Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդվում է 18 տարեկան զինվորների վրա». Նինա Կարապետյանց

Փետրվար 10,2022 17:00

ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2021-ին զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվել է 8369 քրեական գործ:

2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Ավարտված քրեական գործերով, որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, ընդ որում՝ զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվողների կեսից ավելին՝ 199-ը, ժամկետային զինծառայողներ են։

«Մեդիա կենտրոնում» այսօր «Կարգապահությունը ԶՈՒ-ում՝ պատերազմից հետո. ինչո՞ւ են ավելացել զինվորական հանցագործությունները» թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնալով այս վիճակագրությանը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն ասաց, որ իրականում թվային տվյալներով ներկայացնելը շատ հարմարավետ իրավիճակ է ստեղծում վարույթ իրականացնող մարմնի, դատախազության եւ մյուս պետական օղակների համար, քանի որ շատ հեշտ է խոսել մեծ թվերով: Իսկ թե այդ գործերն ինչո՞վ են ավարտվում, ի՞նչ արդյունքներ են լինում, դրա մասին խոսում են միայն իրավապաշտպանները, փաստաբանները, ովքեր զբաղվում են այդ գործերով:

Նինա Կարապետյանցը թեեւ հակված է պաշտոնական տվյալներին չհավատալ, բայց ներկայացված թվերն, ըստ նրա, վկայում են,  թե կրկին ունենք մի իրավիճակ, երբ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդվում է 18 տարեկանների վրա: Այս ավանդույթը՝ պատերազմից սկսած ամբողջ բեռը, վերջացրած բանակում առկա իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, դնել 18 տարեկան զինվորների վրա, թե բարոյական, թե պրոֆեսիոնալ առումներով նա նորմալ չի համարում: Իր գնահատմամբ, դա վկայում է հենց այդ համակարգի հիվանդ լինելու մասին:

Իշխանությունն այժմ խոսում է բանակում բարեփոխումների մասին. իրավապաշտպանը ենթադրում է, որ դրանք իրականացվելու են մինչեւ այժմ իրականացված կամ չիրականացված բարեփոխումների նման, հետեւաբար՝ նա արդյունք չի ակնկալում: Նինա Կարապետյանցը որեւէ տեղաշարժ չի տեսնում ոչ 15 տարի առաջ եղած սպանությունների, ոչ վերջին սպանությունների գործերով եւ չի տեսնում, որ պետությունն իրականացրել է իր գործառույթը՝ հաստատելով արդարադատություն:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28