Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում». Արտակ Բեգլարյան

Փետրվար 10,2022 22:00

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 10-ին, մի խումբ պաշտոնատար անձանց հետ միասին, Մարտակերտում մասնակցել է Թումո տուփի բացման արարողությանը:

Պետական նախարարը բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և ԱՀ կառավարության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագիրը՝ առաջնահերթորեն ընդգծելով տեխնոլոգիական կրթության կարևորությունը պատանիների շրջանում:

«Տեխնոլոգիական կրթության խրախուսումը և, առհասարակ, ինքնուսուցման տարաբնույթ հնարավորությունների ընձեռումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Հարցն ավելի մեծ կարևորություն է ստանում, երբ խոսում ենք ապակենտրոնացված կրթական համակարգի զարգացման մասին: Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում և սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունը անչափ կարևոր է Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերևացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ներկայացնելով նոր տուփի հնարավորությունները՝ ընդգծել է, որ շաբաթական 320 աշակերտ կարող է օգտվել կրթական ծրագրերից, ձեռք բերել ինքնուրույնություն և Մարտակերտից աշխարհի ցանկացած կետում աշխատանք գտնելու առավելություն:

Հավատարիմ ապագային միտված կրթական ծրագրերի արդիականացման քաղաքականության իրականացմանը՝ պետական նախարարը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է Թումոյի ընդլայնման ծրագրերն Արցախում: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ընթացիկ տարում նախատեսվում է նման տուփերի բացում նաև Մարտունիում և Ասկերանում, ինչպես նաև Ստեփանակերտի Թումո կենտրոնի աշխատանքների ակտիվացում:

Արարողությանը մասնակցում էին նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Արամ Հարությունյանը և ԷԼեոնորա Ավանեսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28