Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյանը՝ Իշխանաձորի մոտ, «Ուրալ» ավտոմեքենայում այրված 17 զինվորների գործից մանրամասներ է ներկայացնում

Փետրվար 10,2022 17:18

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, 44-օրյա պատերազմի պատկերն այժմ ավելի տեսանելի է եւ արտացոլում է այն իրավիճակը, որ ողջ պատասխանատվությունը դրվում է 18 տարեկան զինվորի վրա: «Մեդիա կենտրոնում» այսօր «Կարգապահությունը ԶՈՒ-ում՝ պատերազմից հետո. ինչո՞ւ են ավելացել զինվորական հանցագործությունները» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձ եղավ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը՝ 2021-ին զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվել է 8369 քրեական գործ, 2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Ավարտված քրեական գործերով, որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, ընդ որում՝ զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվողների կեսից ավելին՝ 199-ը, ժամկետային զինծառայողներ են․ իրավապաշտպանը համաձայնվեց գործընկերոջ հետ, որ փորձ է արվում ողջ բեռը դնել 18-ամյա զինծառայողների ուսերին:

«Վատ վերաբերմունք կա զինվորի նկատմամբ, շատ վատ վերաբերմունք: Ով ինչպես կարողացել է, զինվորի հետ վատ է վարվել: Երբ մահվան լուրերը ստանում էինք պատերազմի ժամանակ, մենք չէինք պատկերացնում, որ զինվորները զոհվում են խմբերով եւ մեծ խմբերով, ավտոբուսներում, «Ուրալ» մեքենաներում, նրանց ուղարկում էին ինչ որ գործողության, էդ 75-ը՝ Հադրութում, արդեն գրավված տարածք… սա է իրավիճակը. նրանց կարող էին տանել եւ թողնել մի տեղում, հետո չգնալ նրանց հետեւից: Ունենք Շուշիում մի տեղամասում, որտեղ կոնկրետ 44-ն են ողջ մնացել: Շատ տեղեկություններ կան, որ հրամանատարները ինչպես էին լքում… Այսինքն, զինվորի հետ վատ էին վերաբերվում: Շատ ծնողներ այդպես են ասում, որ զինվորին օգտագործել են իբրեւ ռեսուրս, իբրեւ «թնդանոթի միս» իրենց բառերով եմ ասում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նա բերեց օրինակ, թե ինչպես է քննչական մարմինը գործում երբ կոնկրետ սպան մեղավոր է եւ պատասխանատու է զինվորների մահվան համար. «17-ի գործ է կոչվում: Իշխանաձորի մոտ, «Ուրալ» ավտոմեքենայում այրված զինվորների գործն է, սարսափելի, ողբերգական դեպք: Կան երեք հոգի ականատես վկաներ. 18 զինվորից մեկը ողջ է մնացել, ողջ է մնացել նաեւ զինվորներից մեկի հայրը, ով գնացել էր որդուն այցելության, մեքենան էլ նրանն էր եւ մի զինվորը մեքենայի պատուհանից դուրս է թռել՝ լսելով ԱԹՍ-ի ձայնը: Մինչ այդ, ԱԹՍ-ի ձայնը լսվել էր եւ հենց այդ զինվորի հայրն է հրամանատարին ասել, որ պետք է բացազատել, որ ամենքը տեղանքում թաքնվեն: Հրամանատարը պատասխանել է, որ դա ՀՕՊ-ի գործն է ու հրամայել է, որ բոլորը նստեն մեքենան ու այդպես, նրանք բոլորը, հինգ րոպե հետո զոհվել են: Այդ հրամանատարը հիմա ազատության մեջ է, նրան երկու ամսով կալանավորել են, հետո ազատ են արձակել եւ դատախազությունն անգամ բողոք չի բերել, որ այդ սպային նորից կալանավորեն»:

Ըստ իրավապաշտպանի, ՊՆ-ից անգամ ծնողներին փորձել են համոզել, թե՝ «լավ, դեպք է, եղել է», կամ եղել են դեպքեր, երբ հրամանատարին շնորհել են մեդալներ, կոչումն են բարձրացրել: Այսինքն, իրավապաշտպանի եզրահանգմամբ, այն դեպքում, երբ մենք ունենք բազմաթիվ անմեղ զոհեր, ՊՆ-ի եւ Քննչական մարմինների մոտեցումն այն է, որ զինվորը պետք է զոհվի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28