Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ժողովրդավարությունից, ասաց. «Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս, տեսե՞լ եք»:
Այս հայտարարությունը քննարկումների տեղիք է տվել, քանի որ հեղափոխությունից հետո ԱԺ միջանցքներում լրագրողներին տեսնող, անգամ ձեռքով բարեւող Փաշինյանը շատ արագ մեկուսացվեց նույն լրագրողներից արգելապատնեշներով։
Կարդացեք նաև
Իսկ պատերազմից հետո արդեն ԱԺ շենքում դիպուկահարներ տեղակայվեցին, անվտանգության մեծ քանակի աշխատողներ եկան, դարպասները զոդվեցին ու լուսաձայնային նռնակներ տեղադրվեցին:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին՝ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ Դեմիրճյան փողոցով Նիկոլ Փաշինյանն անցնում է ու մեքենայի միջից անվտանգության աշխատողն ավտոմատի փողն ուղղում է դեպի ժողովուրդը, մեկնաբանություններ էին հնչում, որ որեւէ տարբերություն չկա՝ դա Նիկոլ Փաշինյա՞նն է, թե՞ իր անվտանգության աշխատողը՝ նա պատասխանեց. «Դուք տեսել եք ավտոմատի փողը, շատ բնական է, անվտանգության աշխատողները զինված են եւ իրենք ունեն հստակ գործառույթ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը երբեք ավտոմատով ժողովրդի առաջ հանդես չի եկել: Ինքը կոնկրետ նշեց, թե ինչի համար է դա հնչեցնում: Բոլորն էլ հասկացան՝ ինչի մասին է խոսքը: Եվ հիմա դուք ուզում եք ասեք, որ մեքենայի միջով ավտոմատը, դա ժողովրդի դեմ ուղղված չէր չէ՞, հաստատ: Փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա, ինչ ասես կա: Ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա կիրառել: Տա Աստված, դրա անհրաժեշտությունը չլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ