Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին դեսպան, անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում»․ Արմեն Աշոտյան

Փետրվար 10,2022 19:15

«Այստեղ եմ, որովհետեւ կարծում եմ, որ ՀՀ-ում որեւէ մեկն այնքան վնաս չի տվել համամարդկային արժեքներին, որքան տիկին դեսպանը։ ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում ՀՀ-ում՝ այստեղ դեսպան նշանակելով մարդկանց, որոնց հետո թոշակի է ուղարկում»,-ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առաջ այսօր կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էլ այս մեկը։ ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք ՀՀ-ում «սպիսատ» անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին, ՀՀ-ում գործի նշանակել մարդկանց, որոնք փոխանակ նպաստեն ՀՀ-ի ժողովրդավարացմանը, փոխանակ ամրացնեն ՀՀ-ԵՄ կապերը, քայքայում են այդ ամենը, քանզի դառնում են գործող վարչակազմի սպասարկուները»,-համոզմունք հայտնեց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում ԵՄ նախորդ դեսպան Պյոտր Սվիտալսկին գիրք էր գրել այսպես կոչված «հեղափոխության» մասին․ «Մի նենց ուրա՜խ էր, մի նենց հպա՜րտ էր, որ դա իր օրոք է եղել․․․այս մի դեսպանն էլ կարող է գիրք գրել՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման մասին հեքիաթների հավաքածու։ Տիկին դեսպան, ձեզ քանիցս փորձել ենք կարգի հրավիրել, ձեր աչքերը բացել՝ միամտաբար կարծելով, թե դուք տեղյակ չեք․․․չէ, լավ էլ տեղյակ եք։ Ոչ միայն տեղյակ եք, այլեւ անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում։ Այնպիսի լեզու, որ դրանցից մեկն ԱԺ ամբիոնից հանդգնում է ասել, թե ՀՀ բրենդը ժողովրդավարությունն է․․․ցավոք, 2021թ․-ի հունիսի 20-ից հետո ՀՀ բրենդն աշխարհում նվաստացումն է՝ անարգանքը, արժանապատվությունից զրկումը, եւ ԵՄ դեսպանը մեր երկրում սպասարկում է կապիտուլյանտ իշխանության շահերը»։

Արմեն Աշոտյանը շարունակեց դիմել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին․ «Դուք գիտեք, չէ՞, որ պետք է հետեւեք ՀՀ-ԵՄ պայմանագրի իրականացմանը։ Ինչո՞ւ եք ժողովրդից թաքցնում, որ այդ պայմանագրի իմպլեմենտացիան խայտառակ վիճակում է։ Ինչո՞ւ եք թաքցնում ժողովրդից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ն կյանքի չի կոչում բարեփոխումների այն ծավալները, որը հանձնառություն էր արել դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017թ․-ի նոյեմբերի 24-ից։ Տիկին դեսպան, այս հավաքը ԵՄ արժեքների դեմ չէ։ Այս հավաքն այդ արժեքները ձեզանից պաշտպանելու համար է, որովհետեւ ես գիտեմ, որ 2014-2019թթ․ դուք եղել եք Բելառուսում դեսպան։ Չար լեզուներն ասում են, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել»։

Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ, հանրային-քաղաքական գործիչներ իրենց մոտեցած աշխատակցի միջոցով պահանջագիր հանձնեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին՝ մատնանշելով, որ ՀՀ-ում իշխանության կողմից ոտնահարվում է ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, մարդիկ, դատավորները քաղաքական ճնշումների են ենթարկվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28