«Սա կարեւոր ներդրում է մարդկային կապիտալի եւ, մասնավորապես մարդկանց առողջության մեջ»,-կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը: Կառավարությունն այսօր հաստատեց այն:
Նախարարն ասաց, որ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանափակումները հերթով ուժի մեջ են մտնում. «Հաշվի առնելով, որ ծխախոտի փոխարինիչների ինդուստրիան շատ նորարական է, անընդհատ ավելանում են արտադրատեսակները, մեր խնդիրն է արագ արձագանքել եւ նոր արտադրատեսակների վրա նույնպես տարածենք տեխնիկական կանոնակարգերը: Այս առաջարկով մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը»: Վահան Քերոբյանի խոսքով, այդ կանոնակարգումներով, ամբողջությամբ կազատվի մարդկանց տեսադաշտը ծխախոտային արտադրատեսակներից:
Ասաց, որ այս հարցում առողջապահության նախարարությունը եւս կարեւոր դեր է ունեցել:
Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից արգելվել է խանութներում ծխախոտի ցուցադրությունը, գովազդը, որպեսզի մարդու աչքը չտեսնի ծխախոտի վաճառք եւ գովազդ:
Կարդացեք նաև
Նիստում մանրամասնեցին, որ խախտումների համար նախատեսված են բարձր տուգանքներ, եւ որ այդ ամենը վերահսկելու են 3 տեսչական մարմիններ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ մասնագիտացված ծխախոտի խանութներում ո՞նց է իրականացվում վաճառքը, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, թե կապ չունի՝ որտեղ է, այդպիսի խանութների համար չկա առանձին կարգավորում:
Նախքան Արարատ Միրզոյանին ձայն տալը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արարատ Միրզոյանը «պատրաստվում է ծխելը թարգել»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի ե՛ւ բաց, ե՛ւ փակ վայրերում ծխելու արգելքը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այդ կարգավորումներն արդեն իսկ ուժի մեջ են մտնել բժշկական հաստատություններում կամ աշխատավայրերում: Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից, սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից կա մահացության բավական բարձր բեռ ու այս բոլոր սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն ու ապագա սերնդին՝ երեխաներին պաշտպանելուն:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե հանրային սննդի բաց տարածքներում, բացօթյա սրճարաններում ծխելու արգելքն անտրամաբանական է: Նրա խոսքով, նույն տրամաբանությունն է՝ ինչ փակ տարածքներում՝ մարդկանց օգնել, աջակցել, որ ավելի քիչ ծխեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ