«Ազատություն». Հետախուզման մեջ գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով փորձաքննությունից հետո Քննչական կոմիտեն (ՔԿ) պետք է ստուգողական գործողություններ իրականացնի, ինչից հետո արդեն որոշում կայացնի՝ դադարեցնե՞լ Հայրապետյանի հետապնդումը, թե՞ ոչ։ Գործը արդեն երեք տարի քննող կոմիտեից այլ մանրամասներ չեն փոխանցում։
Իր հերթին, Հայրապետյանի փաստաբանը, որի ձեռքի տակ է այդ փորձաքննությունը, հայտարարում է՝ այդ ուսումնասիրությունը վկայում է, որ Հայրապետյանի մեղադրանքը չի հիմնավորվում։
Ամրամ Մակինյանի պնդմամբ, կոմիտեն պետք է արդարացնի Հայրապետյանին և կարճի ավելի քան մեկ միլիոն դոլարի յուրացման գործը. – «Ոչ թե Ռուբեն Հայրապետյանն է 562 միլիոն դրամի յուրացում կատարել, այլ դեռ ֆեդերացիան էլ 84 միլիոն դրամ Ռուբեն Հայրապետյանին պարտք է մնացել»։
Ժամանակին այս մասին հարցազրույցում խոսել էր նաև Հայրապետյանը. – «Փաստաբաններից իմացել ենք, որ ինչի մասին է խոսքը՝ չարաշահումներ։ Ես էլ ասել եմ՝ միգուցե անփութորեն կարող ա սխալվել եմ։ Բայց ես միտումնավոր… որևէ մեկը չի կարող։ Եվ ես ճիշտ չեմ համարում տասնյակ միլիոններ ֆուտբոլում ներդրած մարդը կարող է ասենք մի միլիոն դոլար չարաշահի»։
Կարդացեք նաև
Փաստաբանը հիշեցնում է, որ դեռ 2019-ին գործը հարուցելու ժամանակ էին զգուշացրել իրավապահներին` ձախողելու մասին. – «Քրեական գործ են հարուցում մարդիկ, բայց չգիտեն, որ մի օր գալու է ժամանակ, որ 562 միլիոն դրամը… դառնալու է պլուս 84 միլիոն դրամ։ Ախր մենք զգուշացրել էինք, Ռուբեն Հայրապետյանը նաև հարցաքննվեց։ Մենք վարույթ իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրում էինք այն հանգամանքի վրա, որ ձեր բռնած ուղղությունը, հարգելիներս, սխալ է, դուք գնում եք մի տեղ, որտեղից դուրս եք գալու խայտառակ պարտված։ Ինչը պարզվեց երեկ չէ առաջի օրը»։
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: