Ունենք տպավորիչ աճ ե՛ւ օտարերկրյա, ե՛ւ ուղղակի ներդրումների մասով։ Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա համամիտ չէր այն դիտարկմանը, որ բյուջեի եկամուտներն աճել են միայն գնաճի հաշվին։ Ասաց, որ դրա մասին կարող են հավաստել ներդրումների ցուցանիշները, որոնք 2019 եւ 2020 թվականների տվյալների համեմատ բարելավվել են:
Ըստ պարոն Քերոբյանի, 2021 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5,6-5,8%, իսկ ՀՆԱ-ի անվանական ցուցանիշը 7 տրիլիոն դրամից փոքր-ինչ ցածր է եղել: «Սա 2019-ի ցուցանիշից՝ 6,5 տրիլիոն դրամ, բարձր է։ Սակայն իրական գների մասով չենք վերականգնվել»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, ներդրումներ են իրականացվում նաեւ Սյունիքի մարզում. «Մենք անում ենք ամեն ինչ՝ դրանք ավելացնելու համար»:
Վահան Քերոբյանն ասաց, որ Արագած լեռան լանջին լեռնադահուկային հանգստավայրի կառուցման համար ներդրող ընտրելիս աշխատանքային խումբն առաջնորդվել է Հայաստանի քաղաքացիների, այլ ոչ թե Ֆրանսիայի կառավարության շահերով։ Ասաց, որ ներկայացվել է ընդհանուր երկու նախագիծ, եւ ՀՀ վարչապետի անունից ստեղծված աշխատանքային խումբը կանգ է առել Ռուսաստանից ներդրողի առաջարկի վրա։ Նրա խոսքով՝ մյուս ներդրողը եւս Ռուսաստանից է, բայց ներկայացնում է ֆրանսիական ընկերություն։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Նկարը՝ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» ֆեյսբուքյան էջից