Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը կնվազի, բայց շատ արագ կվերականգնվի. Քերոբյանը՝ ծխելու արգելքի մասին

Փետրվար 10,2022 15:03

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հաշվարկե՞լ են տնտեսական ռիսկերը, թե ծխելու վերաբերյալ կանոնակարգումները խստացնելուց հետո ինչ վնասներ է կրելու տնտեսությունը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այս ճանապարհով արդեն անցել են շատ երկրներ, եւ արդյունքները դրական են եղել, որովհետեւ այդպիսի սահմանափակումների ներդրման հաջորդ մեկ-երկու ամիսը հանրային սննդի օբյեկտների շրջանառությունն ընկնում է, բայց շատ արագ էլ վերականգնվում է։ Եթե բնակչության, հասարակության մի մասի համար ծխելը առավելություն է, մյուս մասի համար, այդ թվում նաեւ զբոսաշրջիկների, հանրային սննդի օբյեկտներում ծխելը տհաճ է: Նույնիսկ ծխողներն են մեծ տհաճությամբ մտնում այն ռեստորաններ, որտեղ ծխել կարելի է»:

Պարոն Քերոբյանն ասաց, որ 4 տարի առաջ ինքը թողել է ծխելը. «Մինչեւ այդ ծխում էի երեք տուփ ծխախոտ օրական, բայց, երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելն արգելված էր հանրային օբյեկտներում, ինձ մոտ ստացվում էր ծխել ընդամենը մեկ տուփ։ Միջավայրը ստիպում էր, որ ծխողները ավելի քիչ ծխեն։ Օրվա վերջում, երբ ավելի քիչ ես ծխում, քեզ ավելի լավ ես զգում։ Դրանով մենք նաեւ ծխողներին ենք օգնում ավելի քիչ ծխել եւ իրենց ավելի լավ զգալ»:

Նախարարն ասաց, որ ռեստորանատերերը կողմ են ծխելու արգելքի որոշմանը փակ տարածքներում, բայց դժգոհություն ունեն բացօթյա ծխելու արգելքի վերաբերյալ:

Նա պարզաբանեց նաեւ, որ ծխախոտի արտադրանք՝ այդ թվում սիգար վաճառող մասնագիտացված խանութները չեն փակվի, այլ կարգելվի դրանց ցուցադրումը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28