ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել գրահրատարակչական ոլորտը: Ի թիվս այլնի. առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, գրականության, գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի և ժողովածուների, ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ ԳԱԱ-ի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների և այլ ցանկացած տեսակի գրականության, ինչպես նաև թերթերի և ամսագրերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը: Հրատարակիչների հետ արդեն եղել են հանդիպումներ, լսվել են նրանց տեսակետներն ու մտահոգությունները:
Aravot.am-ի հետ զրույցում «Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանը դրական գնահատեց նման նախաձեռնության գոյությունը, միեւնույն ժամանակ էլ ընդգծեց. «Իհարկե, շատ լավ նախագիծ է, բայց առաջին անգամը չէ: 1000-րդ անգամ ասվում ու խոսվում է, սակայն ոչ մի կերպ սայլը տեղից չի շարժվում»:
Խաչիկ Վարդանյանի խոսքով. «Եթե օրինագիծն անցնի, անպայման կտա իր պտուղները, բայց կանցնի՞, թե՞ ոչ` չգիտեմ: Շատ հարցեր կան։ Օրինակ, տրամաբանական չէ, որ մենք հարկվում ենք 20%-ով, խոսքը մանկական եւ ուսումնական գրականության մասին է, որոնք ազատված են ԱԱՀ-ից, իսկ քաղաքակիրթ աշխարհում շատ ավելի քիչ են հարկվում, կամ ընդհանրապես չեն հարկվում: Մտածում ես` ինչո՞ւ մենք ավելի զարգացած ենք,արտադրությունը մեզ մոտ ավելի զարգացա՞ծ է, որ այդպես են հարկում:
Կամ ասենք, մենք պետք է դիմենք նախարարությանը, որ փորձաքննությամբ պարզի` գիրքը մանկակա՞ն է, թե՞ ոչ: Ինչի համար: Եթե գրողը մանուկների համար է գրում, ու ենթադրենք նախարարությունը դա մանկական գիրք չի համարում, բայց չէ՞ որ միեւնույն է` դա վաճառվում է եւ գնում են մանուկների համար: Հազար ու մի նման հարց կա»:
Կարդացեք նաև
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալը հայտնեց. «Եթե սահմանին կոնկրետ ներմուծվող նյութերի ԱԱՀ-ն հանվի, դա շատ կնպաստի ինքնարժեքի փոփոխությանը, քանի որ կան գրքեր, որոնց իրացումն արդեն ազատված է ԱԱՀ-ից, բայց քանի որ ներմուծման պահին նյութերի վրա հարկ է վճարվում, այդ հարկը ներառվում է ինքնարժեքի մեջ: Ու եթե ներմուծման պահին նյութերի համար չվճարվի, ԱԱՀ-ի այդ չափն էլ չի ընդգրկվի մանկական եւ ուսումնական գրքերի արժեքում: Դա նաեւ կնպաստի տեղական արտադրության զարգացմանը, քանի որ ստացվում է, որ ավելի ձեռնտու է պատրաստի գիրք ներմուծելը արտերկրից, քան Հայաստանում տպագրելը: Այսինքն՝ հայաստանյան տպարանները մրցունակ չեն արտերկրի տպարանների համեմատությամբ, իսկ եթե նյութերը ներմուծվեն առանց ԱԱՀ-ի, արդեն մեր տպարանների մրցունակությունը կբարձրանա»:
Նա հաջորդ խնդրին էլ անդրադարձավ` փորձաքննությամբ որոշելուն` գիրքը մանկակա՞ն է, թե՞ ոչ. «Մի քիչ անհասկանալի է, թե այդ գործընթացը ոնց պետք է կազմակերպվի, քանի որ Կրթության ազգային ինստիտուտը լուծարվել է, եւ չկա լիարժեք փոխարինող մարմին, ում կարելի է դիմել գրքերը հաստատելու համար: Հրատարակիչները տարբեր կերպ են վարվում, երբեմն իրենք են որոշում՝ սա մանկական է, կամ նախարարությանն են անհանգստացնում, նախարարությունը երկարատեւ շրջանում է պատասխան տալիս, կամ նախարարության համար էլ է տարօրինակ համարվում այդ գործընթացը: Հիմա կարծես քայլ է արվում հստակեցնելու այդ ամենը»: Նա հավելեց, որ նախագիծը չի տեսել, բանավոր քննարկում է եղել, ինքը երկրից բացակայելու պատճառով հասցրել է միայն մեկ հանդիպման ներկա գտնվել:
«Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանի ձեւակերպմամբ, պատգամավորի հեղինակած նախագիծը լավն է: «20 տարուց ավելի մեր գրքի շուկայում խառը վիճակ է. մանկական, դպրոցական գրականությունն ազատվել են ԱԱՀ-ից, իսկ գեղարվեստական գրականությունը չի ազատվել: Հիմա 2017թ օրենք են հանել, որպեսզի դու կարողանաս մանկական գրականությունը ազատել հարկից, պետք է կրթության նախարարությունը ասի, որ օրինակ, Թումանյանի այսինչ ստեղծագործությունը մանկական է…Մի խոսքով,եթե օրենքն անցնի, այս եւ այլ խնդիրները կլուծվեն: Ցավոք, խնդիր է նաեւ անհրաժեշտ հումքի ներմուծումը, որը ներառվում է ինքնարժեքի մեջ, եթե այն սահմանին չհարկվի, ամեն ինչ այլ կլինի»:
Մկրտիչ Կարապետյանը կարծում է, որ օրենքի ընդունումից հետո Հայաստանում տպագրվող գրքի գինը կիջնի ամենաքիչը 10-15%-ով: Հավելեց, որ մի քանի հանդիպում ունեցել են այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված, եւ հույս ունեն, որ ամեն ինչ դրական հանգուցալուծում կստանա:
Նշենք, որ Հրատարակիչների միջազգային ասոցիացիացիայի 2015թ զեկույցի համաձայն` 30-ից ավելի պետություններում, ինչպիսիք են, օրինակ, Կանադան, Լիբանանը, Հորդանանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Նորվեգիան, Հարավային Ամերիկայի երկրները` տպագրված գրքերի համար սահմանվում է 0% ավելացված արժեքի հարկ։ Մի շարք այլ երկրներում էլ, ինչպիսիք են, օրինակ` Սինգապուրը, Ճապոնիան, Թայլանդը, Իռլանդիան, Բելգիան, Կիպրոսը, տպագրված գրքերի իրացման համար սահմանված է ավելացված արժեքի հարկի արտոնություն` դրա նվազեցման դրույքաչափի կիրառման միջոցով։ Ռուսաստանում հրատարակիչների համար արտոնյալ պայմաններ են սահմանվել 2020թ-ից, որով հրատարակչական գործունեության դեպքում ԱԱՀ-ն 10% է, Թուրքիայում գրքերի համար ավելացված արժեքի հարկը սահմանված է 8%: Վրաստանում և Ադրբեջանում նույնպես հարկային արտոնյալ պայմաններ են սահմանված հրատարակիչների համար:
Բացի այդ, Եվրոպական միությունում 2018թ հոկտեմբերի 2-ի փոփոխություններից հետո ԵՄ անդամ մի շարք պետություններ գնացել են ձեռագիր, տպագիր եւ աուդիոգրքերի համար նախատեսված ԱԱՀ-ի նվազեցման ճանապարհով։ Իսկ արդեն 2019 թվականի սեպտեմբերին Լեհաստանում ստորագրվել, իսկ 01.11.2019թ ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով նվազեցվել է էլեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ԱԱՀ-ն 23%-ից մինչև 5% ։ 2020թ հունվարից Սլովենիայում գրքերի իրացման հետ կապված ԱԱՀ-ն 22%-ից իջավ 9.5%:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի տեսակետը` հաջորդիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ