Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմ անցած զինվորը մեկ օրում մահացել է՝ հիվանդության պատճառով եւ սպայի անտարբերության արդյունքում. Ժաննա Ալեքսանյան

Փետրվար 10,2022 17:35

«Ո՞վ է սրա համար պատասխանատուն: Իհարկե, պետությունը՝ հանձինս Գլխավոր շտաբի: ԳՇ-ն է զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատուն: Եվ ո՞վ է ԳՇ պետը: Անձ, որը քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ: Հիմա էդ մարդը մտածի իր՝ որպես մեղադրյալի, իրավունքների պաշտպանությա՞ն, թե՞ զինվորական ծառայության պատասխանատվության հարցերով»,- այսօր «Մեդիա կենտրոնում կազմակերպված «Կարգապահությունը ԶՈՒ-ում՝ պատերազմից հետո. ինչո՞ւ են ավելացել զինվորական հանցագործությունները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2021-ին զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվել է 8369 քրեական գործ: 2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, ընդ որում՝ զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվողների կեսից ավելին՝ 199-ը, ժամկետային զինծառայողներ են։

Արթուր Սաքունցը խոսեց պատճառներից, որոնք հանգեցնում են այս իրավիճակին: Նա նկատեց, որ զինվորի համար պատասխանատուն պետությունն է եւ երբ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, ստեղծվում են անվերահսկելի իրավիճակներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո հասարակական կազմակերպություններ-պետական մարմիններ համագործակցությանն էլ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ հիմա էլ այս իշխանությունն է թշնամական վերաբերմունք դրսեւորում, երբ հասարակական մարմինները փորձում են խոսել եւ ներկայացնել բանակում բացերը: Նա օրինակ բերեց, որ 44-օրյա պատերազմն անցած զինվորը մեկ օրում մահացել է հրամանատարի անտարբերության պատճառով, երբ զինվորին անգամ բուժման չեն ուղարկել, մինչդեռ տղան կապի մեջ է եղել ծնողների հետ եւ պատմել է իր վատառողջ լինելու մասին: Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, իշխանությունները երբեք չեն փորձել երկխոսության մեջ մտնել քաղհասարակության հետ այդ հարցերով: Նա տպավորություն ունի, որ բանակի բարեփոխումներին լուրջ մոտեցում չկա եւ ՀԿ-ները իշխանության սեւ ցուցակում են հայտնվել, մինչդեռ, հատկապես պատերազմից հետո, ինքը կարծում էր, որ ինչ-որ բան փոխվելու է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28