«Ինձ հրավիրել են բացատրության, ես հրաժարվել եմ բացատրություն տալ»,- Aravot.am-ի հարցին՝ Ձեզ ոստիկանություն հրավիրե՞լ են, այսպես պատասխանեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան այն գրառման հետ կապված, որտեղ նա նշում է, որ «եթե երկրի խորհրդարանը այսպիսի ցիրկ է, ճղճիմ, անբովանդակ, ով պիտի ժողովրդի հարցերը լուծի: Սա ապացույցն է, որ մենք կործանում ենք գնում, այս կապիկները դրա վառ ապացույցն են»:
Նաև «Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մանուել Մանուկյանի կողմից «Պոլիտիկ» լրատվական կայքում 21.01.2022թ.-ին և «Հայելի» լրատվական կայքում 22.01.2022թ.-ին իր հարցազրույցների ընթացքում կատարված տեսանյութերի առնչությամբ, որոնք՝ ըստ հաղորդման, պարունակում են ծանր վիրավորանքի հատկանիշներ:
Մանուել Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գնահատական կտա այդ առիթով: Նա պատասխանեց. «Ես չունեմ իմ իրավունքները պաշտպանող, դրանով ինքս եմ զբաղվում, ինձ ենթարկում են քաղաքական հետապնդման։ Այսպիսի քայլերով ինձ են փորձում վախեցնել։ Դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին։ Ինձ հեռացրել են ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար, ինձ ստիպում են լռել և վախենալ։ Ես չեմ կարող լռել և տեսնել՝ ինչպես են կործանում իմ, հրամանատարներիս և ընկերներիս արյամբ պաշտպանած հայրենիքը, ես չեմ կարող դավաճանել իմ հերոս ընկերներին ու հրամանատարներին, անկախ ճնշումներից պարտավոր եմ պայքարել և բարձրաձայնել ճշմարտությունը»:
Կարդացեք նաև
Մանուել Մանուկյանը հայտնեց՝ նախորդ դիմումների հետ կապված ՄԻՊ-ից արձագանքել են, այս մեկի հետ կապված դեռ արձագանք չի ստացել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ