Հայաստանի նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում ժողովրդավարությունը միջազգային բրենդ լինելու տեսակետի ֆոնին երկրում իրականացվող մարդու իրավունքների խախտումների, ձերբակալությունների ու կալանավորումների մասին՝ ասաց. «Արդյոք մեր իրականությունը կարելի՞ է համարել ժողովրդավարական: Կարծում եմ, նույնիսկ շատ վառ երեւակայության պարագայում դժվար է այդպիսի պնդում կատարել: Սա լոկ իմ կարծիքը չէ: Վերցրեք փորձագետներին, ընդ որում, ոչ՝ հայ եւ ոչ էլ՝ ռուս: Փորձեք կարդալ, վերլուծել, թե մարդիկ ինչ են ասում: Ժողովրդավարության ամենամեծ, կարեւորագույն խարիսխը իրավունքի գերակայությունն է: Իրավունքն է առաջնային, քաղաքացու իրավունքը: Սրանով է պայմանավորված ժողովրդավարությունը, քաղաքացու իրավունքի գերակայությունը:
Եվ երբ ասում են՝ մենք հայտարարում ենք իրավունքի եւ օրենքի դիկտատուրա, սկսում եմ զարմանալ: Դիկտատուրա չի կարող լինել ժողովրդավարական որեւէ դրսեւորմամբ: Դիկտատուրան ինքնին պարտադրանք է, ուժի եւ բռնության կիրառում:
Եկեք համաձայնենք, որ ժողովրդավարություն նշանակում է նախ եւ առաջ իրավունքի գերակայություն, երկրորդ՝ ժողովրդի, հանրության ուղղակի կամ անուղղակի մասնակցություն պետական կառավարման, հանրային կյանքի կարեւորագույն որոշումների կայացման գործընթացին: Այս ամենը երաշխավորելու համար դեռեւս 18-րդ դարում ֆրանսիացի լուսավորիչները առաջ քաշեցին մի շատ կարեւոր առանցքային դրույթ՝ պետական իշխանության կազմակերպման: Դա իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքն է, երբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները գործում են ինքնուրույն, մեկը մյուսից չկախված եւ յուրաքանչյուրն իր ոլորտում ներկայացնում է պետությունը՝ պետության հետաքրքրությունները, պետության շահերը: Արդյոք Հայաստանում այսօր այդ երեւույթը կա՞:
Այն պահից, երբ վարչապետի հայտարարությամբ շրջափակվեցին դատարանները, այդ պահից սկսած մեզանում արդեն որպես դատարան, անկախ դատական իշխանություն, այլեւս գոյություն չունի: Այսօր հասել ենք նրան, որ դատավորը վճիռ է կայացնում եւ հաջորդ օրը այդ դատավորին իր կոլեգան կալանքի սանկցիա է տալիս:
Կարդացեք նաև
Չի կարող լինել մի երկիր, որտեղ չկա դատական իշխանության անկախություն, այդ երկրում խոսել ժողովրդավարության մասին: Դա բացառված է»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ