Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործընթացին չենք մասնակցում հերթական անգամ Սահմանադրությունը իշխանության քաղաքական շահերին կարելու մոտեցմամբ». Արթուր Սաքունց (տեսանյութ)

Փետրվար 10,2022 17:49

«Այս գործընթացին չենք մասնակցում հերթական անգամ Սահմանադրությունը իշխանության քաղաքական շահերին կարելու մոտեցմամբ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ վստահեցրեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա հավաստմամբ՝ գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ նաև իր բովանդակությամբ՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական և նաև ինքնիշխան պետության տեսակետից:

Խոսելով իշխանության պատկերացումների մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Ցավոք, իշխանությունը չի գիտակցել, բովանդակային առումով չի ընկալել Սահմանադրության նշանակությունը երկրում արդար կառավարման տեսակետից: Պատահական չէ՝ 2015-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, լինելով ընդդիմության մեջ, գտնում էր, որ Սահմանադրության փոփոխությունը կեղծ օրակարգ է, այն դեպքում, երբ մենք ժամանակին անընդհատ անդրադարձել ենք, որ 2015-ի Սահմանադրության փոփոխությունը բովանդակային առումով որևէ էական տարբերություն չունի նախորդ Սահմանադրության հետ համեմատած»:

Արթուր Սաքունցի փաստմամբ՝ այս Սահմանադրությամբ 19 լիազորություններ, որ ուներ ՀՀ նախագահը, դրանից 17-ը փոխանցվել են ՀՀ վարչապետին առանց խորհրդարանական վերահսկողության: Ըստ իրավապաշտպանի՝ խնդիր ունենք Սահմանադրության նշանակությունը՝ որպես բաձրագույն իրավական, քաղաքական փաստաթղթի հասցնելու հանրային գիտակցության լայն առումով:

Նա, խոսելով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքների ու իրենց՝ այդ աշխատանքների մասնակցության մասին, ասաց. «Չեմ կարծում, որ մենք այս գործընթացին մասնակցում ենք հերթական անգամ Սահմանադրությունը իշխանության քաղաքական շահերին «կարելու» մոտեցմամբ: Նախորդ Սահմանադրության փոփոխության հանրաքվեներն իրապես կեղծված են եղել: Վերջին ընտրությունները՝ 2018-ից հետո իրենց բոլոր խախտումներով հանդերձ՝ անհամեմատելի են մինչև 2018-ի ընտրությունների հետ: Սա փաստ է: ՏԻՄ ընտրությունների հետ կապված լուրջ հետընթաց է եղել, երբ ՏԻՄ ընտրությունների արդյունքները փորձում էին խմբագրել ավագանու ընտրությունների փուլով, բայց քաղաքացիների ընտրության գործընթացը բոլոր խախտումներով, որոնք արձանագրել ենք, իրենք սար ու ձոր են նախորդ ընտրությունների հետ համեմատած»:

Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ էր համարում, իրենք այդ ժամանակ էլ իրենց դիրքորոշումը հայտնել էին սահմանադրական փոփոխությունների մասին, և հիմա այդ հիմքով են մասնակցում գործընթացին. «Նախկինում բոլորը, որոնք հրաժարվել են Սահմանադրության փոփոխություն իրականացնելուց, դա արել են, քանի որ այդ Սահմանադրությունը իրենց հոգեզավակն է եղել: Իրենք էին քարոզում, համոզում, որ դա այն է, ինչ պետք է, այն ժամանակ, երբ մենք դա համարում էինք հակաժողովրդական, միակուսակցական կառավարման համակարգ: Այս սահմանադրությունը չի տալիս իրական մեխանիզմներ հանրությանը, քաղաքական ուժերին, որ կարողանան հակազդել իշխանության որևէ մարմնի չարաշահմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28