Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու տեղակալը չեն կալանավորվի

Փետրվար 10,2022 18:57

Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Երեւանի «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու տեղակալը չեն կալանավորվի: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Կոմիտեից մեզ նաեւ հայտնեցին, որ նրանք ընդունել են իրենց մեղքն ու վերականգնել են նաեւ 18 միլիոն դրամ վնասը:

«Նշված պայմաններում նվազել է վերջիններիս` նախաքննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը, ուստի նրանց նկատմամբ քննիչի կողմից ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց»: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին նաև, որ բացի Արմեն Գրիգորյանից և Կարեն Թորոսյանից, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ձեւավորման առաջին իսկ օրվանից հասկացել է, որ նման ծավալի համայնքային հիմնարկը, որը կառավարվում է համայնքային պաշտոնյաների կողմից, չէր կարող արդյունավետ լինել.

«Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց ինձ համար մի բան հստակ է, ինչը ես այդ հիմնարկի ձեւավորման առաջին իսկ օրվանից եմ ասել, չէր կարող այդ հիմնարկն արդյունավետ լինել, չէր էլ կարող տեսանելի լինել՝ արդյոք գումարներն արդյունավետ են օգտագործվում, թե՝ ոչ, որովհետեւ անընդհատ համայնքային միջոցներից լրացուցիչ գումարներ էին հատկացվում աղբահանության հիմնարկին: Ցանկացած պետական մարմին նման ռիսկ ունենում է, երբ տնօրինում է շատ մեծ բյուջեի, կոռուպցիոն ռիսկն էապես մեծանում է, դա առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, ինչը ես չէի ասի մասնավորի դեպքում »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավարների թույլ տված չարաշահումներին:

Մեր զրուցակցի խոսքով, թեեւ  հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վաղեմի մտերիմներ են, բայց այս քրեական գործի հարուցումը դրա հետ կապ չունի. «Որովհետեւ երկար ժամանակ է այդ ուսումնասիրություններն ընթանում են հիմնարկում, այդ չարաշահումների փնտրտուքը,  եւ ինչ-որ պահի, եթե դրանք հաստատվեին իրավապահ մարմինների կողմից, պետք է առաջադրվեր մեղադրանք, ինչը, կարծես թե, եղավ»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է Հայկ Մարությանի հետ մտերմությունն ու «հովանավորչությունն» է այդ հիմնարկի պաշտոնյաներին ոգեշնչել նման լայնամասշտաբ չարաշահումների գնալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կրկին չեմ ցանկանա խախտել անմեղության կանխավարկածը, բայց Մարությանը իր նշանակած պաշտոնյաների գործունեությանը հավուր պատշաճի չի հետեւել, որովհետեւ նույն պատմությունը տեսանք  Երեւան Տրանս ընկերության հետ կապված, երբ հիմնարկի տնօրենը , չարաշահումներ թույլ տալով, քրեական գործի հիմք հանդիսանալով, պարզապես մեկնեց երկրից: Հայկ Մարությանը պարզապես չի հսկել այդ գործընթացները, ու ամեն ինչ էլ կարող էր տեղի ունենալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28