Երկակի ստանդարտներ են կիրառվում, դատավոր Բորիս Բախշիյանը քրեական հետապնդման է ենթարկվում իր կայացրած որոշման համար, բայց մյուս կողմից՝ պատգամավորներին հակասահմանադրական ճանապարհով կալանքի տակ պահած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ չեն հարուցվում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այս առնչությամբ հարցին, որ Բախշիյանի իրավունքների խախտում է արձանագրել անգամ Մարդու իրավունքների պաշտպանը՝ պատասխանեց. «Հետաքրքրական է, երբ որ մենք բարձրացնում էինք պետական ծառայողների, այդ թվում՝ պատգամավորների պաշտպանության հարցը, Մարդու իրավունքների պաշտպանն ասում էր, որ դա իր գործառույթներից դուրս է: Հիմա պարզվում է, որ իր գործառույթների շրջանակո՞ւմ է»:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը՝ պատգամավորներին կալանքի տակ պահելու մասին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «ՍԴ-ի որոշումը հետադարձություն չունի: Երկու դեպքում է այն հետադարձություն ունենում, երբ խոսքը վերաբերում է քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող նորմի հակասահմանադրական ճանաչելուն»:
Ըստ Վլադիմիր Վարդանյանի, այս պարագայում դատավորը չի իմացել, որ դա հակասահմանադրական է այնքան ժամանակ, մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում է կայացրել, ուստի այստեղ կարգապահական պատասխանատվության մասին խոսելն ավելորդ է:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է դատավոր Բախշիյանին, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա իր լիազորությունները ու այն պատասխանատվությունը, որը նախատեսվում է՝ այդ լիազորությունները խախտելու համար. «Այո, դատավորները ՀՀ-ում պետք է անկախ լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունից, բայց դատավորը չի կարող անկախ լինել օրենքից, պետականությունից ու պետությունից, եկեք դա ֆիքսենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ