Հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:
Այս խնդրի մասին արդեն մեկ շաբաթ է՝ աղաղակում է մամուլը, սոցցանցերում մտահոգություններ են հնչում: «Արտահանողների միության» նախագահ Րաֆֆի Մխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես անդրադարձել է խնդրին ու ասել, որ «ոչ միայն մածունը, այլ նաև սապերավի խաղողի գինին՝ արտադրված Հայաստանում, չեն կարողանում արտահանել Ռուսաստան, բացի այդ, մեր քաղցր սուջուխը (չուրչխելա)-ն՝ նույնպես»: Վերջերս Ռուսաստան տանելիս բեռնատարները կանգնեցրել, չեն թույլատրել տանել ՌԴ: Խնդրի մասին արձագանքել էր նաեւ էկոնոմիկայի նախարարությունը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ֆեյսբուքյան գրառում էր արել ու ասել, որ չի բացառվում՝ մի օր էլ պահանջեն վճարել՝ «մածուն» տերմինն օգտագործելու համար:
Բայց այսօր, երբ ԱԺ ճեպազրույցների ժամանակ իշխանական պատգամավորներին լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ խնդիրը լուծելու ուղղությամբ, մեր ազգային արժեքները հարեւանները գրանցում են իրենց անունով, հաշտ ապրե՞լ սրա հետ՝ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այն տեղեկատվությունը, ինչ տալիս են, բավարար չէ մեկնաբանելու համար, որովհետեւ հարց է՝ որտե՞ղ են գրանցվել, ի՞նչ անվանումով, վրացականի պարագայում «մացունի» է. «Տվյալ տեղեկատվությունը պետք է ճշտենք…ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ցանկում ընդգրկվելը դեռեւս ոչ մի արձագանք ապրանքային նշանների կամ անվանումների հետ կապված չի առաջացնում: Սա պարզապես ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ ներառված հերթական երեւույթներից մեկն է»:
Կարդացեք նաև
Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, թե մեկ ֆեյսբուքյան ստատուսի մակարդակում է դրանից տեղյակ, ավելի տեղեկություններ դրա վերաբերյալ գոյություն չունեն. «Խոսքը այս դեպքում ֆեյսբուքյան գրառում էր մեկ արտադրող ընկերության, մեկ տեսակ ապրանքանիշի մասին եւ ընդամենը մեկ դեպք, որ հանդիպել էր ռուսաստանյան խանութներից մեկում: Սրա վերաբերյալ պաշտոնական որեւէ տեղեկատվություն առկա չէ»:
Մինչդեռ պաշտոնական տեղեկատվություն կա՝ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը «Արմենպրեսին» ասել է․ «Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի հանրապետության համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել»։
Իսկ Անդրանիկ Քոչարյանը հերքեց. «Պարոն Բագրատյանը ուրիշ գրառում չէ՞ր արել դարակազմիկ: Պարոն Բագրատյանից դուք պարզեք, որովհետեւ ձեզ համար ամենալուրջ հարցը յոգուրտ է, մածուն է, հույները ինչ կասեն, մենք ինչ կասենք…Պարոն Բագրատյանը, կարծում եմ, շատ լավ կմեկնաբանի»:
Վլադիմիր Վարդանյանն էլ վստահեցրեց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը տնտեսվարման հետ որեւէ կապ չունի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ