունեն: Ընդամենը այդքանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ