Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում են՝ էս երկրում արդարություն չկա, իսկ դուք բռնում եք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում. Վարչապետ

Փետրվար 10,2022 14:21

Նման հարցերը շատ զգայուն են եւ ունեն հանրային զգայունություն: Այսօր կառավարության նիստում անդրադառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացրած նախագծին, որով կբարձրացվեն քննիչների, դատախազների ու դատավորների թոշակները, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախարարը հայտնեց, որ այդ նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաեւ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն ու կարգավորումը:

Փաշինյանի խոսքով, բոլորովին վերջերս մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում այդ հարցի վերաբերյալ նրանք կարծիք են հայտնել. «Հանդիպման մասնակիցներից մեկը ասաց՝ էս երկրում արդարություն չկա, արդարադատություն չկա, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք բռնում եք՝ դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում»:

Ըստ վարչապետի, սա շատ կարեւոր արձանագրում էր. «Ես ասացի, որ հենց ձեր նշած պատճառով է, որ մենք այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետեւ մենք խնդիր ենք դրել ինստիտուցիոնալ կայացում տեղի ունենա, որովհետեւ, երբ մենք դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, մենք այդ համակարգը ինչքան իրանց համար ենք ստեղծում, այնքան էլ ձեզ համար ենք ստեղծում: Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին: Սա ուղիղ ազդեցություն ունի ոչ միայն թոշակի անցած, այլեւ այսօր գործող քննիչների, դատավորների, դատախազների վրա, որովհետեւ նաեւ իրենք ամեն օր վաղվա օրվա մասին էլ են մտածում: Եթե կան որոշակի սոցիալական երաշխիքներ, դա չի կարող չազդել իրենց աշխատանքի որակի ու արդարադատության համակարգի որակի վրա»:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հավելեց, որ դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացում. «Այո, քաղաքացիները, ցավոք սրտի, իրենց կյանքում հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի, վատ քննիչի ու այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը ու շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28