Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրիում երկու սգո սրահներ կփակվեն, կկառուցվի նոր գերեզմանատուն

Փետրվար 10,2022 19:35

Խոսքը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջային գոտու վերածվող Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող սգո սրահին ու ՀՀ Շիրակի մարզային քննչական վարչության շենքի դեմ-դիմաց գտնվող սրահին։ Այսօր եղանք երկու տեղանքներում էլ ․ Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող սրահի ապակիները շերտավարագույներով ծածկված էին, տրվում էր վարձով։ Մեր գնալու պահին սրահի դիմաց մարդիկ էին հավաքված, թաղի բնակիչները մեզ վստահեցրեցին, որ այն դեռ գործում է։

Առավել մարդաշատ էր քննչական վարչության շենքի դիմաց գտնվող սրահը․ թե՛ ծաղկեպսակներին և թե՛ մեքենաներում տեղ-դադար չկար։ Այս երկու սրահների տերերն էլ ծանուցում են ստացել Գյումրու քաղաքապետարանից՝ կամ փակելու, կամ վերակազմավորելու, բիզնեսի այլ օբյեկտի վերածելու։

Այս երկու սգո սրահների գործունությունն արգելելու հարցը քննարկվեց նախորդ օրը Գյումրու ավագանու նիստի ժամանակ։

Գյումրու ավագանու « Զարթոնք» խմբակցության անդամների այն հարցին, թե ի՞նչ պիտի անեն սրահի տերերը․ չէ՞ որ ծախսեր են կատարել սգո սրահներ հիմնելու համար, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը կարճ-կոնկրետ պատասխանեց․ «Միանշանակ արգելելու ենք դրանց գործունեությունը, խելամիտ ժամանակ կտրամադրենք այլ վայր տեղափոխելու համար։ Դրանք անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար, սգո սրահները պիտի քաղաքի ծայրամասերում գործեն»։

Գյումրու համայնքապետարանը դեկտեմբերի վերջին նոր չափորոշիչներ է սահմանել, համաձայն որոնց՝ սգո սրահները պետք է լինեն հասարակական վայրերից, բնակելի տներից, դպրոցներից 100 մետր հեռավորության վրա, չպիտի լինեն առաջին գծում, տեսանելի վայրերում, պարտադիր պիտի ունենան սառնարաններ, սենյակներ, ավտոկայանատեղիներ և այլն։

Սգո սրահներից բացի քննարկման թեմա է դարձել նաև նոր գերեզմանատուն կառուցելու հարցը։ Գյումրու քաղաքապետարանը հարակից Շիրակի գյուղից 8 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ է գնել՝ օրինակելի գերեզմանատուն կառուցելու համար։

Այս մասին մեզ հետ զրույցում «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Բաղրամյանը։ Պարզվում է Գյումրու գերեզմանատներում այլևս տեղ չկա։ Գյումրին ունի երեք գերեզմանատներ, որոնցից երկուսը՝ առաջինը և երկրորդը համարվում են կիսափակ, այնտեղ հուղարկավորություններ չեն իրականացվում, միայն ընտանեկան գերեզմանոցներում են շարունակում մարդկանց թաղել։

Ըստ Էդուարդ Բաղրամյանի, Գյումրիի 3-րդ գերեզմանոցը՝ «Շիրակ»-ը, որը կպած է Շիրակ գյուղին, ևս նույն վիճակում է։

Սա ստիպել է համայնքապետարանին քաղաքապետարանի միջոցների հաշվին աճուրդով ձեռք բերել 8 հեկտար հողատարածք ու օրինակելի գերեզմանատուն կառուցել։

«Կառավարության ծրագրով նախապատրաստվում ենք ունենալ օրինակելի գերեզմանոցներ, իսկ սա ենթադրում է, որ գերեզմանոցը պիտի ունենա իր ճանապարհները, անցուղիները՝ գեղեցիկ բարեկարգմամբ։ Անցյալում այդպես է եղել»,- պարզաբանում է Էդուարդ Բաղրամյանը։

Ի դեպ, ըստ «Հուղարկավորությունների կազմակերպման մասին» կառավարության որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների, հուղարկավորվող մեկ անձի համար նախատեսված է 2,5 քառակուսի մետր հողատարածք՝ մեկ մետր լայնությամբ, իսկ ընտանեկան գերեզմանը չի կարող գերազանցել 12,5 քառակուսի մետրը, այսինքն՝ հինգ հոգուց ավելի չեն կարող հուղարկավորել։ Ըստ նոր փոփոխության, գերեզմանատեղին տրամադրվելու է անվճար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28